«Ուրարտուն» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. մանրամասներ

«Ուրարտուն» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. մանրամասներ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» չհաղթահարեց եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը։

Մոստարում տեղի ունեցած պատասխան խաղում «Ուրարտուն» հյուրընկալվեց «Զրինսկիին» (Բոսնիա եւ Հերցեգովինա)։

Լրացուցիչ ժամանակում «Ուրարտուն» հաղթեց 3:2 հաշվով։

Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հիմնական ժամանակում կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով եւ պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

27-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի բոսնիացի հարձակվող Նեմանյա Բիլբիյան։

74-րդ րոպեին 25-ամյա պաշտպան Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո պատասխան գոլը խփեց 22-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը։

Ավելացված առաջին րոպեին «Զրինսկիին» դարպասին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Նարեկ Գրիգորյանը։

Լրացուցիչ ժամանակում «Զրինսկին» կարողացավ առաջինը հասնել հաջողության։ 94-րդ րոպեին խորվաթ հարձակվող Տոմիսլավ Կիշը գրավեց հայկական թիմի դարպասը 11-մետրանոցից։

108-րդ րոպեին «Ուրարտուին» առաջ մղեց ռուսաստանցի հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն, որին գոլային փոխանցում կատարեց հարձակվող Արաս Օզբիլիսը։

Նշանակվեցին 11-մետրանոցներ, որոնք ավելի հաջող իրացրին «Զրինսկիի» ֆուտբոլիստները՝ 4։3։

«Ուրարտուից» առաջին երեք հարվածներն արդյունավետ իրացրին Մաքսիմենկոն, Օզբիլիսն ու Գրիգորյանը, վերջին երկու հարվածները ձախողեցին Էդուարդուն եւ Արման Ղազարյանը։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Զրինսկին»։

«Ուրարտուն» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կմրցի ռումինական «Ֆարուլի» հետ, որը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չհաղթահարեց Տիրասպոլի «Շերիֆի» արգելքը։

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 27-ին եւ օգոստոսի 3-ին։