Նիկոլի սխալը

Նիկոլի սխալը

Նախորդ մամուլի ասուլիսից ընդամենը երկու ամիս անց թե ինչու Նիկոլը կազմակերպեց հաջորդը՝ չեմ հասկանում: Չեմ հասկանում, քանի որ երկու ամսվա ընթացքում որեւէ դրական բան չէր կատարվել Հայաստանում կամ Արցախում: Թշնամի երկրի զինվորները, օրինակ, չէին հեռացել ՀՀ օկուպացված տարածքներից: Կամ՝ թշնամի երկրի ղեկավարը չէր ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Թշնամի երկրի մայրաքաղաքի բանտերից չէին վերադարձվել մեր գերիներն ու առեւանգված զինվորականները: Այն գերիները, որ 2021 թվականին մի երկու ամիս ավելի էին մնալու Բաքվի զնդաններում՝ հանուն Հայաստանի Հանրապետության:

Հիշում եք, չէ՞, նման արտահայտություն էր թույլ տվել երբեմնի «դուխով» Նիկոլը՝ խայտառակ պարտությունից հետո: Եվ նույնիսկ երեք հազար դրամով թոշակների բարձրացումը չէր առաջացրել թոշակառուների ցնծություն եւ դիֆերամբներ Նիկոլի հասցեին: Էլ չասած, որ հայկական առաջին արհեստական արբանյակը չէր փայլել տիեզերքից արված իր լուսանկարներով: Որ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին չէր վերածվել բարձրտեխնոլոգիական արտադրության հաբի: Ընդհակառակը, Գյումրու՝ դեռեւս չկառուցված «չոր նավահանգիստը» բնական տարերքի շնորհիվ վերածվել էր «ջրային նավահանգստի»: Եվ եթե Նիկոլի փոխարեն ադեկվատ մեկը լիներ վարչապետի պաշտոնին, ապա շատ երկար կմտածեր, նախքան հերթական մամուլի ասուլիս հրավիրելը:  

Ինչեւէ, Նիկոլն արեց իր քայլն ու սխալվեց: Մամուլի ասուլիսը վերածվեց նրա իշխանության դատապարտման 315 րոպեանոց ներկայացման: Նույնիսկ իշխանական ու արեւմտյան լրատվական կայքերի լրագրողներն էին տալիս հարցեր, որ ինքը չէր ուզենա ստանալ: Քանի որ նույնիսկ իր ավանդական կռուտիտները չէին օգնում իրեն: Իհարկե, ժամանակ առ ժամանակ իրեն դնում էր չիմացողի տեղ: Հաճախ տրված հարցին ուղղակի պատասխան տալու փոխարեն սար ու ձոր էր ընկնում: Եվ հարց տվողը ստիպված կրկնում էր հարցը: Ժամանակ առ ժամանակ էլ չէր համաձայնում հարցի բովանդակության հետ. ասենք, գործադիր իշխանության կողմից դատական համակարգն իրեն ենթարկեցնելն ու որպես դրա դրսեւորում՝ քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում: Եզրափակեմ՝ իր նախկին գործընկերների հետ «մենամարտում» Նիկոլը պարտվեց: Այն, ինչ  երբեք տեղի չէր ունենում նախկինում եւ համարյա թե տեղի չէր ունենում խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ: Բայց այդ տարբերության պատճառը ոչ թե լրագրողների ավելի խելացի լինելն էր, այլ Նիկոլի սխալը: Ինքն իրեն «մոնոներկայացման» ռեժիսոր զգալով՝ նա այս անգամ թույլ տվեց լրագրողներին ավելի ազատ լինել իր հետ, քան դա թույլատրվում էր նախկինում կամ խորհրդարանական կանոնակարգով: Ու այդ պատճառով էլ պարտվեց, ինչի վկայությունն անընդհատ իրենից դուրս գալն էր: Եվ հանգիստ ու հավասարակշռված վիճակից շարունակ բորբոքված վիճակին անցնելը:

Բայց Նիկոլին եւ նրա շրջապատին կարող եմ հանգստացնել՝ վերեւում ասվածը որեւէ ձեւով չի անդրադառնալու բնակչության այն 15-20 տոկոսի վրա, որ նրան անսխալական է համարում: Ինչը, ի դեպ, զուտ հայաստանյան երեւույթ չէ, համենայնդեպս, այդպիսին է մեզ նման երկրներում: Կամ էլ եթե այդ զանգվածն ընդունում է, որ Նիկոլը սխալ է գործել, ապա ընդամենը գլուխն ազատում է այդ թեմայից՝ ասելով, թե խեղճ հարիֆն ինչ կարա անի: Բայց նույնիսկ այդ զանգվածի համար բերեմ մի կիսամոռացված պատմություն: ԽՄԿԿ Կենտկոմի վերջին գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը 1988-ի դեկտեմբերի 10-ին այցելել էր երկրաշարժից քարուքանդ եղած Գյումրի: Ավերակների մեջ թաղված քաղաքում գյումրեցիներից մեկը նրան հարց էր ուղղել ոչ թե Գյումրու, այլ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Նա, բնականաբար, զարմացել ու զայրացել էր, որ երկրաշարժից քանդված քաղաքում ինչ-որ մեկը նման հարց է ուղղում իրեն: Բացատրեմ, թե ինչու հիշեցի այդ պատմությունը. երբ Նիկոլից փորձում են ճշտել, թե ինչու 2021 թվից այս կողմ Արցախի հարցում ՔՊԿ-ական ծրագիրը չի իրականացվել, վերջինս կարդում է ծրագրի տնտեսական մասի կետերը: Ու հռետորական հարց է տալիս, թե չե՞ն իրականացվել, արդյոք, դրանք: Ինչպես տեսնում ենք, Արցախի հարցի նկատմամբ օտար Գորբաչովի ու «մեր» Նիկոլի վերաբերմունքում տարբերություններ չկան: Սա՝ նաեւ Ռուսաստանն անընդհատ քննադատող նիկոլականներին ի գիտություն: