Նույնն է, որ մի տղամարդ հայտարարի, թե ինքը հպարտ է, որ իր կինը սիրեկան ունի

Նույնն է, որ մի տղամարդ հայտարարի, թե ինքը հպարտ է, որ իր կինը սիրեկան ունի

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ապշեցնել մարդկանց։ Լոռի կատարած նախընտրական այցի շրջանակներում նա հայտարարեց․ «Ես հպարտ եմ․ այո, մենք պարտվել ենք, եւ այդ պարտության պատասխանատվությունը մերն է»։ Քաղաքական գործիչներից ու քաղաքագետներից ոմանք այս հայտարարությունը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան հայտարարեցին, թե դա քաղաքագիտության դաշտից չէ, այլ՝ հոգեբուժության։

Ռ․ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գեղամ Նազարյանն ասաց․ «Այդ արտահայտությունը դուրս է քաղաքական կամ քաղաքագիտական որեւէ մեկնաբանությունից, դա արդեն հոգեբույժների ոլորտն է, դիմեք հոգեբույժներին եւ ասեք՝ ի՞նչ է նշանակում, եթե սենց բաներ է խոսում։ Դա նույնն է, որ մի տղամարդ հայտարարի, թե ինքը հպարտ է, որ իր կինը սիրեկան ունի։ Կամ նույնն է, որ տղամարդն ասի, որ ես հպարտ եմ, որ իմ երեխան մեկ ուրիշին է պապա ասում, ես հպարտ եմ, որ իմ կինը երկու սիրեկան ունի։ Թող մի հատ քննեն, տեսնեն՝ էդ մարդու ուղեղում ինչ է կատարվում»:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասում է․ «Նման ապուշությանն ի՞նչ կարող եմ պատասխանել, այդտեղ հոգեբույժ է պետք»։ «Ազատ հայրենիք» դաշինքի մեջ մտնող Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն էլ ասաց․ «Նիկոլ Փաշինյանին շատ բարդ է հասկանալը մտքով՝ умом не понять»:

«Արաբո» ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանը հանձն առավ վերլուծել Նիկոլ Փաշինյանին․ «Դժվար է ասել, թե մարդը որ մասնագիտությունով կլինի հպարտ։ Ես գիտեմ մարդկանց, որ իրենց մասնագիտությամբ հպարտանում են։ Ու նայած ում ինչ վիճակն է ձեռ տալիս, նա դրանով էլ հպարտանում է, չէ՞։ Եվ եթե ինքն այդտեղ է զգում հաճույքն իր վարքագծի, իր ասածի, իր պահվածքի, դրա համար էլ հպարտ է։ Ես կարծում եմ՝ դա է պատճառը»։

Ճշտող հարցին, թե, այսինքն, զգում է Հայաստանի պարտության բերկրա՞նքը, Եղիազարյանն ասաց․ «Այո, իհարկե, կան մարդիկ, որ մազոխիստ են եւ հպարտանում են ու հաճույք են ստանում։ Այդտեղ ի՞նչ հպարտանալու բան կա որ։ Ինքն էլ դրանով է հպարտ։ Օրինակ՝ մարդիկ կան, իսկական հայորդիք, որ հպարտ են հաղթանակով, ազատագրված հայրենիքով, իր ժողովրդով ու պատմությամբ։ Մենք դրանով ենք հպարտացել, հիմա էդ մարդն էլ դրանով է հպարտանում»:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց․ «Միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հպարտ լիներ մեր պարտությամբ, պիտի հպարտ լիներ 5 հազար եւ ավելի զոհերով, պիտի հպարտ լիներ հանձնված Արցախով, պիտի հպարտ լիներ, իր բնորոշմամբ՝ դժգույն եւ ադրբեջանական Շուշիով։ Ընդամենը անենք մի արձանագրում․ Արցախի եւ Հայաստանի պարտությունից հպարտ է 2 մարդ՝ Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը։ Հետեւությունը թողնում եմ ՀՀ այն ընտրողներին, որոնք ընտրելով մեր պարտությամբ հպարտ Նիկոլ Փաշինյանին՝ քվեարկելու են մեր պարտութամբ հպարտ Իլհամ Ալիեւի օգտին»։

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ բացատրեց, թե ինչ է նշանակում այն, որ Նիկոլ Փաշինյանը հպատանում է մեր պարտությամբ․ «Դա նշանակում է, որ ինքը ցանկանում է պարտությունն իր ընտրազանգվածի մոտ որպես հաղթանակ ներկայացնել։ Սա է ընդամենը։ Որովհետեւ ինչ էլ ինքն ասի, մեկ է՝ իր ընտրազանգվածն ընդունելու է։ Իրեն մերժողները չեն ընդունելու, տատանվողները՝ նույնպես, բայց իր ընտրազանգվածը, ինչ էլ ասի, ընդունելու է։ Եվ ինչքան ինքն ավելի անտրամաբանական բան ասի, այնքան ավելի շատ է դա ընկալվելու»։

Մենք փորձեցինք զրուցել նաեւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քիչ թե շատ լոյալ կամ դրական վերաբերմունք ունեցող քաղաքական գործիչների հետ։ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ակնհայտորեն հարցից խուսափեց՝ ասելով, թե «Հրապարակն» ինչ-որ մի ժամանակ իր հարցազրույցը չի տպագրել, ազատամարտիկ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն ասաց, որ զանգահարենք ժամեր հետո, իսկ ՀԽ նախագահ, «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքի պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց, թե վերը նշված հայտարարությունը չի լսել։ «Ես լսել եմ այն հայտարարությունը, որ ասել է, որ պարտությունից հետո մարդկանց աչքերի մեջ նայելու խնդիր չունի»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը, ապա հավելեց․ «Ես իր մտքերի մեկնաբանը չեմ, հանուն արդարության, բայց ես ենթադրում եմ, որ նկատի ունի այն, որ նրանում, ինչում իրեն մեղադրում են՝ դավաճանություն, հողեր հանձնել եւ այլն, ապա այդ առումով  հասարակության աչքերին նայելու խնդիր չունի»։

Իսկ էլ ի՞նչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը, որ մարդկանց աչքերի մեջ չկարողանար նայել։ Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությամբ՝ եթե, օրինակ, գնար գիտակցված դավաճանության։