Նախագահի պատասխանատվությունը

Նախագահի պատասխանատվությունը

Արցախում իմ ճանաչած միակ քաղաքական գործիչը, որի գրասեղանին գեղարվեստական գիրք տեսել եմ՝ Օլեգ Եսայանն է: Մի շրջան՝ 2000-2005թվականներին, նա Ազգային ժողովում ստեղծել էր ոչ միայն աշխատանքային, այլեւ զուտ ընկերական հարաբերությունների շատ հաճելի մթնոլորտ: Երբեմն համեստ զբոսախնջույքներ էր կազմակերպում: Եւ գրեթե միշտ արտասանում էր Ռասուլ Համզաթովի «Մի կորցրեք ընկերներին» բանաստեղծությունը, որն այսպես է ավարտվում.

Եւ հիմա  բոլորիդ տենչում եմ՝
Մի ժամանակ որ սիրել եք ինձ,
Մի անգամ ինձնից որ չեք ներվել
Կամ որ չեք ներել ինձ մի անգամ :

Արտասանում էր ռուսերեն, ես ներկայացրի իմ տողացի թարգմանությունը: Քաղաքական տարաձայնություններ մենք ունեինք: ԱԺ-ում մեծամասնություն էր ԺԱՄ(Ժողովրդավարական Արցախ միություն) խմբակցությունը, կար ուժեղ դաշնակցական ընդդիմություն, ունեինք անկախ պատգամավորներ: Բայց մենք ընկերներ էինք: Միմյանց ծննդյան տարեդարձն էինք տոնում, մեր կանայք, երեխաները գիտեին իրար: Կար մի կտոր աղուհացի, մի բաժակ գինու, պաշտամունք չասեմ, հարգանք: Արցախում իրավիճակ փոխվեց խորհրդարանական երրորդ ընտրությունների նախաշեմին, երբ Դաշնակցությունն անցավ կոշտ ընդդիմության:

Մի քանի ամիս առաջ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում հաղթել էր Էդուարդ Աղաբեկյանը, եւ օդում ամբողջական իշխանափոխության ակնկալիք կար: Իշխանության պատասխանը հայելային էր, եւ Դաշնակցությունը, որ խորհրդարանում ներկայացված էր  9 պատգամավորով,  ցավոտ կորուստներ ունեցավ, նրան բաժին ընկավ ընդամենը 3 մանդատ: Կորուստներ ունեցավ նաեւ արդեն Արցախի ժողովրդավարական կուսակցություն վերակազմավորված ԺԱՄ-ը: Ասպարեզ էր իջել Ազատ հայրենիքը, որի քաղաքական բենեֆիսը շատ տպավորիչ էր: Ահա այսպիսի իրավիճակում  նախագահ Արկադի Ղուկասյանը նախաձեռնեց սահմանադրության ընդունումը եւ իրավական շրջանակի մեջ առավ իշխանափոխության գործընթացը՝ հստակ հայտարարելով, որ 2007թ. ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրի: Նորընտիր նախագահ Բակո Սահակյանի առաջին քայլը ներարցախյան համերաշխության վերականգնմանն էր ուղղված: Նրա ձեւավորած կառավարությունը, որ գլխավորեց Արայիկ Հարությունյանը, խորհրդարանում ստացավ բոլոր խմբակցությունների վստահության քվեն: Դասական իմաստով դա ազգային համաձայնության կառավարություն էր, որ գործեց մինչեւ 2017թ. նոր սահմանադրության ընդունումը: Ի՞նչ ընթացք կունենար Արցախի քաղաքական կյանքը, եթե 2018-ի հայաստանյան իշխանափոխությունը (հեղափոխությունը) տեղի չունենար՝ այլեւս հրատապ հարցադրում չէ:

Իրականությունը «եթե»-ների չի տրվում: Գործ ունենք փաստերի հետ: Անցած շուրջ երկու տարում Արցախը փորձության, ցնցումների ոչ մի օր չի ունեցել, պետական, հանրային եւ քաղաքական կյանքը բնականոն ընթացքի մեջ է: Պարզապես քաղաքական ուժերը՝ Ազատ հայրենիքը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը եւ ՀՅԴ Արցախի կառույցը, որ համախումբ քաղաքական հենարան էին Բակո Սահակյանի նախագահական իշխանության համար, այսօր առանձին-առանձին հավակնում են երկրի առաջնորդությանը: Վերլուծաբանների, քաղաքական դիտորդների եւ մամուլի ուշադրության կենտրոնում, բնականաբար, ապագա նախագահն է: Բայց քաղաքական օրինաչափությունից վեր կա բարոյական ընկալման անհրաժեշտություն: Բոլոր գործընթացների պատասխանատուն, մինչեւ նորընտիր նախագահը կըստանձնի պաշտոնը, գործող իշխանությունն է՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ, որ նախընտրական այս թոհուբոհում, որ խճողվեց կորոնավիրուսի սպառնալիքով, կարողանում է վստահաբար կառավարել իրավիճակը: Նախագահի պատասխանատվությունն այս իրավիճակում քաղաքականից զատ նաեւ զուտ մարդկային-անհատական է: Քչերն են, ցավոք, դա գնահատում: Բայց ընտրությունները կանցնեն, կձեւավորվի նոր իշխանություն, նոր դերակատարներ կմտնեն քաղաքականություն, եւ երբ ամեն ինչ հանդարտվի, պատմության ստույգ արձանագրումների մատյանում կմնա Բակո Սահակյանի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: Ոչ միայն պետության եւ ժողովրդի ճակատագրի, այլեւ մարդկային այն որակների հանդեպ, որ նա կարողանում է այսօր փրկել քաղաքական կոնյունկտուրայի, արկածախնդրության եւ խարդավանքների ավերումներից: Վաստակյալ հանգստի իր տարիներին, պետք է համոզված լինել, նրա քաղաքական կերպարին վերագրելի է լինելու Ռասուլ Համզաթովի նույն բանաստեղծության այս քառատողը.
Մարդիկ,  խնդրում եմ ի սեր Աստծո՝
Մի ամաչեք բարության համար ձեր,
Կյանքում ընկերներն այնքան շատ չեն,
Զգուշացեք ընկերներ կորցնելուց: