Անակնկալներ, հիասթափություններ՝ ով ում ցուցակում է հանգրվանել

Անակնկալներ, հիասթափություններ՝ ով ում ցուցակում է հանգրվանել

Նախօրեին քաղաքական ուժերը նախընտրական ցուցակները ներկայացրին ԿԸՀ, սակայն ոչ բոլորն են, որ հրապարակել են դրանք ամբողջությամբ։ Օրինակ՝ «Հայրենիք»-ՀՀԿ կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքը, ի տարբերություն այլ ֆավորիտների, գաղտնազերծել է առաջին տասնյակը։ Չնայած 11-րդ հորիզոնականում հայտնի Միհրան Պողոսյանն է՝ Քեթրինի Միհրանը, ով հետախուզման մեջ է, եւ մտահոգություններ կան, որ ԿԸՀ-ն կարող է չգրանցել նրա թեկնածությունը։

Մի բան պարզ է, որ 23 կուսակցությունների եւ 4 դաշինքների մասնակցությունը, ինչպես նաեւ դրանց ցուցակները հասարակության մեծամասնության կողմից չեն ընդունվել մեծ խանդավառությամբ, եթե չասենք՝ հիասթափություն են առաջացրել։ Սպասելիքները քաղաքական ուժերից ավելին էին՝ սա պետության, պետականության եւ ազգի գոյատեւման ընտրություն է։ 
Բնականաբար, ամենամեծ հիասթափությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանական ցուցակից է։ Թվում էր, թե իշխանությունը դասեր կքաղի 44-օրյա պատերազմից եւ հանրությանը կներկայանա գերպրոֆեսիոնալների, փորձառու մասնագետների ծանրակշիռ գվարդիայով՝ հրաժարվելով անկիրթ ու անփորձ «ուսապարկերից», եւ հույս կներշնչի, որ իրենց հետ «ապագա կա», բայց իշխանական ցուցակը գրեթե չի տարբերվում նախորդից։ Որոշ իշխանականների զբաղեցրած հորիզոնականներն են փոխվել, ավելացել են մի քանի անհասկանալի դեմքեր։ Մյուս կողմից՝ իրեն հարգող եւ սկզբունքային մեկը չէր համաձայնի տեղ գտնել աղետաբեր իշխանության ցուցակում, ասում են՝ շատերին են առաջարկել ու մերժում ստացել։

Ամենամեծ անակնկալը, բնականաբար, գործարարներ Խաչատուր Սուքիասյանի եւ Գուրգեն Արսենյանի ներկայությունն է․ քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու մասին մշտապես խոսող Նիկոլ Փաշինյանը թերեւս հասկանում է, որ այլեւս չի կարող պարտադրել որեւէ օլիգարխի կամ գործարարի՝ ստվերային աջակցություն ցուցաբերել իր թիմին, ու այս մարդկանց մանդատով է շահագրգռում եւ մնացել է ճամբարափոխների հույսին՝ ցուցակի 52-րդ համարը ԲՀԿ-ից հեռացած Սերգեյ Բագրատյանն է։ ՔՊ ցուցակի անակնկալներից են նաեւ ՀԱԿ-ին հարող գեներալ Գագիկ Մելքոնյանը, մի քանի կուսակցություն փոխած Վիգեն Խաչատրյանը, նախկին նախարար Հակոբ Արշակյանը, ով հեռացվեց լրագրողին ծեծելու պատճառով, եւ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը, որը փոխգնդապետի հայտնի ծեծից հետո ազատվեց պաշտոնից։ Գործող մոտ 2 տասնյակ պատգամավոր ցուցակից ընդհանրապես դուրս են մնացել․ չեն ընդգրկվել ԱԺ խոսնակի հովանավորյալ Աննա Կարապետյանը, Սիփան Փաշինյանը, Հովհաննես Իգիթյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Արտակ Մանուկյանը, Սոս Ավետիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, ով, ի դեպ, պատերազմից հետո առաջիններից հորդորել էր Փաշինյանին հրաժարական տալ։ Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները եւս տեղ չեն գտել, դուրս են մնացել նաեւ Համազասպ Դանիելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Միքայել Զոլյանը, ում հայրը կոշտ գրառում էր արել Փաշինյանի հասցեին, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանը, ով իր վրա էր վերցրել անցանկալի  լրատվամիջոցների դեմ արշավը եւ «մեդիատեռորի» դեմ էր պայքարում, բայց ջանքերը չգնահատվեցին, Գոռ Երանյանը եւ այլք։

Մխիթար Հայրապետյանը, որը 2018 թվականին ցուցակի 14-րդն էր, այս անգամ հայտնվել է վերջում՝ 157-րդն է։ Նախորդում 34-րդը, նորում 74-րդն է խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, իսկ «Հայկական ժամանակի» լրագրող Հայկ Գեւորգյանը 45-ից իջել է 151-րդ տեղը։ Կան լուրեր, որ երեքին էլ գործադիր է ուզում տանել։ Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը, 44-րդ տեղում է։ Անցած ընտրություններին 181 համարի տակ հանդես եկող աներձագը՝ Հրաչ Հակոբյանը, վագրային ցատկով հասել է 55-ի։ Չկա ռեյտինգային ընտրակարգը, որ իշխանության սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն աշխատի հանուն աներձագի եւ նրան գործուղի խորհրդարան, դրա համար Փաշինյանն այդ բեռն իր ուսերին է վերցրել։

5 հորիզոնականով դիրքերը բարելավել է նաեւ Փաշինյանի սեւ գործերի կառավարիչ, կրիմինալի հետ սերտ կապեր ունեցող Հայկ Սարգսյանը՝ 50-րդն է։ 50-ից հետո են առողջապահության հանձնաժողովի նախագահ, Արարատ Միրզոյանի սանիկ Նարեկ Զեյնալյանը, Թագուհի Ղազարյանը, Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը, Արարատի մարզպետի որդին՝ Սեդրակ Թեւոնյանը, Քրիստինե Պողոսյանը, ով Փաշինյանին վստահում է «մեկ բառից», Սերգեյ Մովսիսյանը, վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանը, Արեն Մկրտչյանը, Մաթեւոս Ասատրյանը։
Ոչ պակաս հիասթափություն է առաջացրել նաեւ ընդդիմադիր բեւեռի անվիճելի առաջատար Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ցուցակը։ Թեեւ թիմը վստահեցնում էր, որ բծախնդրությամբ է կազմվում ցուցակը, եւ ենթադրվում էր, որ պետք է տեխնոկրատներից կազմված լինի, բայց հանրությանը ներկայացվեց մի մեծ մասով դաշնակցականներից եւ ոչ այնքան հայտնի նորաստեղծ կուսակցության անդամներից կազմված ցանկ․ խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանի» մասին է։ Անակնկալ էր Արմեն Ռուստամյանի հայտնությունը ցուցակում, ով բավականին պասիվ էր վերջին տարիներին, թե՛ Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած փողոցային պայքարի ժամանակ, թե՛ դրանից առաջ։ Ի դեպ, խոսվում է, որ Ռոբերտ Քոչարյանը տեխնոկրատների ցուցակ էլ ունի, կադրային ծանր հրետանի, որոնց հիման վրա ձեւավորելու է կառավարության կաբինետը, եթե, իհարկե, ինչպես խոստացել է՝ «կրի» ընտրություններում։

«Պատիվ ունեմ»-ի ցուցակի մոտ 20 համարներն էլ են գաղտնազերծված՝ այստեղ ե՛ւ ՀՀԿ-ականներ կան, ե՛ւ անկուսակցականներ, ե՛ւ գործարարներ։ ՀՀԿ-ական հին դեմքերը հիմնականում չկան, միայն Տարոն Մարգարյանն ու Արման Սահակյանն են, մեկը երկրորդ համարն է, մյուսը՝ 10-րդը, փոխարենը նախկին ԲՀԿ-ական, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն է, նախկին իմքայլական Թագուհի Թովմասյանը, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը եւ այլք։ Վանեցյանի կուսակցության կորիզից տասնյակում միայն Արսեն Բաբայանն է։ Երկրորդ տասնյակում «ձայն բերողներն» ու նրանց որդիներն են։ Ամեն դեպքում, «Պատիվ ունեմ»-ը ընդդիմադիր երկրորդ ուժն է, որը, վստահաբար, կհայտնվի խորհրդարանում։

Փոփոխություններ են կատարվել նաեւ ԼՀԿ ցուցակում․ այն գլխավորող Էդմոն Մարուքյանից հետո երկրորդը Արտյոմ Գեղամյանն՝ է իրավաբանական գիտությունների թեկնածու, երրորդը՝ Անի Սամսոնյանը, ապա՝ Գեւորգ Գորգիսյանն ու Դավիթ Խաժակյանը: Ցուցակի առաջին տասնյակում չկան գործող պատգամավորներ Արկադի Խաչատրյանն ու Աննա Կոստանյանը: Փոխարենը անակնկալ դեմք կա՝ 8-րդ հորիզոնականում Կանադայում նախկին դեսպան, ՀՀԿ ֆրակցիայի նախկին պատգամավոր, ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանն է՝ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը։

Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ ցուցակն անհատների դաշինք է հիշեցնում․ այստեղ հանգրվանել են ե՛ւ կուսակցական, ե՛ւ ապակուսակցական դեմքեր՝ Տիգրան Պասկեւիչյանը, «Չէին սպասում» հաղորդման Սուրեն Շահվերդյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ՀԱԿ հին գվարդիայից՝ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Բագրատ Ասատրյանը, Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, 4-րդ տեղում գործարար Հայկ Մաղաքելյանն է, ով, ըստ հրապարակումների, 2015 թվականից լուրջ ֆինանսական խնդիրներ ունի (անգամ քրեական գործ է հարուցվել) եւ 2017-ին ընդգրկվել է նախկին  իշխանությունների հիմնած «Հայաստանի ներդրողների ակումբում»։ Հիմնադրել է «Հայք» քաղաքական կուսակցությունը:

Մյուս կուսակցություններին կանդրադառնանք հաջորդիվ»։