Տոպրակ պետք ա՞

Տոպրակ պետք ա՞

Մարդո՛, անխիղճ Մարդո՛, դու հենց այնպես չանցար Արաքսը: Արաքսի եզրին բուն դրած քոչվորի ահ ու սարսափն էիր: Մորթում, սրախողխող էիր անում իրենց ձեռքերի սեփական յաթաղաններով: Քոնը չէիր կեղտոտում: Քոնը հազար տարի առաջ քո նախապապերի ձեռքով անցած սրբություն էր: Իրենցը՝ մորթելու, մորթելուց հետո շեղբը լիզելով մաքրելու, քոչվորի կրքերին հագուրդ տալու համար էր: Ու դու ո՞նց անխիղճ չդառնայիր, ո՞նց Անխիղճ մականունը չվաստակեիր: Քո ձայնից, ստվերից, քո ձիու մանրիկ քայլերից քեզ ճանաչում էին, ու թե չէին հասցնում փախչել, ծնկում էին ոտքերիդ առաջ, աղաչում, աղաչանքը մնում էր բերաններում, իրենց ձեռքով քեզ հանձնած յաթաղանի խզոցով կտրվում: Անխի՜ղճ Մարդո:

- Ես անխիղճ չեմ,- մի անգամ իր Էրգրի գյուղը հիշեցնող գյուղամիջում ասաց Մարդոն,- գուցե անխիղճ եմ, որ հող ու ջուրս թողած ծվարել եմ այս լեռան փեշին, որ ճամփեքը բացվեն, վերադառնամ:

Թեև իր նոր գյուղից Արարատը, Հայկական պարը կարծես իր ափերի մեջ լինեին, բայց դաշտը, Արաքսը ձգում էին: Ամեն առավոտ, ամեն իրիկուն Մարդոն մտքում կապում էր ճամպրուկը, սակայն վերջնական վճիռը չէր կայացնում: Մի առավոտ էլ հագած, կապած գնաց գրասենյակ, նախագահից բեռնատար խնդրեց, քոչը, եղած չեղածը բարձեց ու՝ Երվանդաշատ, ու՞ր ես, գալիս եմ: Երվանդաշատի հնաբնակ թուրքերից մեկը ճանաչել էր Մարդոյին՝ մեքենայի թափքում կանգնած: Գիշերը մի քանի թուրք ընտանիք անձայն ու անհասցե փախել էին գյուղից:

Ուրբաթ լուսաբացին Մարդոն, թոռան ձեռքը բռնած, գնացել, կանգնել էր Ախուրյան և Արաքս գետի խառնարանի մոտ:

- Նայի՛ր,- ասել էր,- աշխարհում այսպիսի գեղեցկություն չկա, այսպիսի խորհրդանշական հրաշք էլ չկա: Սա Հայաստանն է, Միացյալ Հայաստանը: Այս գետերի երկու ափն էլ Հայաստանն է: Կորուսյալ երկիր չկա, կա կորուսյալ միտք: Քանի միտքը սթափ է, երկիրն ամբողջական է: Ես որ մեռնեմ, ինձ կթաղեք այս խառնարանին շատ մոտիկ:

Արմանը ուրբաթ օրերին այցելում էր պապի՝ Մարդոյի գերեզմանին, նստում էր տապանաքարին և նայում Ախուրյանի և Արաքսի ջրերին, որ խմորվում էին, գրկախառնվելուց պտտվում, պտտվոմ, պտտվում ու բաժանվում էին դանդաղ, հանգիստ, դառնում մեկ գետ, մեկ ընթացք, մեկ հուն: Գալիս էր, երբ պիտի բացակայեր գյուղից, գալիս էր, երբ վերադառնում էր: Այդ ուրբաթ, երբ հերթական անգամ նայում էր ջրերին, խոսում պապի հետ, հանկարծ դիմացի սարին խճաքարերից սարքած մի թուրքերեն գրություն նկատեց: Նկարեց, ուղարկեց թուրքագետ ընկերոջը, որ թարգմանի: Քիչ հետո ընկերը պատասխանեց՝ մեր հայրենիքի սահմանը: Արմանը կատաղությունից քիչ մնաց սահմանն անցներ ու եկեղեցու կիսավեր պատի հովին պառկած ասկյարներին էն աշխարհն ուղարկեր:

«Թուրքի մթագնած ուղեղի փայլատակում,- մտածեց Արմանը,- ոնց որ սուլթանն իր ճակատին գրի՝ սուլթանի ճակատ, ասկյարն իր շալվարին գրի՝ ասկյարի շալվար, հարճն իր կրծքին գրի՝ հարճի կուրծք: Սրանով են ապացուցում, որ իրենք հայրենիք ունեն: Ո՞ր մեկի վրա գրեն. Կոնստանդնոպոլսի Սուրբ Սոֆիա եկեղեցու պատերի՞ն, Կիլիկիան ողողող ծովի ալիքների՞ն, թե՞ Կիպրոսի բարեբեր լեռներին»: Հանկարծ ծիծաղելի մի միտք հղացավ ու բարձրաձայնեց՝ պա՜պ,ա՜յ պապ, չլինի՞ քո տապանաքարին էլ գրեմ՝պապիս տապանաքարը:

Ու ինքը պապի փոխարեն պատասխանեց՝ ո՞վ չգիտե, որ սա իմ տապանաքարն է, բայց աշխարը գիտե, որ դիմացի լեռն իրենց հայրենիքը չէ: Գրել են, որ ավելի շատ կասկածելի դարձնեն՝ իրե՞նցն է, թե՞ իրենցը չէ:

Արաքսի և Ախուրյանի զրնգացող ջրերը Արմանին հանեցին հերթական թուրքաստեղծ մղձավանջից: Սակայն խճաքարերը կարծես սարի փեշից մեկ առ մեկ թափվում էին իր գլխին: Այդպես եղել էր մեկ էլ իր պապի, նախնիների ծննդավայրում: Մենակ, առանց ուղեկցողների, զբոսաշրջիկների խմբերից զերծ գնացել էր Մուշ, որ առավոտյան ճամփա ընկնի նախնիների ծննդավայրը՝ Խասգյուղ: Գիշերել էր Երևանում ծանոթացած ծպտյալ հայ մշեցու տանը: Առավոտյան մշեցին խնդրել էր, որ մենակ չգնա, որ ինքը կամ իրեն վստահելի ծպտյալ հայերից մեկն ուղեկցի: Արմանը մերժել էր և մենակ հասել Խասգյուղ:
Խասգյուղն արդեն քրդաբնակ քաղաք էր, ու գրեթե ոչինչ չէր հիշեցնում իր Մարդո պապի պատմություններից: Քաղաքի կենտրոնում, ուր 120, 130 տարի առաջ իրար հետևից շարված էին տեղաբնակ հայերի առևտրի կրպակները, այժմ խանութներ էին, մասնավոր տներ, տարբեր կառույցներ: Մեկ էլ Մեղրագետն էր մնացել նույնը՝ չփոխված հունով ու վճիտ ջրերով, որոնց մեջ լողացող ձկները կարծես օդի մեջ, աչքերիդ դեմ լողային, որոնց նախնիներից շատերը քրդերին կեր էին դառնում այն ժամանակ նախամարդու ստեղծած ձկնորսական եղանակով: Նրանք երկար փայտերի ծայրերին սրած երկաթ էին ամրացնում և ուժգին հարվածով խրում ձկների մարմինների մեջ: Մարդոն գետափին նկատեց մի պատանի նույն գործով էր զբաղված: Թեև դիմագծերը ոչ քրդի էին, ոչ թուրքի, բայց Արմանը կտրականապես որոշեց չմոտենալ պատանուն: Քիչ այն կողմ նկատեց գլգլացող մի աղբյուր՝ գրեթե մի գրկաչափ ջրով: Վախվորած մոտեցավ: Հունը սև էր, ջուրը՝ առատ: Ինքն է: Սևակ անունով աղբյուրը: Երբ խասգյուղցիները գնում էին պանդխտության, հարազատներին հրաժեշտ էին տալիս Սևակի մոտից: Երեք բուռ ջուր էին վերցնում, խմում, երեսները լվանում ու հրաժեշտ տալիս: Վերադարձին էլ առանց նույն բանն անելու չէին մտնում հարազատ օջախ: Արմանը դողացող ձեռքերը բուռ սարքեց, նայեց ջրին ու շշնջաց՝ Մարդո պապ, սա քո փոխարեն: Գլգլացող արցունքների հետ ագահորեն խմեց Սևակի ջուրը, որ վերջին շնչում ցանկացել էր Մարդո պապը:

Ժամանակին աղբյուրի դիմաց գտնվում էր Խասգյուղում ու Մշո դաշտում հայտնի Բդեների խանութը: Շուկայի երեսունից ավել խանութներից հայտնի էր նրանով, որ չճարվող բան չկար այնտեղ: Գրեթե նույն տեղում գոյացել էր ժամանակակից մի շինություն, ուր դարձյալ ամեն ինչ ճարվում էր: Արմանը Խասգյուղ մտնելուց առաջ մոտավորապես նշան էր արել իրենց՝ Գավռցոց կոչվող թաղը և որոշել այնտեղից մի բուռ հող տանի պապի գերեզմանին:
Մտավ դիմացի խանութ, խանութպանին փորձեց հասկացնել, որ տոպրակ է ցանկանում գնել: Խանութպանը, որ Ստամբուլից եկած մի փորձված թուրք էր, անմիջապես գլխի ընկավ, որ այցելուն հայ է: Արմանը ակամա հայերենով երկու անգամ կրկնեց՝ տոպրակ եմ ուզում, տոպրակ: Թուրքը, որ լավ գիտեր, թե հայերը տոպրակ են ուզում, որ իրենց նախկին բնակավայրից հող տանեն, իբր չհասկանալով նորից կրկնել տվեց Արմանին ասածը: Արմանը նորից՝ տոպրա՜կ, տոպրա՜կ: Հանկարծ թուրքը կատաղած, ձեռքի անկանոն շարժումներով սկսեց բղավել Արմանի վրա, թուրքերենով ինչ- որ բաներ ասել, հայհոյել: Արմանը հասկացավ, որ հայհոյում է, բայց գլխի չէր ընկնում ինչի համար: Հանկարծ շրջվեց ու նկատեց այն պատանուն, որ Մեղրագետում ձուկ էր որսում: Նա Արմանին հարցրեց՝ հըյի՞: Արմանը գլխի դրական շարժում արեց, ապա պատասխանեց.

- Հա՛յ եմ, հա՛յ:Ի՞նչ է ասում այս մարդը, ինչո՞ւ է այսպես գոռգոռում:

Տղան բացատրեց, որ տոպրակը թուրքերեն հող է նշանակում, որ խանութպան թուրքը ասում է, որ դուք հող չունեք, դուք անհավատ եք, իսկ անհավատներին պիտի վերացնեն:
Արմանը դուրս եկավ խանութից, խնդրեց պատանուն իրեն ուղեկցել, սակայն պատանին, ձեռքն օդի մեջ թափահարելով, հրաժեշտ տվեց և անհետացավ դիմացի նրբանցքում:

Խճաքարերի հետ խանութպան թուրքի անհասկանալի բառերը թափվում էին Արմանի գլխին: Միայն պապի տապանաքարը հենարան զգալու բնազդն էր, որ գուցե Արմանին հաներ այդ մղձավանջից, եթե ուղեղը հանկարծակի չշանթահարեր երևանյան սուպերմարկետների գեղեցկատես աղջիկների աղերսալի ու կարծես մեղավոր ձայնը, երբ անգամ մեկ տուփ լուցկի գնելիս ասում են՝ տոպրակ պետք ա՞: Իսկ ձայները աղմուկ դարձած կրկնվում են՝ գյավուրը հող չպիտի ունենա, մյուս կողմից՝ տոպրակ պետք ա՞:

Փորձում է ներքաշվել խառնարանի աղմուկի մեջ, սակայն նորից շանթահարող ձայները՝ գյավորը հող չունի, տոպրակ պետք ա՞: Ու հանկարծ սկսեց խղճալ գեղեցկատես վաճառողուհիներին, սիրել, մանավադ նկատել էր, որ շատերը օտարներին իրենց լեզվով հաճելիորեն պատասխանում են, իսկ նրանց տերերի համար նրանք նվաստ վաճառողուհիներ էին, որ պիտի առաջին հերթին հաճախորդին հարց տային՝ տոպրակ պետք ա՞:

…Չէ՞ որ տոպրակը փող է, իսկ հողը՝ ոչինչ…

Արմա՜ն, խեղճ Արման, ո՜նց են թափվում խճաքարերը գլխիդ, ոնց ես առել գլուխդ ափերիդ մեջ, բա որ պապդ՝ Մարդոն, իմանա, քանի անգամ շուռումուռ կգա գերեզմանում, Արման, խեղճ Արման:

Իսկ Ախուրյանը հոսում, գալիս գրկախառնվում է Արաքսին, խմորի նման պտտվում, պտտվում, պտտվում ու բաժանվում՝ մեկ գետ դարձած:

Ո՞ւր է հոսում, չգիտեմ: 

Նորայր Գրիգորյան