ՀՀ իշխանությունների «քաոտիկ» գործունեությունը չի նպաստում իրավիճակի լուծմանը

ՀՀ իշխանությունների «քաոտիկ» գործունեությունը չի նպաստում իրավիճակի լուծմանը

Մինչ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դռնեդուռ, մարզից մարզ ընկած նախընտրական քարոզարշավ է անում ու շարունակում նախկին «ոհմակի ատամները ջարդելու» սպառնալիքներ հնչեցնել, հակառակորդը մի քանի անգամ ավել զորքով շարունակում է արդեն 20 օր մխրճված մնալ հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի պետական տարածքում։ Իսկ Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը՝ սահմանային ճգնաժամը լուծելու մասին, մնացել է օդում կախված։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ հանդիպման ժամանակ թեեւ հայտարարեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հանգուցալուծելու իր տարբերակին եւ առաջարկել Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական ու հայկական զորքերը հետ քաշել սահմանագծից եւ միջազգային հովանու ներքո հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացնել, բայց իրավիճակի հանգուցալուծման նշաններ չկան:

«Մեզ համար ընդունելի են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկները, Ռուսաստանը նույնպես համանախագահ երկիր է, եւ, փաստորեն, այդ առաջարկությունների վերաբերյալ կա կոնսենսուս: Հարցը վերաբերում է նրան, որ մենք առաջարկում ենք կամ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն առաջարկում են, որ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի զորքերը հայելային սահմանային գծից դուրս բերվեն եւ բերվեն մշտական տեղակայման վայրեր, որից հետո միջազգային հովանու ներքո սկսվի Հայաստանի սահմանների սահմանագծման աշխատանք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Սահմանազատման առաջարկը, հիշեցնենք, կողմերին Ռուսաստանն արեց անցած շաբաթ, սակայն Փաշինյանը նախապայմաններ առաջ քաշեց, որ այդ գործընթացը տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ Հայաստանից դուրս բերվի ադրբեջանական զորքը։ Իսկ մայիսի 27-ին, երբ հակառակորդը մեր տարածքում գերեվարեց 6 զինծառայողի, Փաշինյանն Ադրբեջանին ու միջազգային հանրությանը նոր լուծում առաջարկեց, որ սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում կողմերի զորքերը հայելային եղանակով հետ քաշվեն սահմանագծից, տեղակայվեն միջազգային դիտորդներ, եւ միայն այդ դեպքում սկսվի սահմանազատման գործընթաց։ «Եթե մենք այս ճանապարհով չգնանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից»,- ընդգծեց Փաշինյանը: Ինչից հետո արտգործնախարար Արա Այվազյանը հրաժարական տվեց՝ ըստ էության հայտնելով իր անհամաձայնությունն այս առաջարկին։

Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին, Մինսկի խումբն արձագանքեց՝  պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին, կողմերին կոչ արեց անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման, սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար։ Սակայն դիտորդներ տեղակայելու մասին ոչինչ նշված չէր այդ հայտարարության մեջ։ Չնայած դրան, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում երեկ այդ արձագանքը ներկայացրեց որպես Փաշինյանի առաջարկին աջակցության պատրաստակամություն։ «Բոլորդ տեսել եք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունը, որը, ըստ էության, արձագանք էր վարչապետի արձագանքին: Եղել է արձագանք նաեւ ԱՄՆ-ի կողմից: Հստակ գնահատականներ հնչել են մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Կանադայի ու Լիտվայի կողմից: Այնպես որ, մենք կարող ենք արձանագրել, որ հանրային արձագանք եղել է: Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել իր առաջարկի հետ կապված մնացած քայլերն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արձագանքի գործընկերներին, օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ-ին, եւ հայելային կերպով հետ քաշի իր զինված ուժերը ՀՀ տարածքից»,- ասել է Մակունցը՝ հավելելով, որ հաջորդ քայլը պետք է լինի Ադրբեջանի կողմից։ Խմբակցության ղեկավարի՝ ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանի դիտարկմամբ, որեւէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ Ադրբեջանը հետ չի քաշել իր ուժերը ՀՀ տարածքից: «Փոխշահավետ» առաջարկին, սակայն, Ադրբեջանից դեռ արձագանք չկա։ Բաքուն համաձայն է Ռուսաստանի առաջարկին` Հայաստանի հետ սահմանագծման ու սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին, օրերս՝ ԱՊՀ վարչապետների նիստում, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:

Գնդապետ Բորիս Ավագյանը, ով սերտ կապեր ունի Արցախում տեղակայված ռուս խաղաղարար զորքերի հրամանատար գեներալ Մուրադովի հետ եւ ամենօրյա շփումների մեջ է, մեզ հետ զրույցում անընդունելի համարեց Փաշինյանի «փոխշահավետ» առաջարկը։ Ասաց, որ ՀՀ իշխանությունները «քաոտիկ» գործունեություն են իրականացնում, ինչը չի նպաստում իրավիճակի լուծմանը։ Մի կողմից՝ կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբին, մյուս կողմից՝ Ռուսաստանից են աջակցություն խնդրում։ «Այս պահին Հայաստանի պաշտպանության նախարարությունում գեներալ Մուրադովի, պաշտպանության նախարարի եւ ԳՇ ներկայացուցիչների միջեւ բանակցություններ են ընթանում՝ բոլոր ընդհանուր խնդիրների եւ ենթախնդիրների շուրջ՝ ե՛ւ սահմանային, ե՛ւ գերեվարվածների հետ կապված, որոնց վերաբերյալ ՀՀ իշխանությունները միջնորդություն եւ աջակցություն են խնդրել ռուսական կողմից՝ որպես դաշնակից պետության»,- ասաց Ավագյանը՝ շեշտելով, որ քննադատում է Փաշինյանի կոչն այլ պետություններին։

«Ես կարծում եմ՝ ՌԴ սահմանապահ զորքը պետք է տեղակայվի ու երբ եկավ տեղակայվեց, Ադրբեջանն ինքնըստինքյան հետ կքաշվի, քանի որ չի ուզենա հարաբերությունները փչացնել ՌԴ-ի հետ՝ իմանալով, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ իր համար։ Ոչ մի այլ երկրի դիտորդ պետք չէ, չեն կարող լինել, համոզված եմ, որ բացի ՌԴ-ի կամ ՀԱՊԿ-ի զորքերի տեղակայումից, այլ ներկայություն չի կարող լինել»։ Դիտարկմանը, թե, ըստ իշխանական քարոզչամեքենայի, ՀԱՊԿ-ի հստակ արձագանքի բացակայության պատճառով է, որ Փաշինյանը դիմում է Մինսկի խմբին, ասաց․ «Դա իշխանության ներսի արեւմտյան գործակալների սադրիչ հայտարարություններն են, որ սրեն հայ-ռուսական հարաբերությունները։ Մինչդեռ ՌԴ-ն ամեն ինչ էլ անում է, ես նշեցի, որ այս պահին էլ բանակցություններ են ընթանում»։