Թրամփը ստորագրել է 2021-ի բյուջեն․ «շաթ դաուն» չի լինի

Թրամփը ստորագրել է 2021-ի բյուջեն․ «շաթ դաուն» չի լինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որը նաեւ նախատեսում է միջոցների հատկացում համավարակից տուժած բնակչությանը օգնելու եւ տնտեսությունը խթանելու համար։ Այս մասին հայտարարել է նախագահի կրտսեր օգնական Ջադդ Դիրը։ Նա իր թվիթերյան էջում հրապարակած գրառմամբ ասել է, որ «շաթ դաուն» չի լինի։

Նշենք, որ բյուջեն բավական սուր բանավեճերի առիթ էր դարձել եւ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում, որտեղ մոտ մեկ ամիս հանրապետականներն ու դեմոկրատները չէին կարող ընդհանուր հայտարարի գալ։

Նշենք, որ վերջնական տարբերակն էլ Թրամփի համար ընդունելի չի եղել, քանի որ ամերիկացիների օժանդակության հատկացումը մեկ անձի հաշվով 600 դոլար է կազմել, մինչդեռ Թրամփը պահանջել է այն հասցնել 2000 դոլարի։ Բյուջեն թեեւ հաստատվել է, սակայն Թրամփը, ըստ հայտարարության, ակնկալում է, որ Կոնգրեսն առանձին օրենքով կքվեարկի օգնության հատկացումների ծավալի ավելացման օգտին։