Պապիկյանը չի կարող իմ երեսին նայել, ասել՝ ճիշտ եմ արել, քեզ ազատել եմ․ զինվորական

Պապիկյանը չի կարող իմ երեսին նայել, ասել՝ ճիշտ եմ արել, քեզ ազատել եմ․ զինվորական

«Հրապարակի» զրուցակիցն է 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

- Գեղարքունիքի մարզում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի հետևանքով աշխատանքից ազատվածների մեջ նաև Դուք եք։

- Ես բանակային կորպուսի շտաբի պետն եմ եղել՝ ինձ հեռացրել են պաշտոնից։ 

- Հեռացման պատճառը ո՞րն է։

- Ես ոչ մի տեղ այդ հարցում ոչ վկա եմ, ոչ էլ մեղադրյալ, պատճառաբանում են իմ հեռացումը երկարամյա ծառայության ստաժի ձեռքբերումով։

- Այսինքն, թոշակի անցնելու ժամանա՞կն էր։

- Ոչ, նման բան չկար, ես պայմանագիր ունեմ մինչև 2026 թվականը։ Պարզապես Պապիկյանն այդպես է որոշել, այդպես է ուզում տանել ամեն ինչ, իբր իմ թոշակի անցնելու ժամանակն էր և ինձ զորացրել են։ Բայց այդ դեպքը հունվարի 19-ին է եղել, ես ամսի 17-ից հոսպիտալում պառկած՝ ինձ ամսի 19-ին պաշտոնից հեռացրել են։

- Ուզում եք ասել` Ձեզ քավության նոխա՞զ են դարձրել, ցույց տալու համար, թե պատժում են մեղավորներին։

- Այո։ Ես ի պաշտոնե 13-րդ պատասխանատու մարդն եմ, 14-րդ պատասխանատու մարդը կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանը, որը նույնպես ազատվեց պաշտոնից, ով նույնպես ավարտել է Ռուսաստանի գլխավոր շտաբի ակադեմիան, չգիտեմ ինչ կպցրեցին մեզ, թե քաղաքական աստառ տվեցին հարցին, չգիտեմ՝ հանեցին։ Աստված իրենց հետ, բայց դատի եմ տվել, սպասում եմ դատավարության ավարտին, անընդհատ ձգձգվում է դատը։ Պաշտոնում վերականգնվելու համար եմ դատի տվել։

- Ո՞ւմ որոշումն էր դա:

- Միգուցե դա Պապիկյանի որոշումն էր, որ մեզանից ազատվի՝ ես չեմ կարող ասել։

- Ինչո՞ւ պիտի Պապիկյանն ուզենար Ձեզանից ազատվել։

- Դե երևի փորձառու զինվորականներ պետք չեն իրենց։ Ամբողջ Հայաստանում մի քանի հոգի ենք գլխավոր շտաբի ակադեմիան ավարտել Ռուսաստանում, այսօր արդեն չորսս բանակից հեռացվել ենք։

- Լուրեր էին պտտվում, որ այս իշխանությունները փորձում են բանակից հեռացնել ռուսական կրթություն ստացած ու հետևաբար ռուսական բանակի հետ կապեր ունեցող զինվորականներին։

- Չեմ կարծում, որովհետև այսօր ռուսական բուհեր ավարտած շատ մարդիկ կան, չեմ կարող ասել իշխանություններն են, թե Պապիկյանը։ Միգուցե այդ մասին վարչապետն անձամբ տեղյակ չի, միգուցե հենց Պապիկյանի մտահղացումն է՝ չեմ կարող ասել։ Պապիկյանը մինչև հիմա չի կարողանում ինձ պատասխան տալ, թե ինչի համար է ինձ ազատել։ Երեսուն տարվա իմ ծառայությունը պղծել են` ինձ զորացրել են, բոլոր պատերազմներին մասնակցել եմ, ինքս Մոսկվայից 2020 թվականին գլխավոր շտաբի ակադեմիան թողել եմ, փախել, եկել մասնակցել եմ Կարմիր Շուկայի պատերազմին, հետ եմ գնացել, վերադարձել եմ` 2022 թվականին մասնակցել եմ՝ արժանացել եմ այս բախտին։ Պապիկյանը չի կարող իմ երեսին նայել, ասել՝ ճիշտ եմ արել, քեզ ազատել եմ։ Չգիտեմ անունն ինչ են դրել մեզ ազատելու՝ միգուցե մեզ էլ են անվանում հինգերորդ շարասյուն: Չգիտեմ հինգերորդ շարասյունը որն է։