Ալափարսում խուճապ չկա, մահացած կնոջ հարազատները մեկուսացվել են

Ալափարսում խուճապ չկա, մահացած կնոջ հարազատները մեկուսացվել են

Երեկ երեկոյան Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ, 59 տարեկան Մարգարիտա Գրիգորյանը: 

Արդեն հաղորդել ենք, որ կնոջ մոտ ախտորոշվել էր միակողմանի թոքաբորբ: Ալափարս համայնքի վարչական ղեկավար Արտակ Սարիբեկյանը «Հրապարակին» ասաց, որ այդ կինը վաղուց էր հիվանդ: «Նա վաղուց պառկած էր, տարբեր հիվանդություններ ուներ, կարծեմ, թոքի կեսը չկար, վիրահատված էր: Չեմ կարծում, որ նրա մոտ կորոնավիրուս էր, բայց դա հստակ չի դեռ, պատասխանը կգա, կիմանանք»: 

Մարգարիտա Գրիգորյանը բնակվում էր որդու ու ամուսնու հետ: Նրանք, ըստ գյուղապետի, թեստ են հանձնել և մեկուսացված են: «Առհասարակ, գյուղում պանիկա չկա: Մարդիկ շուտով անցնելու են գյուղատնտեսական աշխատանքների: Մեզ մոտ հողի աշխատանքներն ապրիլին են սկսվում», - ասաց գյուղապետը:

Նրան հարցրեցինք նաև, թե ինչպես են ընդունել գյուղացիները կառավարության կողմից գյուղացիներին տրված արտոնությունները, անտոկոս վարկավորման առաջարկը: «Լավ, ուրախ են, բայց հիմա դեռ ոչ ոք ռիսկ չի անում նոր վարկ վերցնի: Մարդիկ չգիտեն, իրենց գլխին ինչ կգա»: