Պատերազմի ժամանակ թշնամուն մնաց շուրջ 150 հազար շշալցված գինի

Պատերազմի ժամանակ թշնամուն մնաց շուրջ 150 հազար շշալցված գինի

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հադրութի շրջանը մնաց թշնամուն։ Կատարո գինիների գործարանը, որն ամենակայացած եւ ամենահայտնի գինի արտադրողներից էր եւ գտնվում էր Հադրութի շրջանի Տող գյուղում, ամբողջությամբ մնաց թշնամուն։ Մենք զրուցել ենք Հայաստանում եւ Արցախում ամենասիրված եւ պահանջված գինու՝ Կատարոյի գինեգործ Անդրանիկ Մանվելյանի հետ եւ հետաքրքրվել դրա ճակատագրով։

«Կատարոյի հիմնադիր Ավետիսյանների գերդաստանը խաղողագործությամբ զբաղվում է նախորդ դարի 20-ական թվականներից։ Անկախացումից հետո, երբ սեփականաշնորհման ժամանակ նրանց պապենական այգիներն իրենց վերադարձվեցին, Ավետիսյանները նորից այգիներ հիմնեցին։ Խնդողնի խաղող էին աճեցնում, բայց այդ ժամանակ այդ սորտը հետաքրքիր չէր գինեգործներին։ Սա արցախյան էնդեմիկ սորտ է ու Արցախում շատ լավ է աճում, բայց մի քիչ բարդ բնավորություն ունի, դրա համար գինեգործները, գործարանները խուսափում էին դրանից։ Ավետիսյաններն էլ որոշեցին իրենց գինին ստեղծել։ Կատարո գինիները սկսել ենք արտադրել 2010 թվականից։ Սկզբում բացառապես դասական ու ռեզերվ կարմիր կատարո էինք արտադրում։ Հետո ավելացրել ենք նաեւ սպիտակն ու վարդագույնը։ Սպիտակ գինու համար խաղողը գնում էինք Վայոց Ձորից»։ 

Մեզ հետ զրույցում գինեգործն ասաց, որ թշնամուն են մնացել Կատարո գործարանին պատկանող սեփական այգիները։

«Հադրութի շրջանի Տող գյուղի Կատարոյի այգիների կեսը 25 տարվա պատմություն ուներ։ Մյուս մասը նոր էինք տնկել։ 5 հա այգի էլ տնկել էինք 2020-ի սկզբին։ Բայց արտադրության համար մեր խաղողից բացի խնդողնի էինք գնում նաեւ Արցախի այլ տարածքների խաղողագործներից։ Տարիներ շարունակ համագործակցել ենք իրենց հետ, օգնել ենք ու բացատրել այդ այգեպաններին, թե մեզ համար խաղող ինչպես մշակեն եւ ինչ քանակությամբ։ Կատարո գինիների 70 տոկոսը սպառվում է Հայաստանում, այսինքն՝ մեր ներքին սպառողն է խմում։ Կախված տարվանից՝ 30 տոկոսն արտահանվել է աշխարհի տարբեր երկրներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա եւ մի քանի այլ երկիր։ Պատերազմի օրերին բոլորը զբաղված էին պատերազմով։ Գինու մասին չէինք էլ մտածում։ Թշնամուն մնաց շուրջ 150 հազար շշալցված գինի։ Փրկվեց Կատարո 2017-ի ռեզերվը։ Այն երկու տարի հնեցրել էինք արցախյան կաղնեփայտի տակառներում։ Որպես գինեգործ՝ վստահ էի, որ դա 2020-ի լավագույն նվերն էր գինեսերներին։ Միայն այդ գինին փրկվեց․ 10 հազար շիշ խմբաքանակը դուրս բերվեց Տողի ընկնելու նախորդ օրը, այն էլ՝ Գրիգորի Ավետիսյանի ընկերների ջանքերով։ Մինչեւ պատերազմը հայկական գինեգործական ընկերություններից մեկն իր գինու կուպաժի համար Կատարոյի գինի էր գնել, որը չէր հասցրել օգտագործել ու պատերազմից հետո այն վերադարձրեց Կատարոյին։ Այդ փոքր քանակությամբ գինիները շշալցրեցինք 2021-ի գարնանը»,- ասաց Կատարոյի գինեգործը։ 

Այսօր Կատարոն կրկին վերածնվել է։ Նոր արտադրամասը հիմնվել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։ 

«Սկզբում անհնար էր թվում, բայց Գրիգորիի որոշումը Կատարոյի բոլոր աշխատողների համար կարեւոր էր։ Լուրը մեծ ուրախությամբ ընդունեցին նաեւ գինեսերները։ Բազմաթիվ մարդիկ գնում էին Կատարոյի փրկված գինիները՝ այդկերպ իրենց ներդրումն ունենալով նոր գործարանի հիմնադրման գործում։ Անցյալ ամառ մոտավորապես 150 տոննա խաղող ենք բերել Արցախից՝ բացառապես կարմիր խնդողնի։ Այս պահին շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Այն կրկին հագեցած է անհրաժեշտ նորագույն բոլոր սարքավորումներով։ Աշխատելու ենք նույն անձնակազմով։ Հավաքել ենք բոլորին, ովքեր աշխատում էին Տողի գործարանում։ Մեր համագործակցությունը շարունակական է լինելու Արցախի խաղողագործ մեր բոլոր գործընկերների հետ։ Ինչպես Տողի, այնպես էլ նոր գործարանում Կատարո կարմիր գինին ամբողջապես, առանց կուպաժի, լինելու է խնդողնի տեսակից, իսկ սպիտակը՝ ոսկեհատ սորտից։ Հայաստանում դեռ նոր այգի չունենք։ Այն պահանջում է երկարաժամկետ ներդրում։ Կատարոյի նոր գործարանի առաջին գինիներն արդեն պատրաստ են։ Արդեն շշալցնում ենք Կատարո սպիտակը։ Այն պատրաստել ենք առանց կուպաժի՝ 100% ոսկեհատ սորտն ենք օգտագործել, որը կրկին գնել ենք Վայոց Ձորից։ Հիմա Կատարոյի 4 տեսակ գինի ունենք՝ Կատարո կարմիր, Կատարո սպիտակ, Կատարո ռոզեն եւ Կատարո ռեզերվ՝ հնեցված։ Կատարո ռոզեն սկսել էինք պատրաստել 2019-ի բերքից ու 2020-ի աշնանը պիտի ներկայացնեինք գինեսերներին, բայց չհասցրինք։ Ու ամբողջը մնաց օկուպացիայի մեջ»,- ասաց Անդրանիկ Մանվելյանը։

Գինեգործի խոսքով՝ այսօր հայաստանյան մի քանի գինեգործական ընկերություններ Արցախից բերել են խնդողնու տնկիներ եւ իրենց այգիներում կփորձեն աճեցնել։ Թե ինչպիսի համային փոփոխություն կունենա Հայաստանում աճող խնդողնին, կերեւա հետո։ Իսկ մինչ այդ արդեն կարող ենք վայելել Կատարո սպիտակը՝ վերածնված Կատարոյի առաջին գինին։ Այն իր նուրբ, կանաչավուն երանգով ու ծաղկային բույրերով հաստատ կզարմացնի գինեսերներին։