«Հրապարակ». Փորձում են հասնել իշխանափոխության` ավելի արեւմտամետ ուժերին իշխանության բերելով

«Հրապարակ». Փորձում են հասնել իշխանափոխության` ավելի արեւմտամետ ուժերին իշխանության բերելով

Արդեն մի քանի օր է՝ մեր հարեւան Վրաստանում ծայրահեղ լարված իրավիճակ է: Բանը հասել է նրան, որ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են լինում: Ցուցարարները երեկ փորձեցին մուտք գործել խորհրդարանի շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին` կիրառելով ռետինե փամփուշտներ, ջրցան ու արցունքաբեր գազ:

Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, ինչին հաջորդել են զանգվածային բողոքի ակցիաներ: Ցուցարարները պահանջում էին չեղարկել վերոնշյալ օրինագիծը:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը երեկ որոշեց հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Այդ մասին համատեղ հայտարարություն են տարածել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը եւ «Ժողովրդի ուժը» շարժումը: Մենք զրուցել ենք Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ:

- Վրաստանում տեղի ունեցող գործընթացների մասին տարատեսակ գնահատականներ են հնչում: Ի վերջո` այս օրերին Վրաստանում տեղի ունեցող պայքարի նպատակը, պատճառը, ըստ Ձեզ, ո՞րն է: Ինչո՞ւ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը վրացիները սվիններով ընդունում: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

- Օտարերկրյա ազդեցության գործակալների գործունեությունը կարգավորող իրավական ակտեր կան աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ-ից սկսած, մինչեւ Ռուսաստանի Դաշնություն: Դրա հիմնական իմաստն այն է, որ բոլոր այն կառույցները, որոնք ֆինանսավորվում են արտերկրից, դադարեցնեն իրենց գործունեությունը: Այդ կառույցներին, ըստ էության, փորձում են հաշվառել, նրանց գործունեությունը, այսպես ասած, կարգավորել, կարծում եմ` սա նաեւ մոնիթորինգ իրականացնելու գործիք է, որով դրսից ֆինանսավորվող կառույցներն ու կազմակերպությունները հայտնվում են, այսպես ասած, խոշորացույցի տակ: Կոնկրետ վրացական օրինագծին մանրամասն ծանոթ չեմ, սակայն գլոբալ առումով կարող եմ ասել, որ այն վերաբերում է հենց իմ կողմից մատնանշված գործառույթներին: Ինչպես արդեն հայտնի դարձավ` Վրաստանի խորհրդարանն այդ օրինագիծը հետ է կանչել հասարակական ճնշման արդյունքում: Կառավարությունը հետ է կանգնել իր նպատակադրումից: Լավ է սա, թե վատ, չեմ կարող ասել, սակայն այս ամենն ունի հստակ գլոբալ քաղաքական ենթատեքստ: Կարծես թե օրենքի այս նախագիծն ու դրա շուրջ ծավալվող իրադարձություններն ավելի շատ հետեւանք են, իսկ, ահա, բուն խնդիրն այն է, որ Վրաստանի օրվա իշխանություններն ունեն լոյալ վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, իսկ արեւմտամետ ուժերը ստեղծված իրավիճակից դժգոհ են, ուստի փորձում են հասնել իշխանափոխության, իրենց կարծիքով` ավելի արեւմտամետ ուժերին իշխանության բերելով: Կարծում եմ` հիմնական քաղաքական ենթատեքստը սա է:

- Այսինքն` կարելի է ասել, որ Վրաստանում տեղի ունեցողը եւս Ռուսաստան-Արեւմուտք պայքարի արդյունքն է:

- Ես ավելի շատ այն կանվանեի եվրոատլանտյան ինտեգրման առավել կտրուկ կողմնակիցների ու այդ առումով ավելի չեզոք բալանսավորված հարաբերություններ նախընտրող ուժերի պայքար: Մարտ է, մենամարտ է, թե ստրատեգիական կռիվ է՝ դժվար է ասել:

- Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները, ըստ Ձեզ, ուղղորդվա՞ծ են Արեւմուտքի կողմից: Ովքե՞ր են պայքարի առաջամարտիկները` Ձեր կարծիքով:

- Բողոքի ակցիաները կազմակերպել են Վրաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը: Բնականաբար, այդ ուժերը փորձում են հասարակությանը ներգրավել այդ դիմադրության մեջ: Վրաստանի խորհրդարանում «Վրացական երազանք» կուսակցությունն իշխող կուսակցությունն է, խորհրդարանում ընդդիմադիր ուժերը դուրս են եկել պայքարի: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջին օրերին իր բացահայտ աջակցությունն է հայտնել այս պրոցեսներին:

- Կարո՞ղ ենք ասել, որ Վրաստանում արեւմտամետ ընդդիմադիրները հաղթեցին իշխանություններին` պարտադրելով հետ կանչել վերոնշյալ օրենքի նախագիծը:

- Քաղաքականությունը բարդ երեւույթ է, ինչ-որ մի շրջանում ինչ-որ մի հետքայլ անել՝ չի նշանակում պարտվել: Սա, կարծում եմ, տակտիկական քայլ է, եւ ժամանակը ցույց կտա, թե այս ամենն ինչ հետեւանք կունենա:

- Ի՞նչ հետեւանք կարող է սա ունենալ:

- Ամենայն հավանականությամբ, Վրաստանի հետանկախական շրջանի քաղաքական փորձերից ելնելով կարող ենք ասել, որ Վրաստանում ընդդիմությունը կակտիվանա՝ փորձելով ակտիվացնել փողոցային պայքարը, հասարակությանը դարձնելով ավելի քաղաքականացված ու բեւեռացված: Վրաստանի հետագա քաղաքական կյանքը լինելու է չափազանց ակտիվ:
- Վրաստանի ընդդիմությունը կարո՞ղ է ինչ-որ պահի հասնել իշխանափոխության:
- Դժվարանում եմ հստակ ասել, գուցե հնարավոր է, գուցե` ոչ: