Հակառուսականությունը որպես քաղաքականություն

Հակառուսականությունը որպես քաղաքականություն

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո և «Սառը պատերազմի» ձևավորմամբ աշխարհը դարձավ երկբևեռ՝ բաժանվելով ԱՄն ղեկավարությամբ ՆԱՏՕ-ի և ԽՍՀՄ ղեկավարությամբ «Վարշավայի պայմանագրի» միջև: Այն շարունակվեց մինչև «Վարշավայի պայմանագրի» կազմաքանդվելը, որին որոշ ժամանակ անց հետևեց Խորհրդային Միության կազմաքանդվելը: Արդյունքում երկբևեռ աշխարհը վերածվեց միաբևեռ աշխարհի՝ ԱՄՆ գերակայությամբ: Իսկ Խորհրդային Միության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը ստացավ քաղաքատնտեսական բոնուս՝ ՌԴ նախագահ Բ. Ելցինի օրոք 1997-ին դարձավ աշխարհի գերտերությունների «Մեծ յոթնյակի» անդամ: Իսկ 2014-ին, արդեն Վ. Վ. Պուտինի օրոք, հանրաքվեով ՌԴ-ի հետ Ղրիմի վերամիավորման պատճառով, ՌԴ-ին դուրս հանեցին «Մեծ յոթնյակի» կազմից: Միաժամանակ ՌԴ-ն ընկավ արևմտյան տերությունների պատժամիջոցների տակ: Արևմուտքի կողմից ՌԴ-ին տրված քաղաքատնտեսական բոնուսի ժամանակահատվածն ավարտվեց: 

Ղրիմի վերամիավորմամբ Ռուսաստանը կատարեց միաբևեռ աշխարհի կազմաքանդման առաջին քայլը: Բայց դա զարմանալիորեն չընկալվեց որպես այդպիսին: Որովհետև ՌԴ-ն ռազմական առումով դեռևս չուներ այն ներուժը, որ ձեռք բերեց 10-ականների երկրոդ կեսին: Ինչի հիմքում ռուսական Ավիացիոն-տիեզերական ուժերի զարգացումն էր և հատկապես բազմատեսակ ռազմական հրթիռների հաջող գործարկումը: 2022 թ.-ի փետրվարի 24-ի հատուկ ռազմական գործողությամբ միաբևեռ աշխարհի վերացումը դարձրեց ընդամենը ժամանակի հարց: Դրան նպաստեց նաև աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող Չինաստանի հետ ՌԴ ռազմա-տնտեսական համագործակցությունը: 

Բայց դրա արդյունքում Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքում ձևավորվեց բացասական վերաբերմունք: Կրկին մեջտեղ բերվեցին պատժամիջոցները, բայց այս անգամ ոչ միայն տնտեսական՝ այն էլ համընդհանուր, այլև մարզական, մշակութային և այլն: ՌԴ ղեկավարության և գործարարների նկատմամբ բացասական վերաբերմունքը սկսվեց դրսևորվել նաև շարքային քաղաքացիների նկատմամբ՝ կենցաղային մակարդակում: ՌԴ-ի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինայի հետ համերաշխության գործընթացը վերածվեց հակառուսականության ցույցի: Ենթադրում եմ, որ ուկրաինական իրադարձություններն ընդամենը առիթ էին, իսկ պատճառը միաբևեռ աշխարհի վերացման ուղղությամբ Ռուսաստանի իրականացրած գործունեությունն էր: Ինչը, բնականաբար, հաճելի չէր կարող լինել հատկապես Միացյալ Նահանգներին: Ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ ԱՄՆ-ը տնտեսական պատերազմների մեջ էր Չինաստանի հետ: Եվ այդ դեպքում ևս պատճառը նույնն էր. տնտեսապես և ռազմական առումով հզորացած Չինաստանը սկսել էր կռիվ տալ աշխարհի միաբևեռության դեմ: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հակառուսականությունը դարձել է արևմտյան տերությունների պետական քաղաքականություն, որին ստիպված են ենթարկվել փոքր ու միջին պետությունները՝ հատուկենտ բացառությամբ գազի կամ նավթի մատակարարումների առումով (Հունգարիա, Սլովակիա, Ավստրիա և այլն): Թե որքան է դրանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պահպանման նկատմամբ «հոգածությունը»՝ դժվարանում եմ ասել: Որովհետև այդ հոգածության իսպառ բացակայությունը մենք զգացինք մեր մաշկի վրա 2020 աշնանային պատերազմում: Եվ ինչպես ավելի ուշ հայաստանյան ընդդիմության ներակայացուցիչներին էին խոստովանել եվրոպական քաղաքական գործիչները, այդ բացակայության պատճառը Ադրբեջանի հետ արևմտյան երկրների աշխարհա-քաղաքական շահերն էին: Այնպես որ այսօր կրկին առաջին պլան են մղված ոչ թե հումանիզմը, այլ առանձին երկրների շահերը:  
Ասվածի վկայությունը Կիևի մարզի Բուչա քաղաքի ճանապարհին երկու տասնյակ դիերի նկարահանումն էր ու տարածումը ուկրաինական իշխանությունների ու լրատվամիջոցների կողմից: սակայն ողջ խնդիրն այն է, որ Բուչայում «սպանությունների» մասին գրառումները հայտնվել են քաղաքից ռուսական զորքերի հեռանալուց չորս օր անց։ Ինչպես նաև այն, որ որպես «օկուպացիայի զոհեր» ներկայացված դիակների վրա նկատվել են ռուս զինվորականների նույնականացման նշաններ։ Ինչը նշանակում է, որ կատարվածը կեղծ տեղեկատվություն էր և նպատակ էր հետապնդում ՆԱՏՕ-ին դրդելու, որպեսզի այդ կազմակերպությունը խառնվեր իբրև թե ուկրաինացիների հետագա «ցեղասպանությունը» կանխելու համար: Ի դեպ, Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել այդ սադրանքի հարցով։ Կարծում եմ, որ Արևմուտքը դրան չի գնա, քանի որ ՄԱԿ-ի մակարդակով կբացահայտվի կեղծարարությունը:

Այստեղ զարմանալին ո՛չ ուկրաինական և ո՛չ էլ արևմտյան կողմերի գործողություններն են: Դրանք ենթարկվում են պատերազմի կանոններին և անսպասելի չեն: Զարմանալին հայկական այն շրջանակներն են, որոնք, հակառուսականությունը դրոշ դարձրած, իրենց զրկել են առողջ դատողության վերջին մնացորդներից: Ռուսական զորքերը փախուստի չեն դիմել Կիևի մերձակայքից, այլ վերախմբավորման նպատակով շարժվել են դեպի Դոնբաս: Եվ եթե նույնիսկ պատերազմական հանցագործություններ կատարած լինեին, ապա դժվար չէր հետքերը թաքցնելը: Բայց նրանք թուրքեր չեն և չեն պատերազմում այնպես, ինչպես թուրքերը, որոնց ձեռագիրը մենք տեսանք տարիուկես առաջ: Իսկ ուկրաինական պաշտոնական տեղեկատվությունը ճիշտ այնպիսին է, ինչպիսին նիկոլականն էր 2020-ի աշնանը: Եվ նրանք, ովքեր հայկական պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահություն չեն տածում, չգիտես ինչու, նույն վերաբերմունքը չունեն ուկրաինականի հանդեպ: Մնում է մտածել, որ գիտակցորեն չեն ցանկանում ունենալ: Այլապես իրենց հակառուսականությունից բան չէր մնա: 

Հ. Գ. Նույնիսկ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն է հայտարարել, որ չունի Բուչայում կատարվածը հաստատող անկախ աղբյուրներից ստացված տեղեկություններ։ ԱՄՆ-ը չի կարող նաև անկախ և ինքնուրույն կերպով հաստատել դրանք: Ինչը հերթական անգամ հաստատում է, որ այդ ամենը կեղծ էր: