Ով է քննելու Տիրան Խաչատրյանի գործը

Ով է քննելու Տիրան Խաչատրյանի գործը

Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, «Հայաքվե» նախաձեռնության անդամ, գեներալ- լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկացանք Խաչատրյանի պաշտպանից։ Գործով որպես մեղադրյալ են անցնում Նորայր Ավանեսյանը, Աքսեն Սաֆարյանը և Գարիկ Հայրապետյանը։ Ըստ մեղադրական եզարակացության,
«Գարիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 18-ից, իր ընկերներ և ծանոթներ Տիրան Խաչատրյանի, Սերգեյ Շամիրյանի, Սուրեն Համզոյանի, Արմեն Հարությունյանի, Նորայր Ավանեսյանի, Աքսեն Սաֆարյանի, Վարդան Գևորգյանի, Սամվել Երանյանի և Տիգրան Պողոսյանի հետ Արամուս բնակավայրի «էրիկի մոտ» հացատան առանձնասենյակում մասնակցել են ընթրիքի, որի ընթացքում օգտագործել են տարբեր տեսակի ոգելից խմիչքներ:

ժամը 20-ի սահմաններում, Տիրան Խաչատրյանի և Նորայր Ավանեսյանի միջև սեղանի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում, չնչին առիթն օգտագործելով Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանի հասցեին տվել է հայհոյանք և հրահրել է վիճաբանություն, ինչին Նորայր Ավանեսյանն արձագանքել է հայհոյանքով: Այնուհետև, պարզաբանումներ ստանալու նպատակով Տիրան Խաչատրյանը Նորայր Ավանեսյանին կանչել է առանձնասենյակից դուրս, ինչից հետո առանձնասենյակում գտնվող Աքսեն Սաֆարյանը, Գարիկ Հայրապետյանը և մյուս անձինք ևս դուրս են եկել բակ:

Նորայր Ավանեսյանը, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր և արատավոր մտածելակերպի դրսևորմամբ, Աքսեն Սաֆարյանի հանցակցությամբ խմբի կազմում կատարել է խուլիգանություն:
Մասնավորապես, Նորայր Ավանեսյանը և Աքսեն Սաֆարյանը հացատան բակում շուրջ 10 րոպե տևած վիճաբանության ընթացքում հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել Տիրան Խաչատրյանի հասցեին, փոխադարձ ծեծկռտուքի մեջ են մտել նրա հետ, որի ընթացքում ձեռքերով ու ոտքերով հարվածել են միմյանց մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով խաթարվել է հացատան բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը՝ նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում և անպաշտպանվածություն, նույնիսկ բազմաթիվ հաճախորդներ, այդ ամենը տեսնելով և լսելով, հետագա անախորժություններից խուսափելու նպատակով հեռացել են հացատնից: 

Ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել է, որից հետո Տիրան Խաչատրյանը հեռացել է հացատան տարածքից, իսկ նրա հետ եղած մյուս անձինք շարունակել են մնալ հացատանը շարունակելով ընթրիքը: 
Այնուհետև, Տիրան Խաչատրյանը, ներքուստ չհաշտվելով բազմաթիվ անձանց ներկայությամբ Նորայր Ավանեսյանի կողմից իր հետ փոխադարձ ծեծկռտուքի մեջ մտնելու, հարվածելու և հայհոյելու հանգամանքների հետ, պարզաբանումներ ստանալու համար նպատակադրվել է վերադառնալ նույն հացատան տարածք՝ համոզված լինելով, որ Նորայր Ավանեսյանը և իր հետ եղած մյուս սեղանակիցները դեռևս գտնվում են հացատան տարածքում: Տիրան Խաչատրյանը, ՀՀ պաշպանության նախարարի հրամանով իր անվամբ պարգևատրված ատրճանակով և 18 հատ փամփուշտներով լիցքավորված հրազենով զինված, միայնակ վերադարձել է հացատան տարածք:
Տիրան Խաչատրյանը, հացատան բակում իր անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, որևէ մեկի կողմից իր հանդեպ նման վարքագիծ դրսևորելու դեպքում վերստին, շատ կոշտ ու ծանր հետևանքներով հանդերձ ցուցադրաբար պատասխան տալու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հացատանը գտնվող բազմաթիվ այլ հաճախորդների ու աշխատակիցների ներկայությունը, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, «իրեն ամեն ինչ թույլատրելի է» վտանգավոր և արատավոր մտածելակերպի դրսևորմամբ, Տիրան Խաչատրյանը, Նորայր Ավանեսյանը, ԱքսենՍաֆարյանը և նրանց միացած Գարիկ Հայրապետյանը շարունակել են իրենց խուլիգանական գործողությունները:

Մասնավորապես, հացատան բակում Տիրան Խաչատրյանը, Նորայր Ավանեսյանը, Աքսեն Սաֆարյանը և Գարիկ Հայրապետյանը շուրջ 10 րոպե փոխադարձ ծեծկռտուքի մեջ են գտնվել, որի ընթացքում նրանք ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել են հայհոյանքներ և հնչեցրել են անպարկեշտ արտահայտություններ՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ: Վիճաբանության ընթացքում Տիրան Խաչատրյանը գործադրել է իր կրած ատրճանակը, մասնավորապես, մեկ անգամ օդ է կրակել, իսկ երբ ներկաները ցանկացել են խափանել նրա գործողությունները և ձեռքից վերցնել ատրճանակը, որի ընթացքում կատարել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով անզգուշությամբ աջ դաստակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հացատան հաճախորդներից Հրայր Մնացականյանը՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս: Ի վերջո վիճաբանությունը դադարել է ներկաների'ոստիկանություն կատարած ահազանգով ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայր ժամանելուց հետո»:

Գործ դատական քննությունը մակագրվել է դատավոր Դիանա Ղուկեյանին, դեռևս նիստ նշանակված չէ։ Ղուկեյանը դատավոր է նշանակվել 2018 թվականին, 38 տարեկան է։ Նշենք, որ Տիրան Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա պաշտպանը հերքել է, որ Խաչատրյանը եղել է հարբած, և որ քաղաքացին թեթև վնասվածք է ստացել գնդակից, նա այս պահին կալանավորված է։