«Հրապարակ». Եթե մենք սուս տեղներս նստենք, ի՞նչ ենք պահանջում մյուսներից

«Հրապարակ». Եթե մենք սուս տեղներս նստենք, ի՞նչ ենք պահանջում մյուսներից

Փետրվարի 20-ին «Միասին» շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում հանրահավաք կայացավ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նախապես հայտարարեցին, որ նախապատրաստել են «100 խորհրդանշական հիմնավորում», թե ինչու պետք է իր զբաղեցրած պաշտոնից հեռացվի Փաշինյանը, ով «մեր պետականությունը տանում է կործանման»: «Միասին» շարժման ներկայացուցիչներն իրենց հետ հրապարակ էին բերել պաստառներ, որոնց վրա գրված էր` «Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», «Արցախյան ազատագրական պայքարը շարունակվում է»։ 

Արցախից բռնի տեղահանված, «Արդարություն եւ վերադարձ» ՀԿ-ի հիմնադիր Արմեն Պետրոսյանն էլ արցախյան բարբառով կոչ արեց բոլորին՝ միանալ ու պայքարել։ «Էս շտե՞ղ եք, 120 հազարից էս ենք շտեղ։ Պետք է հավաքվել, միասին։ Պա մունք պռաստոյ մարդիկ չենք, մունք աշխարհին մարշալներ ենք տվալ, մունք խեղճ չենք, մունք խղճցնող ենք, մունք ստրուկ չենք, մունք տեր ենք։ Մունք Արցախից տեղահանված փախստական չենք, մունք հայ ենք ու այս երկրի տերը»,- ասում էր Պետրոսյանը։ Հանրահավաքի օրն էլ հատուկ էր ընտրված` 88-ի շարժման մեկնարկի 36-ամյակի օրը։ 

«Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանն ասում է, որ հանրության շրջանում կա տեսանելի հետաքրքրվածություն ակցիայի նկատմամբ: Նրա պնդմամբ` ակցիաները լինելու են շարունակական։ «Ժողովուրդն իրոք փորձ է անում միավորվել եւ հույս ունի, որ ընդդիմադիրները եւս միավորման քայլ կանեն: Մամուլում եւս մեծ ակտիվություն է եղել: Կայքերում ուղիղ եթերների դիտումները շատ են: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ ակտիվ են, հետաքրքրված եւ հույս են կապում մեզ հետ: Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա մեկ շաբաթ ժամանակ ունենք մյուս քաղաքական ուժերի հետ բանակցելու համար, ինչու չէ` հասարակական գործիչների, անհատների: Պետք է լսել նաեւ խորհրդարանական ընդդիմությանը: Առաջիկայում մի շարք անելիքներ ունենք»,- ասում է Սարգսյանը: 

Կա տեսակետ, որ նախկին իշխանությունների ներգրավվածությունը խանգարում է ակտիվ շարժում ձեւավորելուն։ «Մենք նրանց ներգրավվածությունը չենք տեսել: Ակցիան եղել է մեր ուժերով: Ինչպես էլ ուզում է լինի, եթե երկու խորհրդարանական ֆրակցիաները մասնակցեն, դա արդեն ներգրավվածություն է համարվելու, ինչից խուսափել հնարավոր չէ: Բացի այդ, եթե մենք գլխավոր հարցն ենք լուծում, որովհետեւ կարեւորը դա է, ապա պարզ է, որ պետք է պրոցեսներին բոլորը մասնակցեն: Հետագայում արդեն, երբ որոշենք, թե ինչ քայլերով պետք է առաջ գնանք, կմտածենք ինչպես անել»,- ասաց Սարգսյանը: 

Ո՞րն է այս շարժման հիմնական նպատակը։ «Հիմնական նպատակն այս իշխանություններին հրաժեշտ տալն ու նոր իշխանություն ձեւավորելն է` ժամանակավոր կառավարության տեսքով: Պետք է հանդես գալ համապատասխան հակաճգնաժամային ծրագրով, որի վրա մենք արդեն տեւական ժամանակ է՝ աշխատում ենք: Ժողովուրդն այս շարժումը պետք է ընկալի պետության անվտանգության հեռանկար»:

«Արդարություն եւ վերադարձ» ՀԿ-ի հիմնադիր՝ արցախցի Արմեն Պետրոսյանի ելույթն իշխանական շրջանակների մոտ նյարդային ջղաձգումներ է առաջացրել: Իշխանական ֆեյքերը երեկ գրոհել էին Պետրոսյանի ելույթի տակ: Պետրոսյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Մենք մեր պայքարը շարունակելու ենք: Բնական է, որ նման մեկնաբանություններ լինելու են: Մեկն ասելու է՝ բռնության կոչեր են անում, մյուսն ասելու է` հրահրում են, բայց մեզ ոչինչ չի խանգարելու: Ես բռնության կոչ չեմ արել, արել եմ միասնության կոչ, իսկ այդ միասնությունը պետք է լինի եռամիասնության տեսքով` Հայաստան-Սփյուռք-Արցախ: Քանի որ այս պահին տուժած կողմն արցախցիներն են, արցախցիները չպետք է հանգիստ իրենց տեղները նստեն: Պետք է առաջնորդողը լինի արցախցին, որովհետեւ անտուն մնացել է արցախցին, պետք է արթնանալ: Եթե մենք սուս մնանք ու տեղներս նստենք, ապա ի՞նչ ենք պահանջում մյուսներից: Չի կարելի լռել ու հարմարվել, պետք է հույս ունենալ, որ Արցախ անպայման վերադառնալու ենք: Մեզ փորձում են պառակտել նիկոլական եւ մերձնիկոլական ուժերը, նպատակն ազգը բաժան-բաժան անելն ու արցախցիներին «սեւ» ներկայացնելն է: Այդ իրենք էին հայ ժողովրդին սեւ ու սպիտակի բաժանել: Ես չեմ ասում, թե արցախցին առավել է ինչ-որ մեկից, բայց ամենամեծ ուշադրությունը պետք է տուժած կողմը ստանա, տվյալ պարագայում` արցախցին: Արցախցիների ձայնը պետք է հասանելի լինի»: