Հայաստանում չի կարող առանց Ռուսաստանի միջնորդության տեղի ունենալ իշխանափոխություն

Հայաստանում չի կարող առանց Ռուսաստանի միջնորդության տեղի ունենալ իշխանափոխություն

Հայաստանյան ներքաղաքական լարվածության, Արցախի ինքնորոշման և «փրկության» հարցերի շուրջ «Hraparak.am»-ը զրուցել է քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ։

- Ի՞նչ եք կարծում այսօրվա հայաստանյան ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաները, հանրահավաքները, նստացույցերն ու երթերը կօգնե՞ն լուծելու Արցախի շուրջ ծավալված խնդիրներն ու կառաավարելի դարձնելու իրավիճակը մեր հայրենիքում։

- Եթե ընդդիմություն ասելով նկատի ունեք խորհրդարանական ընդդիմությանը, ինքնահռչակ ընդդիմությանը, և կոնկրետ նրանց գործողություններին, եթե փորձենք դիտարկել քաղաքական գործընթացների տիրույթում և մեկնաբանել նրանց կողմից առաջադրված խնդիրը, այսինքն գործող իշխանության պահանջը, որը որ նրանք եկել են՝ քաղաքական օրակարգ են դրել, պետք է հասկանանք, որ այդ նպատակին հասնելու համար նրանք չունեն բավականաչափ ռեսուրսներ։ Սա փաստ է, որովհետև պետք է հասկանանք, որ տեղի ունեցող գործընթացները նաեւ ուղղորդվում են արտաքին դերակատարների կողմից։ Այստեղ կան հանգամանքներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Պատահական չեմ համարում, որ սկսված այս գործընթացը հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին, երբ որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ա․Վանեցյանը մեկնել էր Ռուսաստան, ապա վերադարձել ու միանգամից սկսել այս գործընթացը։ Կարծում եմ, որ Ռուսաստանում ևս գիտակցում են, որ այս ընդդիմությունը  չունի այն պոտենցիալը, որը կարող է բերել առաջադրված խնդրի լուծման դրական արդյունքի։ Այս ամենն ունի իրավիճակ մանեվրելու միտում։ Խոսքը վերաբերում է բրուսելյան համաձայնությունները չեղարկելուն և իրավիճակը ստատուս քվո պահելուն։

- Ոմանք ընդդիմադիրների նախաձեռնած շարժումը համեմատում են Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի հեղափոխության մեկնարկի հետ։ Ձեր կարծիքով, իրավիճակները նմա՞ն են։

- Այո, իրականում որոշակի փորձեր արվում են օգտագործել տեխնոլոգիաների այն միջոցները, որով որ Ն․ Փաշինյանը եկավ իշխանության։ Բայց իրականում պետք է հասկանանք, որ Հայաստանում տարբեր մարդիկ ունեն տարբեր աշխարհընկալումներ, տարբեր կերպ են մեկնաբանում տեղի ունեցող գործողությունները։ Պետք է հասկանանք, որ Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն չէր։ Եվ սա ես կարող եմ միանշանակ հիմնավորել, դա փաստ է, ոչ թե՝ կարծիք։ Ընդամենը 2 փաստ արձանագրեմ՝ Բելառուսում ի՞նչ տեղի ունեցավ՝ ինքնաբուխ և մասշտաբային առումով ավելի մեծ ցույցեր կազմակերպած չէր, մի քանի օրում չէր, մի քանի ժամվա ընթացքում, ընդ որում ծավալների մասով չեմ կարող համեմատականներ անցկացնել։ Բնական է, որ այնտեղ ավելի մեծ մասշտաբների էր հասնում այդ ցասումը, բայց տեսաք, որ Լուկաշենկոն կարողացավ զսպել այդ ցասումը, պոռթկումը։ Այս նույն տրամաբանությամբ կարող էր արվել 2018-թ․-ին՝ Հայաստանում տեղի ունեցող այդ շարժումը կարող էր կասեցվել, ընդ որում Հայաստանում ոչ թե միանգամից՝ ինքնաբուխ հավաք է եղել, այլ կազմակերպված, օրերի ընթացքում ժողովուրդը կոնսոլիդացվել է։

Փաստորեն, մենք պետք է հասկանանք, որ իշխանությունն ուներ այդ հնարավորությունը։ Եվ նաև ուզում եմ օրինակ բերել վերջերս տեղի ունեցող Ղազախստանի դեպքերը, երբ որ Ռուսաստանը կամ ՀԱՊԿ- ը միանգամից զորքերն այնտեղ մտցրեց, և կարողացավ կասեցնել տեղի ունեցող կազմակերպված գործընթացը, ինչը մենք չտեսանք, օրինակ, Հայաստանում՝ 2018թ․-ի գործընթացների ժամանակ։ Կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունեցածը արտաքին գործոնների, և կոնկրետ հենց Ռուսաստանի կողմից կազմակերպված, կամ կառավարվող գործընթաց էր։ Եվ այսօր էլ, մենք ականատեսն ենք լինում այդ գործընթացի շատ տրամաբանական շարունակությանը։ Եվ հենց այդ տրամաբանությամբ կարող եմ պնդել, որ Հայաստանում չի կարող պարզապես առանց Ռուսաստանի միջնորդության տեղի ունենալ իշխանափոխություն։ Ռուսաստանում շատ լավ գիտակցում են, տեսել են մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի համամասնությունը, պատկերացում կազմում են, թե ինչ երկընտրանքի առաջ է կանգնել ՀՀ ընտրող քաղաքացին, և որ ծայրահեղությունն է ավելի  ընդունելի։ Եվ այս առումով պարզապես միամտություն եմ համարում կարծել, թե պաշտոնական Կրեմլը իր հույսը կապում է գործող այս ընդդիմության հետ։ Կարծում եմ, որ պետք էր բոլորի համար հասկանալի լինի, որ այս հանգամանքները միանշանակ փոխկապակցված են միմյանց հետ։ Եվ ըստ իս, հենց այս տրամաբանությամբ էլ տեղի են ունենում այդ գործընթացները։

- Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի լուծումը։

-Տեսեք, իրականում Արցախի հակամարտության կարգավորման շրջանակը միջազգային ատյաններն են։ Ոչ Արցախում և ոչ էլ Հայաստանում Արցախի հարց չի վճռվում։ Պետք է հասկանանք, որ շատ հարցերում, իհարկե, ունենք անելիքներ։ Պետք է հնարավորինս փորձենք զարգացնել այստեղ բնակչության հետ կապված դեմոգրաֆիկ պատկերը։ Բայց ամեն դեպքում բուն խնդրի քաղաքական մասը, մենք պետք է հասկանանք, որ լուծվում է միջազգային ատյաններում։ Սակայն Հայաստանը և ոչ միայն Հայաստանը, այլև՝ հայ ազգը՝ սփյուռքը՝ որպես ամենամեծ ռեսուրսներից մեկը, շատ անելիքներ ու աշխատանքներ ունեն այս առումով։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է գործածեն իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր գործիքակազմերը։ Եվ փորձեն դրանով միջազգային հարթակներում առաջին հերթին բարձրացնել և ներկայացնել հենց Արցախում ապրող հայ ժողովրդի իրավունքի հարցը։ Այստեղ ապրող հայ բնակչությունը ունի իրավունքներ, ընդ որում՝ ինքնորոշման իրավունք։ Այդ ինքնորոշման իրավունքը իրացվել է միջազգային բոլոր համապատասխան նորմերով, կանոներով՝ առանց խախտելու դրանցից որևէ մեկը, այդ թվում նաև տարածքային ամբողջականության սկզբունքը։