Իշխանության նման վարքը հակառակորդի նախահարձակման համար բարենպաստ պայմաններ է ստեղծում

Իշխանության նման վարքը հակառակորդի նախահարձակման համար բարենպաստ պայմաններ է ստեղծում

ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ արգելելու հետ կապված միջադեպի մասին, Hraparak.am-ը զրուցել է Ստեփանակերտում բնակվող փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ։ 

- Երկու օր առաջՀայաստանի խորհրդարանական ընդդիմությունը մեկնել էր Արցախ։ Սակայն Աղավնոյի սահմանակետից նրանց չէին թողել մտնել Արցախ։ Երկու օր է հնչում են տարբեր մեկնաբանություններ այս թեմայի շուրջ։ Ձեր կարծիքով, ի՞նչն է եղել պատճառը։

- ՀՀ ԱԺ ընդդիմության ներկայացուցիչների՝ Արցախի տարածք մուտք գործելու արգելքի վերաբերյալ եզրահանգումները գտնում ենք ՀՀ վարչապետի՝ Ազգային Ժողովում ունեցած ելույթներում: Այն, ինչ տեղի է ունեցել Աղավնո անցակետում, նույն ազդեցությունն է թողել ժողովրդի վրա, ինչ Նիկոլ Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների ելույթները Ազգային Ժողովում։ Մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանի ելույթն ուղղված էր հասարակության կամային և հուզական ներաշխարհի վրա: Նա փաստորեն աշխարհի վերափոխումը հասարակությանը մատուցում է իր ընկալումներին համապատասխան, որն, ըստ էության, ազգային շահերին հակասում է և լիովին հակադրվում է ազգի տրամադրություններին: Անհատական կարգով փորձ է արվել ազդել հասարակության վարքի վրա՝ այն էլ այնպիսի պայմաններում, երբ հասարակության ներքին միասնական կապը գտնվում է տրոհված վիճակում: Առաջնորդին բնորոշ չէ ծանր իրավիճակներում հուսահատ դատողություններ անելը և խորացնելը՝ առանց այն էլ տրոհված հասարակությունը: Ակնհայտ սուտը՝ «նշաձողի» վերաբերյալ ասածը հանգեցրել է ապագայի նկատմամբ հուսահատության, այն դեպքում, երբ օբյեկտիվ փաստերը ամենևին չեն արձանագրում այդ ամենը:

- Խոսակցություններ գնացին, որ անվտանգային առումով են ընդդիմադիրներին արգելել մտնել Արցախ։ Սա իրականության հետ որևէ աղերս ունի՞։

- Այո, կա նման բան։ Նրանց մուտքն Արցախ «սպառնալիք» էր՝ հատկապես որ արցախահայության շրջանում դեռևս պայքարի ոգին առկայծուն չէ: Պատմական փաստերը վկայում են, որ ժողովուրդներն ամենածանր իրավիճակներում կարիք են ունեցել ամուր համախմբման։ Եվ սխրանքի մղող ելույթները նպաստել են ամենածանր խնդիրների լուծման: Մինչդեռ Փաշինյանի ելույթը նման էր այն պատմությանը՝ երբ «չմխրճված մեխի» պատճառով կորցրին մի պայտ, կորած պայտի պատճառով կորցրեցին ձին, կորած ձիու պատճառով սուրհանդակը չհանձնեց հաղորդագրությունը, չհանձնված հաղորդագրության պատճառով պատերազմում պարտվեցինք» հին ասացվածքին: Պատերազմի մեջ գտնվող երկրում քաղաքական իշխանության նման վարքը հակառակորդի նախահարձակ գործողությունների համար բարենպաստ պայմաններ է ստեղծում: Քանի որ հաղթանակի երաշխիքներից առավել կարևոր գործոն է հանդիսանում հասարակությանը հակամարտող կողմերի բաժանելը։ Որպիսին, փաստորեն, մենք ունեցել ենք 2020 թվականի սեպտեմբերին։