Ի՞նչ հակառուսական փաստաթուղթ է ընդունվել Եվրանեսթի բյուրոյի նիստում 

Ի՞նչ հակառուսական փաստաթուղթ է ընդունվել Եվրանեսթի բյուրոյի նիստում 

Այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, պատասխանելով Hraparak.am-ի հարցին, թե ճի՞շտ է, որ Եվրանեսթի բյուրոյի նիստում հակառուսական բնույթի փաստաթուղթ է հրապարակվել, ասաց․ «Երեկ բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև, որին ես կողմ չեմ քվեարկել, քվեարկությանը ձեռնպահ եմ եղել»։

Ի դեպ, նա սկզբում ասաց, թե ընդունվել է բանաձև, բայց հետո խոսքը փոխեց ու նշեց, թե փաստաթուղթը հայտարարության տեսքով է, ինչն էապես տարբերվում է բանաձևից։ Մեր ջանքերին՝ հասկանալու, թե ի՞նչ բովանդակություն ունի այդ փաստաթուղթը, ինչո՞վ է այն Ռուսաստանի շահերին դեմ, որին ինքը ձեռնպահ է քվեարկել, Կարապետյանը ոչ մի կերպ չցանկացավ փակագծեր բացել։

Մեր ձեռքի տակ է հայտնվել այդ փաստաթուղթը, որը, ինչպես նշեց իր խոսքում Մարիա Կարապետյանը, դեռ պետք է խմբագրվի։ Դրանում իսկապես կան Ռուսատսանին դեմ ձևակերպումներ։ 

Հայտարարությունը բաղկացած է մի քանի կետից, որոնցից մեկով, մասնավորապես, նշված է․ «Մենք վերահաստատում ենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժման պարագայում կամ Ռուսաստանի կողմից ժամանակավորապես գրավված ուկրաինական տարածքները որպես սուվերեն միավոր ճանաչելու դեպքում Եվրոպական միությունը պետք է անմիջապես գործի դնի լայն սպեկտրի պատժամիջոցները, որոնք նախատեսված էին ռուսական ներխուժման դեպքում կիրառելու համար։ Ռուսաստանի կողմից վերը նշված գործողությունների դիմելը կնշանակի Մինսկի համաձայնությունների և Նորմանդական գործընթացի ավարտ»։

Մեկ այլ կետով էլ նշվում է․ «Ռուսաստանի աճող ռազմական ագրեսիայի կոնտեքստում մենք կոչ ենք անում Եվրամիությանը ձևավորել հատուկ հարթակ՝ կոորդինացնելու համար ԵՄ անդամ երկրների կողմից Արևելյան գործընկերության երկրներին ցուցաբերվող ռազմական տեխնիկայի մատակարարումները և զինուժի վերապատրաստումները՝ մեծացնելու այդ երկրների պաշտպանական կարողությունները, որ արդեն իսկ հիբրիդային հարձակումների են ենթարկվում Կրեմլի կողմից։ Մենք կոչ ենք անում Եվրամիությանը՝ Արևելյան գործընկերության երկրների հետ մշակել անվտանգային համաձայնագրեր, որոնցով կմիավորվի և կկոորդինացվի ֆինանսավորումը, գիտելիքների փոխանցումը, հետախուզությունը, ռազմական և կիբեր-անվտանգային կարողությունները»։