Ինչ ուզում են Երևանում ընդունեն ու մտածեն, Արցախն ինքն է որոշելու իր ճակատագիրը

Ինչ ուզում են Երևանում ընդունեն ու մտածեն, Արցախն ինքն է որոշելու իր ճակատագիրը

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանի հետ

- Պարոն Աբովյան, այսօր Արցախում եք։ Ի՞նչ առիթով եք մեկնել։

- Հրավեր էի ստացել Արցախի Ազգային ժողովից։ Այստեղ պետք է լսումներ լինեին՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված։ Սակայն, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, ես ոնց հասկացա, արտահերթ նիստ է գումարվում՝ լսումների տեղ։ Արցախում բոլոր քաղաքական ուժերի միջև,  բավականին դրական առումով, կոնսոլիդացիա է, և հաշվի առնելով բոլոր հանգամանքները, հասկանալի են այդ կոնսոլիդացիայի հիմնական դրդապատճառները։ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթում հնչեցրած՝ արցախցիների համար մտահոգիչ դրույթները բավականին լուրջ քննարկման առարկա են դարձել Արցախում, և, ինչպես տեսնում եմ և հասկանում եմ, արցախցիները, իհարկե, արձագանքելու են։ Բայց դրա հետ մեկտեղ էլ ասեմ մի բան, որ ոչ մի խուճապ, տրամադրությունների անկում չկա։ Արցախցիները բավականին ադեկվատ են իրավիճակն ընկալում, և կարող եմ ասել, որ Արցախի Հանրապետության լեգիտիմության խնդիր, համենայնդեպս, Արցախում կանգնած չի։ Եկել ենք ու միշտ էլ գալու ենք։

- Երեկվանից Արցախում եք։ Շփվել եք արցախցիների և տարբեր քաղաքական ուժերի հետ։ Ինչպիսի՞ տրամադրություն և տրամադրվածություն է տիրում Արցախում։

- Արցախցիների համար շատ կարևոր է, ի վերջո, Փաշինյանի երեկվա ելույթի վերաբերյալ փակագծերի բացումը։ Որովհետև այդ փակագծերի բացումը շատ մեծ նշանակություն ունի։ Դրա հետ մեկտեղ էլ շատ դրական առումով կարող եմ փաստել, որ Արցախի թե իշխանությունների, թե ընդդիմադիրների ընդհանուր տեսլականը՝ իրենք, ինչպես ես եմ տեսնում, ունեն ընդհանուր կոնսենսուս՝ առ այն, որ Արցախի Հանրապետության լեգիտիմությունը ոչ մի կերպ չի դրվելու և չի դրվի կասկածի տակ։ Այստեղ հանգիստ են։ Ասեմ ավելին՝ Երևանից ավելի հանգիստ են։ Ինչ ուզում են Երևանում ընդունեն, ինչ ուզում են մտածեն, Արցախն ինքն է որոշելու իր ճակատագիրը։ Որ պետք լինի՝ Արցախում մեր ու մանուկ կգնան կռվելու՝ առանց մի վայրկյան իսկ մտածելու։

- Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը զայրույթ է առաջացրել հանրության և քաղաքական ուժերի մոտ։ Ի՞նչ կարծիքի եք Դուք։

- Հնարավոր չի հասնել խաղաղության՝ այն պարագայում, երբ որ հակառակ կողմը շատ հստակ ու պարզ իր նախագծերն արդեն ներկայացրել է։ Խոսքը գնում է թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմի մասին։ Ինչ են իրենք ասում. ասում են հետևյալը՝ որ վերջնանպատակը՝ երկուսի, դա հայկական քաղաքական և էթնիկ տարրի վտարումն է կամ ոչնչացումն է տարածաշրջանից, Հայաստանն էլ` նույնպես։ Եթե ինչ-որ մեկը կասկածներ ունի, ապա խորհուրդ կտամ` պարզապես վերհիշել նույն ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի քայլերը և խոսքերն առ այն, որ, օրինակ, բացահայտ հավակնություններ ունեն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, կոպիտ ասած` Երևանը մեջը։ Եվ հաշվի առնելով այդ ամենը, ես համոզված եմ, որ փորձերը` մուրալ խաղաղություն կամ ստանալ խաղաղություն՝ հանձնելով կամ զիջելով Հայաստանի և Արցախի կենսական և ստրատեգիկ շահերը՝ դիմացը ստանալով թուրքից խոստումներ, դուք պատկերացնում եք` աբսուրդ  իրավիճակ է։ Դա բերելու է արհավիրքի։ Այսինքն, խաղաղության դարաշրջան կոչեցյալ այդ թեզը` ինքը, հակառակ պրոցեսի է բերելու։ Կտրուկ ավելացնելու է ռազմական սադրանքները և ռազմական՝ դեպի Հայաստան և Արցախ հարվածների հնարավորությունը։ Սա այնքան ակնհայտ է։ Ես չեմ հասկանում՝ թուրքն էլ ի՞նչ պիտի անի, որ մենք հասկանանք մի բան, որ խաղաղության թեզերը հնարավոր են, երբ որ բոլոր կողմերն են նվազագույնը հետաքրքրված խաղաղության մեջ։ Իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանը իրենց քաղաքականության մեջ բնավ ոչ մի կերպ հետաքրքրված չեն խաղաղության մեջ։ Ասեմ ավելին. այն տեսլականը, որը մարդկանց վզին փաթաթում են, որ, օրինակ, զիջենք այսինչ բանը, կստանանք խաղաղություն՝ ոչ ինքը ավելի շուտ մոտեցնելու է պատերազմը։

- Ապրիլի վերջին կազմվելու է դելիմիտացիոն երկկողմ հանձնաժողով։ Գծվելու են սահմաններ։ Վերջիվերջո, ի՞նչ կտրվի թշնամուն, և արդյոք դրանից հետո խաղաղության դարաշրջանի մեկնարկը կտրվի՞։

- Ես չեմ պատկերացնում, ինչպես կարելի է, օրինակ, դելիմիտացիա, դեմարկացիա անցկացնել այն պարագայում, երբ որ փաստացի ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան պատերազմը չեն ավարտել։ Երկրորդ. ինչպե՞ս կարելի է դելիմիտացիա, դեմարկացիա անցկացնել այն պետությունների հետ, որոնք ատրճանակը մեր ճակատին են դրել։ Սա աբսուրդ է։  Այդ գեղեցիկ բառերի ետևում՝ դելիմիտացիա, դեմարկացիա, թաքնված են շատ հստակ պրոցեսներ՝ դա Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության խնդիր է, դա, ի վերջո, գոյաբանական խնդիր է։ Եվ այդ արտասահմանյան գեղեցիկ բառերի ետևում թաքնված են շատ վտանգավոր պրոցեսներ։ Պետք է հասկանալ մի բան, երբ որ իշխանությունները դրոշակի պես ասում են` տեսեք-տեսեք, ամբողջ աշխարհը սատարում է այդ պրոցեսներին, շտապեմ բոլորին հիասթափեցնել, ամբողջ աշխարհին, ըստ էության, միևնույն է, թե ինչ պրոցեսներ կգնան։ Ամբողջ աշխարհը հիմա նենց խառը վիճակի մեջ է, որ նրան հետաքրքրում են նավթի, գազի գներ, գլոբալ աշխարհաքաղաքական սահմանների գծում։

- Ի՞նչն է եղել պատճառը, որ ընդդիմությանը չեն թողել մտնել Արցախ: Տարբեր մեկնաբանություններ հնչեցին երեկվանից։ Այս պահին Արցախում եք, ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Սխալ եմ համարում այս պարագայում պայմանական մեղավորությունը պտտացնել ռուս խաղաղապահների ուղղությամբ։ Դա չի կարելի թույլ տալ, որովհետև ռուս խաղաղապահների կամայական որոշումը չի եղել, ըստ իս։ Մնացածը, թե ոնց է պատահել, ինչ է եղել, կարծում եմ, որպեսզի հիմա իրավիճակն ավելի չխճճել, պետք է հասկանալ պաշտոնական պատճառաբանական բոլոր երանգները, նոր անել ինչ-որ եզրակացություններ։ Զերծ կմնամ այս պահին որևէ եզրակացություններ անելուց։ Բայց կարող եմ վստահաբար ասել, որ չի կարելի որևիցե դեպքում փորձել փաթաթել իրավիճակի լարումն անմիջապես խաղաղապահների վրա։ Խաղաղապահները, ըստ էության, չեն հանդիսանում որոշումներ ընդունող կենտրոն։ Հնարավոր է, որ, այո, սադրանքներ լինեին։ Ի վերջո, Արցախում պատերազմը ավարտված չի։