Մինչեւ նոր աղետ...

Մինչեւ նոր աղետ...

Երբ «Սուրմալուի» տոնավաճառում պայթյուն եղավ, մենք վրդովվեցինք ու սկսեցինք պատասխանատուներին ու պատճառները փնտրել` ուրիշ որտե՞ղ կան պայթուցիկ նյութերի կուտակումներ, ի՞նչ նորմատիվներով են դրանք պահվում, քաղաքի կենտրոնում կարելի՞ էր նման նյութերի պահեստ ունենալ, որտեղ անվտանգության ոչ մի նորմ պահպանված չէր:

Մարմինը, որը պետք է իրականացներ վերահսկողությունը` Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ինչ որ ստուգումներ էր իրականացրել եւ իր առաքելությունը համարել ավարտված: Թվում էր` աղետից հետո պետք է պատժվեին տեսչական մարմնի ղեկավարն ու առեւտրի սրահի տնօրենը, սակայն վարչապետը համարեց, որ նրանց պատասխանատվության ենթարկելու կարիք չկա, իրավապահներն էլ «Սուրմալուի» երկրորդական աշխատակիցներին բռնեցին` բաց թողեցին, եւ բոլորս վերադարձանք մեր բնականոն կյանքին... մինչեւ նոր աղետ, որը պայթեց Վարդենիսում:

Այս անգամ էլ մեր ուշադրությունը սեւեռվեց բանակի, զորանոցների, մեր զինծառայողների պահման պայմանների վրա: Սկսեցինք հետաքրքրվել, թե ինչու են մեր զինվորները նման անմխիթար պայմաններում ծառայում, քանի վրան ու խրճիթ կա երկրով մեկ, որոնք որպես զորանոց են ծառայում, եւ քանի ինքնաշեն վառարան է տեղադրված այդ խրճիթներում, որոնք այդ տնակներն իսկական գազախցիկների են վերածում, որտեղ ամեն րոպե կարող է ընդհատվել մեր 20-ամյա պատանիների կյանքը: Սկսեցինք հարցնել, թե ուր են գնացել բանակին ու ՊՆ-ին հատկացվող գումարները, ինչու է նախարարության շենքը բարեկեցիկ ու տաք, իսկ սահմանին ծառայող զինվորների համար 2 տարում ոչ մի զորանոց չի կառուցվել: Սա ի՞նչ է` բանակը կազմաքանդելու եւ վարկաբեկելու մտածված քաղաքականությո՞ւն, Ադրբեջանի պահանջները կատարելուն ուղղված պահվա՞ծք: