«Նաիրի» ԲԿ-ից հերքում են, թե բուժանձնակազմին ստիպում են մասնակցել բողոքի ակցիաներին

 «Նաիրի» ԲԿ-ից հերքում են, թե բուժանձնակազմին ստիպում են մասնակցել բողոքի ակցիաներին

Աողջապահության նախարարությունը բուժաշխատողներից ահազանգեր է ստացել, որ որոշ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լծակները, աշխատակազմին ու բժշկական անձնակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին և միանալ երկրի վարչապետի հրաժարականին ուղղված պահանջին: Այս մասին ասված է ԱՆ հաղորդագրությունում, որտեղ նաև հավելվում է․

«Հարգելով յուրաքանչյուրի քաղաքական հայացքները և դիրքորոշումը, որպես ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող կառույց, կոչ ենք անում պատշաճ կատարել մասնագիտական պարտականությունները, որոնք միտված են մեր ժողովրդի առողջության պահպանմանը: Տարին առողջապահության համակարգի համար եղել և շարունակում է մնալ ծանր: Բժշկական հանրությունը պատվով կատարել է իր առաքելությունը, ինչի համար կրկին շնորհակալ ենք: Այդուհանդերձ, պետք չէ թուլացնել զգոնությունը և հիշել բժշկի կոչումը ամեն պարագայում: Նման պարտադրանքներ լինելու դեպքում` խորհուրդ ենք տալիս դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով»  ։

«Հրապարակը» կապ հաստատեց «Նաիրի» -ի տնօրեն Անատոլի Գնունու հետ․ «Մեր հիվանդանոցներում նման բան չկա, նման հայտարարություն, աշխատում ենք, հիվանդներ ունենք, վիրահատություններ են գնում, նման խոսակցություն դաժե չկա․․․ ոնց կարա հիվանդանոցը նման բան անի, չեմ հասկանում»,-ասաց նա ։

Նշենք, որ Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարանի  աշխատակազմի  ղեկավար Շուշան Դանեիլյանն էլ հայտնել է․« Համալսարանական բոլոր հիվանդանոցներն աշխատում են անխափան, համապատասխան միջոցառումներ ձեռնարկվել են և քաղաքացիների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպվում է, չկա գեթ մեկ քաղաքացի ում ժամանակին և անհրաժեշտ որակյալ բուժօգնոթյուն չի տրամադրվել։ Ավելացնեմ, որ, այո կան բուժաշխատողներ, ովքեր իրազեկել են, որ պատրաստվում են իրացնել իրենց սահմանադրական իրավունքը, և մասնակցել են 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին։ Հավելեմ, որ ղեկավարությունը, չունի որևէ իրավունք կամ վարչական լծակ կիրառել իր այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր մասնակցում են գործադուլին։

Ի դեպ, փաստենք, որ ո՛չ 2018 թվականին, ո՛չ էլ հիմա որևէ ուղղորդված գործողություն չի իրականացվել և չի իրականացվելու։ Իսկ մարդիկ ազատ են իրենց իրավունքներն իրացնելու հարցում։ Ինչ վերաբերվում է նախարարության հայտարարությանը, ապա կարծում եմ, որ պետական մարմինը պետք է խոսի փաստերով, քանի որ նման հայտարարությունը կարող է ստվերել գիշեր ու ցերեկ իրենց գործը հերոսական անող սպիտակ բանակի ներկայացուցիչներին»։