Երեք գեղեցիկ բառ, որոնք իմաստազրկեցին ու վարկաբեկեցին

Երեք գեղեցիկ բառ, որոնք իմաստազրկեցին ու վարկաբեկեցին

Ինչքա՜ն բառեր վարկաբեկեցին ու հեղինակազրկեցին սրանք։ Այնպես վարկաբեկեցին, որ այլեւս չես ուզում այդ գեղեցիկ հայերեն բառերն օգտագործել եւ օգտագործողներին էլ կասկածանքով ես վերաբերվում՝ մտածում ես՝ կամ զոմբի է, կամ՝ իշխանական կերակրատաշտից օգտվող։

Նախ վարկաբեկեցին թավշյա բառը։ Սիրուն բառ է՝ տաք ու հաճելի, փափկություն եւ նրբություն նշանակող։ Թավշյա ձայն, թավշյա մաշկ, թավիշով պատված, նուրբ թավիշ հագած․․․․պոետիկ ու հաճելի մի բառ։ Նախ այս բառը կպցրին իրենց հեղափոխությանը՝ «թավշյա, ոչ բռնի» ու չգիտեմ էլ ինչ։ Ապա թավիշը դարձավ նախկիններին չպատժելու, թալանը հետ չբերելու, ռեպրեսիաներ չկիրառելու հոմանիշը եւ այն օգտագործողները, որպես կանոն, հեղափոխության պահապաններն են, որոնք ոչ թե արդարություն, արդարադատություն են ուզում, այլ ուզում են ամեն գնով պատժվեն նախկինները։ Ընդ որում՝ չի էլ հասկացվում, թե նախկին ասելով սրանք ում նկատի ունեն։ Օրինակ, ինչո՞վ է Տարոն Մարգարյանը նախկին, որին պետք է պատժել, իսկ նրա երկարամյա տեղակալ Կամո Արեյանը՝ ոչ նախկին, որը պետք է 5 տարի շարունակ աշխատի քաղաքապետարանում, թեկուզ՝ ոչ թե փոխքաղաքապետի, այլ քաղաքապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում։ Կամ՝ ինչպե՞ս է ստացվում, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Մհեր Գրիգորյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, Վիճվարչության ղեկավար Ստեփան Մնացականյանը եւ էլի շատերը «ներկա» են, իսկ ԱԺ պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Իշխան Սաղաթելյանը, Քրիստինե Վարդանյանն ու Գեղամ Նազարյանը՝ «նախկին»։ Ուղղակի ցածր ինքնագիտակցություն ունեցող, չկայացած մարդկանց սիրտը, որպես կանոն, արյուն եւ վրեժ է տենչում եւ թավշյա բառով նրանք սկսեցին հեգնել Փաշինյանի իշխանությանը, որը բավարար չափով հրեշավոր չի եւ հրապարակներում սամասուդներ չի կազմակերպում, այլ ընդամենը 4–5 տարի քրեական հետապնդումներով է տարբեր մարդկանց կյանքը դժոխք դարձնում, բռնում՝ բաց թողնում, ունեցվածքը խլելու մասին հակասահմանադրական օրենք ընդունում, դատարանները բռնազավթում եւ այլն։

Հաջորդ բառը, որը վարկաբեկեցին ապագա բառն է։ 2020-ի պարտությունից հետո փոխանակ ներողություն խնդրեին ու իշխանությունը զիջեին ավելի ունակ մարդկանց, որոնք կկարողանային երկիրն այս վիճակից հանել, ՔՊ-ն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մի խելահեղ ընտրարշավ արեց՝ մուրճ ու քֆուրով, «Ապագա կա» կարգախոսով բթացնելով մարդկանց եւ համոզելով, որ իրենք հասցրել են այդ վիճակին, իրենք էլ կհանեն այդ վիճակից երկիրը։ Եւ դյուրահավատ մարդկանց մի մեծ զանգված հավատաց նրանց, չցանկացավ նախկիններին նորից հետ բերել՝ հույս փայփայելով ու հավատալով, որ այդ աղետները մեր գլխին բերողը Նիկոլ Փաշինյանը չէր, այլ պատմության ու դեպքերի ընթացքը, նախկինները, Աստված, Պուտինը, հայի բախտը եւ այլն։ «Ապագա կա» ամպագոռգոռ հայտարարություններից մեկուկես տարի անց մենք ունենք Շագրենի կաշվի պես փոքրացող Հայաստան, աշխարհից մեկուսացված եւ մաքառող Արցախ, ամեն օր մեզ ոչնչացնել խոստացող թշնամիներ, ոչ մի ռեալ բարեկամ, որը պատրաստ կլիներ ինչ որ կերպ մեզ աջակցել եւ ամենակարեւորը՝ ներկայի ու ապագայի հանդեպ անտարբեր ու ոչ ադեկվատ հասարակություն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մոլորեցնել հասարակությանը՝ 2022-ին բանկային համակարգի աննախադեպ եկամուտներով, մի քանի հազար դրամ բարձրացրած աշխատավարձերով, մեր սպորտսմենների հաջողություններով, բնակարանաշինության տեմպերով։ Մինչդեռ նրա թվարկած բոլոր «նվաճումներն» իրար գումարած եւ հազարով բազմապատկած հնարավոր չէ դնել վերը նշված աղետներից գեթ մեկի կողքին։ Հնարավոր չէ համեմատել եւ ասել՝ ոչինչ, որ այս կորուստներն ունենք, փոխարենը մեր բանկիրները միլիարդներ են այս տարի աշխատել, կամ՝ մեր ծանրորդները աշխարհի չեմպիոն են դարձել։ Երկրի անվտանգությունն ու 13-րդ աշխատավարձն իրար հետ համեմատող մարդն առնվազն պետք է տհաս լինի։ Այնպես որ ապագա, գոնե 2020-ից հետո, կարծես թե չկա եւ ապագա բառն էլ միայն զայրույթ, վրդովմունք եւ վիրավորանք է առաջացնում մեզ մոտ։

Հաջորդ բառը, որի վարկաբեկումն ամենացավալին եւ ամենաանընդունելին է, խաղաղություն բառն է՝ աշխարհի ամենասիրուն, ամենացանկալի երեւույթը։ Միայն հոգեկան հիվանդները կարող են պատերազմ երազել ու չգիտակցել խաղաղության արժեքը։ Բայց Փաշինյանական իշխանությունը հաջողեցրեց այդ բառն էլ վարկաբեկել։ Այսօր խաղաղություն բառը նույնացվել է ստորացման, նվաստացման, խաղաղություն մուրալու, թշնամիների առաջ ծնկելու։ Խաղաղության դարաշրջան բացող, խաղաղության պայմանագիր կնքող Նիկոլ Փաշինյանն այնքան միակողմանիորեն ու աղերսանքով այդ ամենը շահարկեց այս տարիներին, որ ցույց տվեց՝ հայերը կռվող չեն, հայերը պատերազմից սարսափում են եւ ամեն գնով խաղաղություն են տենչում՝ թեկուզ իրենց հայրենիքի կորստի գնով։ Ի՞նչ իմաստ ուներ այդքան հաճախ, այդքան չպատճառաբանված եւ այդքան նվաստացած «խաղաղություն» մուրալը, երբ քո հարեւանները խաղաղությունից չեն խոսում, այլ միայն ուլտիմատումներ են քո առաջ դնում, քեզ նվաստացնում՝ հայտարարելով, որ Հայաստան չկա, որ իրենք Էրիվանում չայ են խմելու։ Վերջապես՝ խաղաղությունը ձեռք են բերում լուռ, դիվանագիտական ճանապարհով, այլ ոչ թե գիշեր-ցերեկ թմբկահարելով եւ մուրալով։ Գոնե Չերչիլի խոսքերն ականջներիդ օղ արեք՝ «եթե դու պատերազմի ու անպատվության միջեւ ընտրում ես վերջինը՝ ստանում ես եւ անպատվություն, եւ պատերազմ»։ Այսօր խաղաղություն բառն արտաբերողները, խաղաղության կենացը խմողները, իրականում, մուրացիկի, նվաստի խաղաղություն են երազում, անպատիվ խաղաղություն, ամեն գնով խաղաղություն, որտեղ միակ շահածդ ֆիզիկական գոյությունն է, այլն է դեռ հարց է՝ ինչքանով է երաշխավորված եւ ինչքան ժամանակ է երաշխավորված