Սա վերջին հնարավորությունն է. Ֆիդանի ելույթը՝ Շվեյցարիայի համաժողովում
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե դրան մասնակցեր Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը` ելույթ ունենալով շվեյցարական Բուրգենստոկ քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
«Մեր առջեւ դրված է ուկրաինական խաղաղության ծրագիրը, Ռուսաստանը վերջերս որոշ պայմաններ է հայտնել: Չնայած ուրվագծված պայմաններին, դրանք կարեւոր քայլեր են այն համատեքստում, թե որտեղից կարող ենք սկսել շարժվել [խաղաղ կարգավորման հարցում]:
Այս խորհրդաժողովը կարող է լինել կամրջի դիմացի ճանապարհը թեքելու վերջին հնարավորությունը և պետք է շեշտեմ, որ այս գագաթնաժողովը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե մյուս կողմը` Ռուսաստանը, ներկա լիներ այստեղ»,- ասել է Ֆիդանը։
Թուրք նախարարը նշել է, որ Պուտինի ներկայացրած խաղաղության նոր առաջարկները «հույսի շող» են, սակայն, նրա կարծիքով, հակամարտությունը սրվելու միտում ունի։
«Այս պատերազմը կարող է դուրս գալ Ուկրաինայի սահմաններից»,- ընդգծել է նա։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում դրա լուծման համար ուկրաինական հակամարտության հենց սկզբից։
«2022 թվականի մարտին Ստամբուլի բանակցությունները և «Սևծովյան հացահատիկի» նախաձեռնությունը հստակ ցույց տվեցին, որ դիվանագիտությունը և բանակցությունները կարող են առաջընթացի բերել: Թուրքիան, ինչպես միշտ, պատրաստ է նպաստել այս գործընթացին»,-հավելել է նա:
Կարծիքներ