Գագիկ Խաչատրյանն ազատ կարձակվի՞․ դատարանը որոշումը կհրապարակի վաղը

Գագիկ Խաչատրյանն ազատ կարձակվի՞․ դատարանը որոշումը կհրապարակի վաղը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունն այսօր ավարտվեց։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երեմ Սարսգյանը։

Նրա խոսքով՝ դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ որոշումը կհրապարակի վաղը, ժամը 12։00-ին։

Նիստին մեղադրանքի կողմը հիմնավորել է, թե ինչու պետք է Խաչատրյանը մնա կալանքի տակ․ «Մենք հակափաստարկներն էինք ներկայացնում։ Իրենց հիմնավորումը նույնն է. այն, որ անձը մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Նրանք համարում են, որ որևէ այլընտրանքային խափանման միջոց, այդ թվում՝ գրավը, չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայում բուժման մեջ, սակայն քննիչի մեկ զանգով դադարեցրել է բուժումը և վերադարձել, սակայն պարզվեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից նման վարքագիծը չի ողջունվում։

Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։