«Հրապարակ». Այդ նույն բոշաները կասեն` ի՞նչ իրավունք ունի աշտարակցին Երեւանում պահանջներ ներկայացնել

«Հրապարակ». Այդ նույն բոշաները կասեն` ի՞նչ իրավունք ունի աշտարակցին Երեւանում պահանջներ ներկայացնել

Ամեն անգամ, երբ բռնի տեղահանված, տնավեր դարձած մեր հայրենակիցները` արցախցիները, որոշակի ակտիվություն են ցուցաբերում, փորձում են լինել պահանջատեր, խոսում են իրենց ոտնահարված իրավունքների մասին, ասպարեզ է նետվում իշխանական ապազգային թեզը, որ արցախցիները պառակտում են մտցնում Հայաստանում, նրանք իրավունք չունեն Հայաստանին ու ՀՀ իշխանություններին պահանջներ ներկայացնելու, որ Արցախը Հայաստանի համար բեռ էր, հայաստանցի տղաները զոհվում էին Արցախի համար, իսկ արցախցիները լքում էին իրենց հայրենի հողը, եւ այսպես շարունակ: Համացանցում հայտնի շրջանակների կողմից ֆինանսավորվող ֆեյքերը նույնպես այս օրերին ակտիվացել են` հայհոյանքներ են գրում մեր հայրենակիցների հասցեին՝ պառակտելով առանց այն էլ պառակտված հասարակությունը: Ինչ անել այս իրավիճակում, ինչպես վերացնել արցախցի-հայաստանցի ջրբաժանը: Զրուցել ենք արցախցի ակտիվիստ Տաթեւիկ Վիրաբյանի` Տաթեւ Արցախի, եւ ռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ:

Տաթեւիկ Վիրաբյան. «Առհասարակ, արցախցիների իրավունքների մասին խոսելու, արցախցիներին քննադատելու փոխարեն լավ կանեն՝ մի մեծ խցան վերցնեն եւ իրենց բերանները մտցնեն ու լռեն…. այս իշխանությունների պատճառով արցախցին կորցրել է իր հայրենիքը, բռնագաղթել է եւ մնացել է բախտի քմահաճույքին: Տասնյակ հազարավոր արցախցիներ այսօր փողոցներում են մնացել, օրվա հաց անգամ չեն կարողանում վաստակել: Արցախցին այսօր ամենաշատ հարցերն ու պահանջներն ունի այս իշխանություններից եւ ունի ամենամեծ իրավունքները՝ իր խնդիրների մասին բարձրաձայնելու: Մեր դարակազմիկ պատմության ընթացքում առաջին անգամ Արցախը հայաթափվել է, հայաթափվել է այս իշխանության ձեռքով: Անկախ այն բանից, որ այս իշխանության պարագլուխը պնդում է, որ համար մեկ պատասխանատուն է, սակայն համար մեկ մեղավորը չէ, իրականությունն այլ է: Նա ե՛ւ համար մեկ մեղավորն է այս ամենի, ե՛ւ համար մեկ պատասխանատուն: Արցախը հանձնվել է Փաշինյանի օրոք՝ իր մեղավորության եւ պատասխանատվության արդյունքում: Մենք՝ որպես արցախցիներ, բազմաթիվ հարցեր ու պահանջներ ունենք այս իշխանությանը: Ցանկացած գիտակից հայի համար աննորմալ է արցախցի-հայաստանցի տարբերակումը: Արցախցիներն ու հայերը նույն ժողովուրդն են, բոլորս էլ հայեր ենք, այդ ջրբաժան անողները մեր մեծագույն թշնամիներն են ու խնդիր ունեն հայ լինելու հետ: Թեպետ դա էլ քաղաքական բնույթ է կրում: Տարիներ շարունակ ժողովրդին հրամցրել են, որ ղարաբաղցիները վատն են, թալանչի են եւ այլն, իսկ մարդիկ, առանց խորանալու, թե իրականում ով ով է, միամտաբար հավատացել են: Իսկ ինչու են նման ստեր տարածել․ որպեսզի Արցախը թուրքին նվիրելուց Հայաստանի ժողովուրդը դավաճան, հողատու, հողավաճառներին խիստ չդատի: Այդ ծրագիրը վաղուց է ասպարեզ նետվել, ու տարիներ շարունակ հետեւողական աշխատանք է տարվել: Պրոպագանդայի արդյունք է, բա ինչի՞ համար են տարիներով այդքան գրանտներ ստացել հայտնի շրջանակները: Արցախցիներն իրականում դեռ մի բան էլ չափից ավելի բարեկիրթ են այս իշխանությունների նկատմամբ, որ հստակ պահանջներ չեն ներկայացնում, հաշվեհարդար չեն տեսնում՝ անգամ իրենց տունն ու հարազատներին զոհ տալուց հետո… ի վերջո, ութ ամիս շարունակ մարդիկ սովամահ էին լինում, բայց այդ ժամանակ էլ պահանջներ չէին ներկայացնում: Բռնագաղթեցինք, եղբայրներ, հայրեր ու հարազատներ զոհեցինք, մեր երեխաների սովը տեսանք, մազապուրծ փրկվեցինք, բայց բարեգութ գտնվեցինք սրանց նկատմամբ: Հայաստանում պետք է խառնաշփոթ լիներ, մարդկանց բնականոն կյանքը պետք է խաթարվեր: 100 հազար հայ մարդ բռնագաղթել է ինչ-որ փառչակ գյադայի պատճառով, մի դատարկ ուսապարկի, որը եկել ու հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, սակայն հանձնեց Արցախը: Նրա ձեռքին եթե հնար լիներ, մեզ՝ բոլորիս, Արցախի հետ միասին կհանձներ»:

Արշակ Զաքարյան. «Սխալը հենց այդ տարբերակումից է գալիս` հայաստանցի-արցախցի: Պետք է ասել՝ «հայերը»: Ո՞վ կարող է ասել՝ հայն ի՞նչ իրավունք ունի Երեւանում պահանջներ ներկայացնելու: Նման հայտարարություններ անողները` արցախցիներին քննադատողները, բոշա ցեղերի ներկայացուցիչներ են իրականում: Արցախցի ազգ գոյություն չունի, նրանք մաքուր հայեր են: Եթե այսպես շարունակվեց, վաղն էլ, երբ հանձնեն Սյունիքը, ասելու են` սյունեցիներն ի՞նչ իրավունք ունեն Աշտարակում ցույց անել, հետո աշտարակցիները Երեւանում ցույցեր կանեն, կասեն՝ ինչո՞ւ հանձնեցիք Աշտարակը, ու այդ նույն բոշաները կասեն՝ ի՞նչ իրավունք ունեն աշտարակցիները Երեւանում պահանջներ ներկայացնել, թող գնային, Աշտարակը պահեին: Իրականում, ցանկացած հայ մարդ իրավունք ունի Հայաստանում հայրենիք պահանջելու: Բայց ի՞նչ սպասել չհայերի իշխանությունից: Այդ թեզերը տարածողները հենց դրանք են, իրենք են այդ ամենի գլխավոր հեղինակը: Հիմա էլ այլ թեզ են առաջ քաշում` մոռացեք Արցախը, 30 տարի հաստատ հետ չենք կարողանալու վերադարձնել: Հայաստանի արցախցիներն ակցիա են իրականացնում, իսկ ո՞վ մասնակցի նրանց փոխարեն, ո՞վ հանձնված տներն ու հողերը պահանջի: Գնացեք, այլ ցանկացած բնակավայրից ինչ-որ մեկից վերցրեք իր տունը: Վաղը եթե գա այդ մարդը, կառավարության դիմաց ակցիա անի, ո՞վ կարող է ասել` ի՞նչ իրավունք ունես գաս, պահանջներ ներկայացնես այստեղ` Երեւանում: Աստված մի արասցե, եթե վաղն էլ Սյունիքում մարտեր լինեն, արտաշատցին պետք է ասի՝ մնայիք ու կռվեիք, նույն տրամաբանության մեջ է: Հիմա վարդենիսցիները, մարտունեցիները ցույցեր են սկսել: Ինչո՞ւ, որովհետեւ թուրքն արդեն իրենց ուղղությամբ է գալիս: Եթե երեք տարի առաջ գնայիր Վարդենիս, քեզ մեջտեղից կկիսեին, եթե այս ճիվաղի մասին մի քննադատական բան ասեիր, իսկ այսօր, երբ թուրքն արդեն իր տուն է մտնում, նոր վարդենիսցին տեղից շարժվել է: Վարդենիսի անձնագրայինը փակում են, խառնվել են իրար, բա որ Արցախը հանձնում էին, չէի՞ն մտածում, որ հերթը իրենց է հասնելու: Միշտ էլ այդպես է եղել, հանձնողից վերցրել են»: