Անդեմ, անենթակա Հայաստանս․․․ 

Անդեմ, անենթակա Հայաստանս․․․ 

Երբ հողը սահում է, արմատ է պետք , ծառի արմատ։ Որ կարողանա իր փեշերով հողը հավաքի, պահի։ Երբ երկիրդ խլում են ձեռքիցդ, տեր է պետք, տիրոջ խոսք է պետք, տիրոջ ուժ է պետք, որ թույլ չտա ոտքիդ տակից հողը տանեն։ Հիմա մեր ոտքի տակից հողը քաշում են ու տեր չկա, որ հողը պահի։ Տեր չկա, որ Ալիևին ասի՝ Արցախը կլլեցիր, հիմա Սյունիքից, Ջերմուկից, Երևանի՞ց ես խոսում․․․ Տեր չկա, ասող չկա, որովհետև նախադասության մեջ ենթակա չունենք, մեր շահը պահող ղեկավար չունենք։ Տեր չկա, որովհետև աշխարհի առաջ անդե՜մ ենք, անենթակա։

Մաթևոսյանական բառ է սա, որը տասնյակ տարիներ առաջ օգտագործել էր իր մի զրույցի ժամանակ․․․Դրսում են որոշում, թե ինչ պիտի արվի մեր երկրում, ոնց պիտի արվի, երբ պիտի արվի․․․ Մատաղացու գառը, որ եփում ու բաժանում են, Հայաստանն այդ գառի նման է․․․ Սկզբի թիքաները պիտի տալ շատ սովածներին։ Ինչքա՜ ն սովահարներ  կան, որ տարիներ շարունակ միս չեն կերել ու էլ չեն դիմանու՜մ․․․ Միսն ուտելուց առաջ բերանների ,,ծլոլն է գնում,, ու լորձունք են շաղ տալիս, ասելով՝ սա էլ է ի՜մը , սա էլ ի՜մը։ Ալիևն ասում է․ «Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին քաղաքը, որի իսկական անունը Իստիսու է»,  «Դեմոկրատական Հանրապետության ստեղծումից մեկ օր անց, Իրեվան (նկատի ունի Հայաստանի մայրաքաղաք Երևանը-խմբ․) քաղաքը, ցավոք, փոխանցվեց Հայաստանին։ Չնայած սրա համար պատճառ չկար։ Սա հնագույն ադրբեջանական քաղաք է»։ 

Մատաղացու գառան պես Հայաստանն է այսօր դրվել զոհասեղանին։ Ալիևին մեղադրելուց առաջ ընդունեք իրականությունը։ Հայաստանն անենթակա երկիր է դարձել, անդեմ։ Ենթական այն օրից վերացավ, երբ սեփական ձեռքով «մատաղ արեց» Արցախը ու աշխարհի համար դարձավ «գառ մատաղ անող» , իրենք՝ թելադրող։ Մեր նախադասության մեջ ենթակա չկա, անդե՜մ ենք․․․ Եվ ով վրա է հասնում, ենթակա է դառնում․․․