Փաշինյանը որոշել է կառուցողական երևալու համար համաձայնել բոլոր առաջարկներին

Փաշինյանը որոշել է կառուցողական երևալու համար համաձայնել բոլոր առաջարկներին

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:

- Երեկ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ նոր հարցազրույցով: Նա հանգամանալից կերպով խոսեց Արցախի, Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Տարատեսակ մտքեր հնչեցին Նիկոլ Փաշինյանի կողմից, սակայն որոշ շրջանակներ պնդում են, թե հարցազրույցում որևէ նոր ասելիք չկար: Ձեր կարծիքով` հարցազրույցի հիմնական ասելիքը ո՞րն էր:

- Իմ կարծիքով, հարցազրույցի հիմնական ասելիքն այն էր, որ Ադրբեջանը փորձում է գնալ նոր լարվածության, և նա փորձում էր Ադրբեջանի հնչեցրած որոշ մեղադրանքների վերաբերյալ արձագանքներ հնչեցներ: Ասուլիսի առաջին մեկ ժամը կառավարության նրա ելույթի շարունակությունն էր, որը զարմանալիորեն ճիշտ շեշտադրումներով ելույթ էր: Բայց մոտ մեկ ժամ անց Փաշինյանը սկսեց էլի կռիվ տալ նախկինների հետ և հայտնվեց իրեն բնորոշ ստի ու մանիպուլացիայի դաշտում: Նախ, հասկանալի չէ, եթե հարցազրույցի նպատակն Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունների մասին ահազանգել էր, ապա ո՞րն էր իմաստը կրկին խեղաթյուրել բանակցային գործընթացը, մի կողմից խոսում է, թե ինչպես է Հադրութը հայաթափվել Ադրբեջանի հայատյաց քաղաքականության արդյունքում, հետո կրկին գիշում Լիսաբոնի գագաթաժողովը և ասում, որ մենք չենք կարող մի վետոյով բոլորի դեմ պայքարել: Բայց չի՞ ասում, եթե Ադրբեջանը նպատակ ունի էթնիկ զտման քաղաքականություն կիրառել մեր հայրենակիցների դեմ, ապա ինչպե՞ս կարող ենք չպայքարել դրա դեմ՝ բոլոր հնարավոր մեթոդներով: Ընդ որում, ինքն էլ, իր որոշ թիմակիցներն էլ տարբեր առիթներով նշել են, որ Ադրբեջանի ախորժակը Արցախով չի սահմանափակվում: Ուստի ինձ համար գլխավոր հարցն այս է. եթե կա էսկալացիայի վտանգ, ինչի մասին ինքս եմ շարունակ գրում ու խոսում՝ փաստական հենքի վրա, ապա որո՞նք են Նիկոլ Փաշինյանի ու կառավարության քայլերը Ադրբեջանին զսպելու ճանապարհին: Խոսելը քիչ է, պետք է աշխատել դա կանխելու ուղղությամբ: Ես չտեսա այդ քայլերի գնալու գործողությունների ծրագիր: Հուսով եմ՝ աշխատում են միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ: Դա այսօր ամենակարևոր հարցն է՝ գտնել Ադրբեջանին զսպելու մեթոդներ:

- Փաշինյանը նշեց, որ խաղաղության պայամանգրի վերաբերյալ գոյություն ունեն մի քանի տարբերակներ։ Նրա խոսքով` այդ տարբերակներից մեկը՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որն ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների ու չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը։ «Եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է, որ կարողանանք»- ասաց Փաշինյանը: Ի՞նչ է սա նշանակում:

- Իմ տպավորությամբ, Փաշինյանը որոշել է կառուցողական երևալու համար համաձայնել բոլոր առաջարկներին: Եթե ուշադիր նայեք, նա հայտնել է, որ համաձայն է ռուսական առաջարկներին, արևմտյան տարբերակներին, ինչպես նաև Ադրբեջանի առաջարկած հինգ կետերին: Նրան հավանաբար թվում է, որ եթե ինքը ամեն ինչի համաձայնվի, Ադրբեջանը կասի՝ ոչ, քանի որ մեծ ախորժակ ունի, և այդ ֆոնին ինքը կհայտնվի ավելի բարենպաստ վիճակում: Բայց դա սխալ ու վտանգավոր մոտեցում է, երբ սկսում ես բոլորի մոտ սպասումներ առաջացնել, որոնք չես կարողանալու բավարարել: Դա քաղաքական ավանտյուրա է, որի գինը կարող ենք վճարել մենք՝ որպես պետություն ու ժողովուրդ:

Բացի այդ, պայքարելու ու դիմադրելու համար պետք է բանակը հզորացվի, պետք է տեղեկատվական պայքար մղվի, պետք է խելացի աշխատանք տարվի հանրության հետ, մարդկանց առավոտից երեկո այնքան են քարոզում, որ մենք անզոր ենք, վիճակը բարդ է, աշխարհը մեր դեմ է, մեր վետոն արժեք չունի, որ շարքային քաղաքացին մտածում է՝ լավ ինչ անի, չէ՞ որ իրենից ոչինչ կախված չէ, ամեն ինչ շատ բարդ է: Այսպես իներցիայով ապրում ենք, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իներցիայով ղեկավարում են, այդպես նրանց հարմարավետ է, շատ ջանքեր չեն պահանջվում, ընդամենը՝ շարունակ ստել ու մանիպուլացնել: Դրա համար էլ կարող են ժամը մեկ անգամ դիրքորոշում փոխել նույն «խաղաղության պայմանագրի» հարցում: Սեպտեմբերի 14–ի իրադարձությունները դրա վառ վկայությունն են, երբ սկզբում հայտարարեց, որ պատրաստ է թուղթ ստորագրել, հետո ապացուցում էր, որ թուղթ չկա: Փաշինյանն այս անգամ էլ հարցազրույցի կեսից սկսեց հակասել ինքն իրեն կամ մոռացավ, թե ինչու էր հարցազրույց տալիս:
Դա շատ վտանգավոր է, քանի որ հակառակորդը բնավ իներցիայով չի շարժվում, այլ ունի հստակ ծավալապաշտապան նպատակներ և փորձելու է դրանց հասնել թե՛ դիվանագիտական և թե՛ ռազմական ճանապարհով: Մի հանգամանք էլ, եթե ուշադիր լինեք, այս անգամ Փաշինյանը ակնարկեց, որ փաստացի չկա խաղաղության երաշխավոր, չկա որևէ մեկը, որ կասի՝ թուղթ ստորագրեք, և մենք կզսպենք Ադրբեջանին: Սա առաջին անգամն էր, որ նա նշեց դրա մասին: Իսկ դա պարզ իրողություն է, որը բարձրաձայնել են թեմային տիրապետող բազմաթիվ փորձագետներ, այդ թվում՝ ես: Ուստի թղթերը, առավել ևս այս իրավիճակում, մեզ բնավ չեն փրկի, հակառակը՝ ավելի բարդ դրության մեջ կհայտնվենք:

- Վարչապետը նաև նշեց հետևյալը` լավ որքան պետք է չարձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Ի՞նչ եզրակացություն կարելի է անել այս հայտարարությունից և վերջապես Ադրբեջանում ինչպիսի՞ արձագանքներ եղան Փաշինյանի այս հայտարարությունից հետո:

- Դե առաջին անգամ չէ, որ նման բան է ասում, ցավոք՝ վերջինն էլ չէ: Ադրբեջանական լրատվականներից շատերի համար դա դարձավ խիստ հաճելի վերնագիր: Ինչու՞ է Փաշինյանը սա նպատակային ու շարունակաբար ասում, հավանաբար, որ մեր հանրությունը հարմարվի Արցախի կորստի հետ, ասեն՝ դե «խեղճ Փաշինյանն ի՞նչ անի, աշխարհը մեր դեմ է»: Բայց մենք մոռանում ենք մեր պատմությունից, որ նախ Արցախը անջատվել է Ադրբեջանի ԽՍՀ–ից ԽՍՀՄ սահմանադրության բոլոր դրութների հիման վրա, ուստի իրավական առումով մենք այդ հարցը լուծել ենք: Իսկ Մադրիդյան սկզբունքների հիման վրա երկրորդ հանրաքվեի համաձայնությունը, չի նշանակել, որ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, եթե այդքան պարզ լիներ, Ալիևն էլ ուրախությամբ կհամաձայներ, ինչու՞ չհամաձայնեց: Որովհետև այդտեղ միջազգային հանրաքվեի անցկացումը՝ հստակ էթնիկ համամասությամբ, որտեղ մեծամասնությունը հայեր էին, կապահովեր Արցախի անկախության կամ ՀՀ-ին միանալու միջազգային ճանաչումը: Դրա համար էլ Ադրբեջանը մերժեց այդ սկզբունքները: Մոռանում ենք նաև Նժդեհին ու նրա պայքարը, երբ նա՝ իր համախոհների հետ դուրս եկավ բոլոր աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների դեմ, որի շնորհիվ պահեցինք Սյունիքը, հետո էլ՝ ազատագրեցինք Արցախը: Եթե մտածում ենք հարմարվենք, համակերպվենք, որ փրկվենք, ապա դա այդպես չէ, հակառակը՝ դիմադրությունը, կամքն ու մեզ սպառնացող կռիվներին պատրաստ լինելն է մեզ փրկելու: Անգամ Ալիևն է հարկադրված ընդունել, որ կա դիմադրություն հայ հանրության մոտ, այդ դիմադրությունը պետք է զարգացնել և թույլ չտալ, որ մեզ համոզեն, թե Արցախը կորցնելով խաղաղ ու լավ ենք ապրելու: Դա ասողները ոչ միայն հակապետական գործիչներ են, այլև ոչինչ չեն հասկանում ոչ քաղաքականությունից, ոչ պատմությունից, ոչ էլ ռազմավարությունից: Միշտ հիշե՛ք՝ Քարվաճառի կորուստը պատերազմը մոտեցրեց Ջերմուկին: Դա ամենացավոտ, բայց դիպուկ օրինակն է, որ տարածք հանձնելով կամ իրավունքներից հրաժարվելով խաղաղություն չենք բերում, հակառակը՝ թուլանում ենք և դառնում խոցելի: