Բոքսի տանձիկ

Բոքսի տանձիկ

Ձեր թաղում, դասարանում կամ աշխատավայրում կա՞ր խեղճուկրակ մեկը, որին բոլորը շահագործում եւ հալածում էին: Տեղից ելնողը բամփում էր գլխին, իր անելիքը բարդում նրա ուսերին, վատ բաների մեղքը գցում նրա վրա: Մի խոսքով` տվյալ հանրույթի ամենաթույլ օղակը, որն անմռունչ տանում էր բոլոր հալածանքներն ու նվաստացումները` իր շրջապատում գտնվողների համար բոքսի տանձիկ աշխատելով: Նման մարդկանց վրա ինքնահաստատվում են չկայացածները: Նրա նկատմամբ բռնություն գործադրելով` վրեժ են լուծում իրենցից ուժեղներից: Նրան ստորացնում են` վստահ, որ ոչ մի հակահարված ու պատասխան չեն ստանալու:

Նման վիճակում է հայտնվել Հայաստանը` իր իշխանությունների մեղքով: Ալիեւը հայհոյում է Նիկոլ Փաշինյանին, ադրբեջանցի ու թուրք պաշտոնյաները վիրավորում են համայն հայությանը: Հայաստանը հռչակում են Արեւմտյան Ադրբեջան, հայտարարում են, որ շուտով Էրիվան են հասնելու: Մի քանի հարյուր հոգով փակում են Արցախի ճանապարհը եւ 7 ամիս փակած պահում` թույլ չտալով, որ անգամ սնունդ ու դեղորայք մտնեն Արցախ: Ամեն հարմար առիթ օգտագործում են` Հայաստանի տարածք ներխուժելու, կրակելու, սպանելու, մարդկանց եւ անասուններին առեւանգելու համար: Բոլոր միջադեպերը կատարվում են Հայաստանի տարածքում, սակայն լկտիաբար հայտարարում են, որ Հայաստանն է էսկալացիա հրահրում, եւ ՀՀ իշխանությունը չի կարողանում հերքել դա: Չի կարողանում ներկայացնել իրականությունը` միշտ պաշտպանվողի, հակադարձողի դերում է, որի ասածներին ոչ ոք չի հավատում, եւ որին ոչ ոք չի պաշտպանում: Ճիշտ եւ ճիշտ թաղում մշտապես ծեծ ուտող եւ իրեն պաշտպանել չկարողացող թույլիկի նման: Մինչդեռ խիստ ամոթալի է, որ հսկայական սփյուռք ունեցող, իր հինգհազարամյա պատմությամբ հպարտացող ազգն այս վիճակում հայտնվեր: