Ջաբրայիլը դանակի շեղբի պես ծակեց ու խորացրեց թշնամու մուտքն Արցախ

Ջաբրայիլը դանակի շեղբի պես ծակեց ու խորացրեց թշնամու մուտքն Արցախ

Մարկեսի «Մի հայտարարված սպանության  խրոնիկա» հայտնի վիպակի այս վերնագրում եթե «սպանության» բառը փոխարինենք «հարձակման»-ով, կստանանք հարավային ուղղությամբ՝ Ջաբրայիլում (հայկականացված Մեխակավանում) տեղի ունեցածի ճշգրիտ պատկերը։ Սանտյագո Նասարն արդեն դռան տակից ստացված թղթի վրա կարդացել է, որ իրեն սպանելու են, այդ մասին գիտեն բոլորը, բայց ոչ ոք չի փորձում կանխել սպանությունը, որը պիտի տեղի ունենա։ 
Բոլորը գիտեին, որ մեր պաշտպանական գծի հարավային հատվածը՝ Ջաբրայիլը, հարձակման դեպքում ամենախոցելին է՝ բաց օդային տարածքով։ Բոլոր ռազմական տեսաբանները կանխատեսում էին, որ Ջաբրայիլը լինելու է թշնամու հարձակման հիմնական ուղղությունը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, հայտարարում էր․ «Հիմնական հարձակումները եղել են Ջաբրայիլի, Մատաղիսի, «Եղնիկների» ուղղությամբ»։ Իսկ հոկտեմբերի 4-ից սկսած՝ ադրբեջանական կողմը պնդում էր, որ Ջաբրայիլն իրենց ձեռքում է, չնայած Արծրուն Հովհաննիսյանը հատկապես կանանց լսարանին  մխիթարող տեքստեր էր արտաբերում եւ կատակներ անում Ջաբրայիլը գրավելու ադրբեջանական պնդումների առիթով։ Մինչեւ հոկտեմբերի 12-ը ադրբեջանական կողմը հրապարակեց տեսագրություններ։
Ռազմաճակատից եկողներն ասում են, որ Ջաբրայիլը չպահելը վճռորոշ-բեկումնային նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ելքի վրա։ Ավելին՝ Ջաբրայիլում որոշել են 90-ականների պատերազմի գործողություններից մեկն իրականացնել՝ նահանջել եւ աքցանի մեջ առնել թշնամուն, ապա ջախջախել, սակայն չի հաջողվել։ Կարեւոր ռազմավարական դիրքեր են կորցրել, եւ այլեւս մեր բանակն ուշքի չի եկել։ 

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն ասում է, որ այդ անհաջող պաշտպանական օպերացիայի արդյունքում հակառակորդը հնարավորություն ունեցավ հյուսիսով առաջանալ դեպի Հադրութ, ապա՝ դեպի Կուբաթլու, Զանգելան՝ Լաչինի միջանցք դուրս գալու հեռանկարով։ «Ինքը  բանալի հանդիսացավ, որովհետեւ մինչեւ էդ հակառակորդը նեղ հատվածում էր, ոնց որ՝ դանակը ո՞նց ա սկզբում նեղ ծակում, հետո՝ որքան խորանում, այնքան լայնանում է։ Իրենք սկզբում ծակեցին նեղ, հետո՝ Ջաբրայիլը գրավելուց հետո, լայնացավ Հադրութ,  Զանգելան, Կուբթալու ուղղությամբ»։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ օրերս եթերում հայտարարեց, որ ժամանակին չի վերլուծվել գլխավոր հարվածի ուղղությունը եւ դրա համար ճիշտ խմբավորում չի արվել՝ այդ ճեղքվածքը փակելու եւ հակառակորդի առաջխաղացումը կանգնեցնելու համար։ 1993 թվականին, երբ ազատագրվեցին Ջաբրայիլը, Ֆիզուլին ու Կուբաթլուն, Սեյրան Օհանյանը 6 ամիս եղել է այդ տեղանքում եւ ղեկավարել այդ  ճակատը։ «Եթե խելացի կերպով  ղեկավարեին, թող շեշտը չդնեին սպառազինության վրա, թող դնեին մեր կազմակերպվածության, մեր ինժեներական կառույցների, խրամատավորման վրա, մենք այս բանակով գոնե  Հադրութի, Ջաբրայիլի անտառներում իրենց պարտավոր էինք կանգնեցնել»,- ասաց Օհանյանը։

Փաստորեն, այս անգամ բախտի անիվը պտտվեց հակառակ ուղղությամբ․ եթե 93-ին Ֆիզուլիի, Ջաբրայիլի եւ Կուբաթլուի հաղթանակները կարեւորագույն նշանակության ունեցան Հայաստանի անվտանգության համար, քանի որ անվտանգ դարձավ Լաչինի միջանցքը, նվազեց Հադրութի, Մարտունու, Կապանի, Գորիսի շրջանների հրետակոծման վտանգը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Զանգելանի եւ Արաքսի ափի ազատագրման ու ռազմաճակատի գիծը կրճատելու համար, եւ հայկական վերահսկողության ներքո անցան ռազմավարական նշանակության մի շարք ճանապարհներ, ապա Ջաբրայիլի կորստով մենք կորցրինք այդ հնարավորությունները։ Իսկ Ջաբրայիլի գրավումը տեղի ունեցավ Կուբաթլուի ու Ֆիզուլիի հետ գրեթե միաժամանակ՝ հաշված օրերի՝ 1993 թ․ օգոստոսի 3-31-ն ընկած ժամանակահատվածում։ Ռազմական գործողությունների հրամանատարներն էին՝ Նելսոն Սողոմոնյանը, Արթուր Աղաբեկյանը, Մանվել Գրիգորյանը, Սամվել Կարապետյանը, Վաչագան Իշխանյանը, Սամվել Բաբայանը, Մովսես Հակոբյանը։ Մինչ Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակները, գործելով երկու ուղղությամբ (համապատասխանաբար՝ Մովսես Հակոբյանի եւ Նելսոն Սողոմոնյանի հրամանատարությամբ), հրետանու աջակցությամբ ճեղքել էին  հակառակորդի դիրքերը եւ ձախ թեւից դուրս եկել մայրուղի, աջ թեւից Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ հարձակման էր անցել 5-րդ բրիգադը, որը, առաջանալով մի քանի ուղղություններով, վերահսկողություն էր հաստատել Հորադիզ գյուղի եւ Արաքսի ափ տանող խճուղու վրա։  Օգոստոսի 23-ին Հադրութի պաշտպանական ստորաբաժանումները՝ Արթուր Աղաբեկյանի հրամանատարությամբ, նախ ազատագրեցին Հադրութի մի շարք բռնազավթված բնակավայրեր, ապա դուրս եկան Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի։

Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ կենտրոնական պաշտպանական ստորաբաժանումները, սկսելով հարձակումը Սարինշենի բարձունքներից, ճեղքեցին թշնամու պաշտպանությունը, ազատագրեցին Հադրութի մի շարք գյուղեր ու մտան  Ջաբրայիլ։ Օգոստոսի 23-ին կենտրոնական եւ Հադրութի պաշտպանական շրջանների ստորաբաժանումների համատեղ ջանքերով ազատագրվեց թշնամու Լենքորանի գումարտակի եւ ադրբեջանական աշխարհազորայինների կողմից պաշտպանվող Ջաբրայիլ քաղաքը։ Պաշտպանության բանակի հսկողության տակ անցավ մոտ 1050 ք/կմ տարածք։ 

Արցախյան 44-օրյա պատերազմի պատմությունը դեռ գրված չէ, շրջանների հանձնման վերաբերյալ կան տարբեր քաղաքական հայտարարություններ, որոնք, ի դեպ, ո՛չ Արցախից, ո՛չ Երեւանից պաշտոնապես ո՛չ հերքվել, ո՛չ հաստատվել են։ «Ազգային  անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն օրերս մի քանի աղմկոտ հայտարարություն արեց այն մասին, թե Ջաբրայիլի ուղղությամբ Լելե Թեփեն  հետ վերցնելու հարձակողական օպերացիան ղեկավարել են Աննա Հակոբյանը եւ Սամվել Բաբայանը։ Ինչպես նաեւ այն, որ Ջալալ Հարությունյանը եւ այլ սպաներ դեմ են եղել՝ այդ օպերացիան անվանելով արկածախնդրություն։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը եւս ասում է, որ այդ գործողությունից հետո մենք սկսել ենք նահանջել ու լուրջ կորուստներ ունենալ։ «Համացանցում էլ տարածվեց, որ Աննա Հակոբյանն ասել է, որ անպայման պետք է այդ ուղղությամբ հարձակվենք, եւ կարծում էին, որ եթե Սերժ Սարգսյանի հանձնած Լելե Թեփեն Նիկոլ Փաշինյանն ազատագրի, ապա համաշխարհային պատմության մեջ կմտնեն որպես ռազմական մտքի գիգանտներ։ Աննա Հակոբյանը գրասենյակ ունի, ո՛չ գրասենյակն է հերքել, ո՛չ Սամվել Բաբայանը։ Ասեմ նաեւ, որ շատ տանկեր մենք կորցրել ենք հենց այդ գործողության ժամանակ, եւ տանկերը հակառակորդը գրավել է առանց կրակոցի»։ Հայկ Նահապետյանը նշեց՝ Բաքվի հաղթական շքերթի ժամանակ ցուցադրվեցին տանկեր, եւ Երեւանից հերքում չեղավ, թե դրանք մեր տանկերը չեն։ «Դա տեղի չունեցավ, քանի որ տանկերը համարներ ունեն, եւ եթե անեին, ապա ադրբեջանցիները կարողանալու էին ապացուցել, որ դա առգրավված տեխնիկա է»,- ասաց Նահապետյանը։