Նիգերի դեմ ճնշումը մեծանում է․ ԵՄ-ն պատժամիջոցներ է նախատեսում

Նիգերի դեմ ճնշումը մեծանում է․ ԵՄ-ն պատժամիջոցներ է նախատեսում

ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի 31-ին իսպանական Տոլեդոյում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն Նիգերում ստեղծված իրավիճակի պատճառով պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է El Pais-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ այդմ, ԵՄ-ն համակարգված արձագանք է փնտրում աֆրիկյան երկրում ստեղծված ճգնաժամին։
«Մենք պետք է որոշում կայացնենք Նիգերին, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրներին համակարգված և հետևողական աջակցության ռազմավարության մասին՝ հաշվի առնելով ներկա հանգամանքները», - ասել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ համայնքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներին ուղղված նամակում։

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, այս համակարգված պատասխանը պետք է ներառի «զարգացմանն ուղղված աջակցություն, անվտանգության ոլորտում համագործակցություն և ֆինանսական աջակցություն»։ Բորելը և Ալբարեսը նաև ակնկալում են «ընդհանուր ռազմավարություն՝ ցանկացած հնարավոր աջակցության համար, որը կարող է պահանջել Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքը (ECOWAS)»: Բրյուսելը գերադասում է, որ ECOWAS-ի երկրները ղեկավարեն հեղաշրջման դեմ միջազգային արձագանքը։ Ւ դեպ, այդ համայնքի երկրներն արդեն պայմանավորվել են Նիգերում համատեղ ռազմական գործողություններ սկսելու շուրջ։

Հրատարակության համաձայն՝ Նիգերում ստեղծված իրավիճակը կքննարկվի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Այն կանցկացվի Իսպանիայում, որը նախագահում է ԵՄ խորհուրդը։ Թերթի տվյալներով՝ ԵՄ-ն կասեցրել է Նիգերին գրեթե 300 մլն եվրոյի չափով բյուջետային օգնությունը, ինչպես նաև անվտանգության ոլորտում բոլոր համագործակցությունները։ Սակայն Բրյուսելը դեռ չի նախատեսում հրաժարվել մարդասիրական օգնությունից։