Մեր լրագրողի ձերբակալությունը տհաճ  թյուրիմացություն է

Մեր լրագրողի ձերբակալությունը տհաճ  թյուրիմացություն է

«Այս պահին Միկա Բադալյան ու«Սպուտնիկ Արմենիայի» լրագրող Աշոտ Գևորգյանը գտնվում են Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրում։ Բադալյանին և Գևորգյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել», մեզ հետ զրույցում նշեց վերջիններիս պաշտպան Լիանա Գրիգորյանը: «Ձերբակալվածի կարգավիճակ ունենք, քննչական- դատավարական գործողություններ են կատարվում, որոնք նախատեսված են օրենքով»,- ասաց փաստաբանը։

Գրիգորյանին հարցրինք՝  ի՞նչ է կարծում մեղադրանք առաջադրվելո՞ւ է, կալանքի միջնորդություն ներկայացնելո՞ւ են դատարան․ «Դեռ չի ներկայացվել, ձերբակալման 72 ժամը դեռ չի լրացել։ Այսպես ասեմ՝ կարծում եմ, որ չեն ներկայացնի և՛ մեղադրանք, և՛ միջնորդություն»,- ասաց փաստաբանը։

Հարցրինք նաև, թե Բադալյանն ի՞նչ դիրքորոշում է հայտնել այն կասկածանքի վերաբերյալ, որով իրեն ձերբակալել են․ «Ինքը որևէ առնչություն չունի այդ դեպքի հետ կապված։ Բադալյանը ձերբակալվածի կարգավիճակում հայտարարել է, որ որևէ առչություն չունի։ Նույնն էլ Աշոտ Գևորգյանի մասով»,- ասաց փաստաբանը։ Նշենք, որ ձերբակալման 72 ժամը լրանալու է այսօր։

Հիշեցնենք նաև, որ Քննչական կոմիտեն Բադալյանի և Գևորգյանի ձերբակալման վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նրանք կասկածվում են մի խումբ  անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ 

Թեմայի առանչությամբ հայտարարություն էր տարածել նաև «Ռոսիա Սեվոդնյա» միջազգային լրատվական գործակալությունը․ «Գործակալությունը հետևում է «Sputnik Armenia»-ի մեկնաբան Աշոտ Գևորգյանի ձերբակալության դեպքին, լրագրողի ձերբակալությունը, հատկապես հայ- ռուսական առաջին մեդիաֆորումի ֆունին, պահանջում է ամենածանրակշիռ հիմնավորումները։ Ակնկալում ենք, որ կպահպանվեն գործընթացային բոլոր նորմերը, քննության օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը։ Հայ և ռուս ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների դեմ ուղղված հնարավոր սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն»։

Մենք զրուցեցինք նաև Sputnik Armenia-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Պիսարենկոյի հետ, նա մեզ հետ զրույցում, անդրադառնալով Աշոտ Գևորգյանի ձերբակալությանն ասաց․

«Իհարկե, Աշոտ Գևորգյանը մեր աշխատակիցն է, և թե՛ մենք, թե՛ այն երկիրը, որը մեր լրատվամիջոցը ներկայացնում է, շատ անհանգստացած ենք։ Հուսով ենք, որ ամեն ինչ շատ արագ կկարգավորվի, քանի որ տեղի ունեցածը թյուրիմացություն է։ Աշոտ Գևորգյանի պաշտպանն էլ է հայտնել, որ մեր աշխատակիցը այդ դեպքի հետ որևէ կապ չունի, և մենք հիմք չունենք չհավատալու փաստաբանին։ Ինձ համար՝ որպես լրատվամիջոցի ղեկավարի, այս դեպքը ոչ միայն անհանգստացնող է, այլև տհաճ է»,- պատասխանեց Պիսարենկոն։