Գյումրիում տուրիստական բում է՝ չհաշված «Հյուսիս-հարավը»

Գյումրիում տուրիստական բում է՝ չհաշված «Հյուսիս-հարավը»

Կարանտինի «շորհիվ» մարտ ամսից փակված սահմանների պատճառով Հայաստանում այս տարի ակտիվացավ ներքին տուրիզմը։ Եվրոպական երկրներին ու ծովափնյա հանգստին սովոր հայ զբոսաշրջիկները այս տարի ստիպված եղան բավարարվել հայկական գյուղերով ու քաղաքներով, բացահայտել Հայկական լեռնաշխարհի բարիքներն ու գեղատեսիլ վայրերը։ Եվ պարզվեց՝ մի հրաշալի երկիր ունենք, որտեղ կարելի է բազմաթիվ զբոսաշրջային գողտրիկ վայրեր բացահայտել, մոտիկից ծանոթանալ մեր երկրին ու պատմությանը։ Տուրիստական մեծ հոսք սկսվեց Հայաստանի տարբեր մարզեր՝ հիմնականում Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք հատկապես վերջին մեկ ամսում, երբ պարետատունը թուլացրեց կարանտինային սահմանափակումները։

Այս իմաստով կարելի է առանձնացնել հատկապես Գյումրին, որը «աշխարհի կենտրոնը» համարվելուց զատ՝ այս տարի դարձավ Հայաստանի տուրիստական կենտրոնը։ Իհարկե, Գյումրիում տուրիստական բում անցյալ տարի էլ է եղել, և այնպես չէ, որ հայերը այս տարի միայն «ճարահատյալ» սկսեցին այցելել Գյումրի, և այդ իմաստով տուրիստական հոսքը անցյալ տարվա համեմատ անհամեմատ ավելի ցածր է։ Սակայն, հաշվի առնելով փակ սահմաններն ու կարանտինային սահմանափակումները, Գյումրին, համեմատած մյուս քաղաքների, հատկապես վերջին երկու շաբաթում իսկապես տուրիստական բում է գրանցել։ Հիմնականում մարդիկ ուիքենդին են նախընտրում մեկնել Գյումրի՝ ուրբաթ երեկոն ու շաբաթ, կիրակի օրերն անցկացնել Հայաստանի «հայրաքաղաքում»։ Եվ, կարելի է ասել,  այդ օրերին Գյումրու տուրիստական վայրերում ուղղակի ասեղ գցելու տեղ չկա, դրանում ինքներս էլ համոզվեցինք՝ այս օրերին այցելելով Գյումրի։ 

Նշենք, որ Գյումրիում անցած տարի է տուրիստական բում եղել, ու եթե անցած տարի շաբաթվա հինգ օրն էր տուրիստների մեծ հոսք, ապա այս տարի վերջին մեկ ամիսը հիմնականում ուիքենդին է, որ ասեղ գցելու տեղ չկա։ 

Հայտնի է, որ Գյումրին հարուստ է իր թանգարաններով, որը տուրիզմի խթանման առաջնային միջոցներից է։ Բայց դեպի Գյումրի տուրիստական հոսքին նպաստում են ոչ միայն թանգարանները, այլև նորաբաց ռեստորանները, ժամանցի կենտրոնները, որոնցում կարանտինի սահամանափակումների թուլացումներից հետո արդեն սկսել են ակտիվ միջոցառումներ անցկացնել, և դրանց մասնակցությունը մեծ մասամբ ապահովում են հենց տուրիստները։ Ավելի հստակ՝ Երևանի ու Հայաստանի այլ մարզերից ժամանած մեր հայրենակիցները։ 

Գյումրիում վերջին մեկ տարում սկսեց զարգանալ երաժշտական ժամանցային ռեստորանների՝ «մյուզիք հոլերի» մշակույթը։ Օրինակ՝ Hayat Music hall-ը, որը կարանտինի սահմանափակումները թուլացնելուց հետո իր առաջին միջոցառումն ունեցավ և նշեց իր բացման մեկ ամյակը։  Այսօր արդեն Երևանից ու այլ մարզերից զանգում ու նախապես տեղեր են ամրագրում՝ Hayat-ի երեկոներին մասնակցելու համար։ Եվ սեղանների մեծ մասը դրսից եկած հյուրերն են զբաղեցնում։ Նույնն է նաև Araks Music Hall-ի դեպքում, որը ևս բավականին ակտիվ շարժ ունի արդեն և դարձյալ տուրիստական հոսք է ապահովում դեպի Գյումրի։ Նորաբաց ռեստորաններից է նաև «Chechil»-ը, որտեղ էլի երեկոյան ժամերին միջոցառումներ են անցկացվում։ Գյումրու տեսարժան վայրերից էր նաև «Սև բերդը», որտեղ անցյալ տարի ևս մեծ միջոցառումներ էին անցկացվում, ու շատերը նաև դրա համար էին այցելում այդ վայր, բայց այս տարի, ասացին, միջոցառումները դադարել են սահմանափակումների պատճառով։ 

Բայց ցանկացած երկրում տուրիզմի խթանման ամենակարևոր գործոններից մեկը լավ ճանապարհներն են։ Լոռիում, Տավուշում և Սյունիքում այդ առումով այս տարի նկատելիորեն դրական դինամիկա կա՝ ճանապարհները սարքել ու շարունակում են սարքել, ինչը, իսկապես, լավ է։ Եվ միայն Գյումրիի բախտն է, որ չի բերել այս հարցում, քանի որ Գյումրի հասնելու համար պետք է անցնել «Հյուսիս-հարավ» չարաբաստիկ ճանապարհով։ «Հյուսիս-հարավը« կարելի է ասել, նախորդ իշխանություններից ներկաների կոկորդին մնացած փոշ է, մի խաչ, որը դեռ երկար տարիներ կտանենք մենք ազգովի՝ կրելով դրա դառը հետևանքները։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարի խոստացել էր, որ մինչև տարվա վերջ Թալին-Գյումրի հատվածը գոնե կբացեն, սակայն, դատելով այնտեղ իրականացվող աշխատանքների տեմպից, որը գոյություն չունի, մինչև մյուս տարվա վերջ էլ չի բացվի։ Այս իմաստով Գյումրու տուրիստական հոսքը գուցե շատ ավելին լիներ, եթե «Հյուսիս-հարավի» խնդիրը չլիներ։