Գյուղերում բնակարան գնողները հող էլ պետք է գնեն, որ մշակեն

Գյուղերում բնակարան գնողները հող էլ պետք է գնեն, որ մշակեն

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարությունն արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագիր է առաջարկում․ 3 մլն դրամ՝ 1 շնչին: Գրել էինք, որ այս առաջարկը 2 շաբաթ առաջ ներկայացրել են Արցախի նախկին պաշտոնյաներին, որոնք նշում էին, որ այդ գումարով հնարավոր չէ լուծել բնակարանի խնդիր, մանավանդ` դա անհատույց գումար չէ, չափահաս անձինք 10 տարվա ընթացքում պետք է վերադարձնեն գումարը: Գուցե բազմանդամ ընտանիքները կարողանան լուծել իրենց հարցերը, ասենք՝ 10 հոգանոց ընտանիքը 30 միլիոն դրամով բնակարան ձեռք բերի։ Բայց նման ընտանիքները շատ չեն, իսկ ի՞նչ անեն փոքր ընտանիքները կամ միայնակ մարդիկ։ Զրուցեցինք անշարժ գույքի շուկայում երկար տարիներ աշխատած Մհեր Ասատրյանի հետ՝ կարո՞ղ են մարդիկ այդ գումարով տուն ձեռք բերել, որտե՞ղ, ո՞ր մարզերում: Ասենք՝ 4 հոգանոց ընտանիքը կարո՞ղ է 12 միլիոնով գնել։

«Այսօր անշարժ գույքի շուկայում նկատվում է գնիջեցում, եւ Ձեր նշած գումարների շրջանակներում մարդիկ կարող են հարմարավետ բնակարաններ ձեռք բերել Երեւանից դուրս՝ մարզերում, բայց Երեւանում եւ հարակից բնակավայրերում այնքան չի իջնի, որ 18, 20 միլիոն դրամով բնակարան գնեն եւ կարողանան մի քանի հոգով ապրել։ Եթե ընտրեն մարզերում, գյուղերում, ապա Ձեր նշած գումարներով կկարողանան բնակարան գնել: Մարդկանց հատկացնելով ինչ-որ չափի գումարներ՝ փորձում են ցույց տալ, որ խնդիրը լուծված է, բայց շատերը չեն կարողանալու այդ գումարներով բնակարան գնել, եթե ընտանիքի անդամների թիվը չի հասնում 8-ի կամ 10-ի։ Եվ շատերն աշխատանք գտնելու, կոմունիկացիաների համար ընտրում են Երեւանը կամ ավելի մոտ բնակավայրեր։ Գյուղերում էլ բնակարան գնողները պետք է հող ունենան, որ մշակեն՝ ապրեն, բայց այդ գումարներով ե՛ւ տուն, ե՛ւ հող գնելն անհնարին է։ Եթե պետությունը ցանկանում է խնդիրը լուծել, կարող էր ինքն իրականացնել բնակարանաշինություն, որտեղ քառակուսի մետրն իր վրա շատ ավելի էժան կնստեր, քան անհատ կառուցապատողի։ Եթե կառուցապատողի վրա 500-600 դոլար է նստում, ապա պետության վրա կնստեր 300-350 դոլար, քանի որ շատ ծախսեր պետությունը չի անում, օրինակ, հող գնել, թույլտվություն ստանալու համար վճարներ, հարկատեսակներ: Պետությունը կարող էր տարբեր քաղաքներում նոր թաղամասեր կառուցել»։