Քննչականներ-դատարան հակասությունը խորանում է

Քննչականներ-դատարան հակասությունը խորանում է

Վերջին օրերին մենք հաղորդագրություններ ենք ստանում քննչական մարմիններից, որ իրենք դիմում են դատարաններ՝ կալանավորման միջնորդություններով, վերջիններս մերժում են եւ ազատ արձակում հանցագործներին։ Օրինակ, նախօրեին բողոք-հաղորդագրություն էին տարածել, թե ««Մեր բակը» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու եւ հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով միջնորդություն էինք ներկայացրել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից մերժվել է»:  Քննչական կոմիտեի մեկ այլ հաղորդումից․ «Ամբաստանյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձը, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելուց հետո, կատարել է ավազակություն եւ կողոպուտ»։ Կալանքի միջնորդությունները հատկապես մերժվում են հանրային հնչեղություն ունեցող գործերով, երբ իրավապահները մեղադրյալներին ձերբակալում են, իսկ դատարաններն այդ ձերբակալությունները ճանաչում են ոչ իրավաչափ՝ համաձայնելով փաստաբանների հետ, որոնք հայտարարում են, թե իրենց պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Դաշտում գործողների համար նկատելի է, որ դատական համակարգն անկախանալու նշաններ է ցույց տալիս։ Թեպետ դրա համար լուրջ պայքար ու բարեփոխումներ են անհրաժեշտ, սակայն համակարգը, կարելի է ասել, ինքնակազմակերպվում-ինքնամաքրվում է, հատկապես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ գործընկերներին ուղղված կոչից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի մեղադրանքը դատարանը մերժեց եւ ձերբակալվածներին հերթով ազատ արձակեց։ «Հայրենիքին նվիրումը եւ մեր առաքելությանը հավատարիմ մնալն ապացուցվելու է այս օրերին, եւ մենք ենք պատասխանելու այն հարցին, թե ունե՞նք արդյոք անկախ դատական իշխանություն մեր երկրում, թե՞ ոչ: Դատավորի բարձր արժանապատվությունը եւ պատիվը զուտ բառե՞ր են, թե՞ մեր գործունեության հիմնաքարը: Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանն ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- ասել էր Վարդազարյանն իր ուղերձում:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը եւս նկատել է, որ դատական համակարգն անկախանում է․ «Ունենք ակնհայտ պրիմիտիվ, քաղաքական հետապնդումներ, որոնք սկիզբ են առել նոյեմբերի 9-ից հետո, այսինքն՝ մի նոր թափ սկսվեց քաղաքական հետապնդումների՝ ի լրումն նախորդ քաղաքական հետապնդումների։ Բայց ունենք այն պատկերը, որ իսկապես դատախազության եւ քննիչների ճնշումները դատարանների վրա արդյունավետ չեն գործում, այսինքն՝ դատարանները վճռական են իրենց անկախությունը պաշտպանելու հարցում։ Շատ կարեւոր է նաեւ ԲԴԽ-ի պատշաճ եւ ճիշտ գնահատականներն իրավիճակին, օրինակ՝ որ նույն վարչապետը կանչում է դատավորներին, ԲԴԽ ներկայացուցիչներին, կոնկրետ քրեական գործեր քննարկելու, մասնավորապես՝ կալանավորումներ, եւ ԲԴԽ նախագահը մերժում է նման հրավերը։ Ես գտնում եմ, որ սա այդ իմաստով բեկումնային պահ է մեր դատական համակարգի լիարժեք ձեւավորման եւ անկախացման հարցում։ Խոսքը գնում է դատարանների կողմից ճիշտ եւ պատշաճ գնահատականներ տալու, իսկ դատախազության եւ քննիչների կողմից կոնկրետ քաղաքական հետապնդումներ իրականացնելու մասին»։

Հարցին, թե վերջին 2,5 տարում սա միակ ժամանակաշրջա՞նն է, որտեղ երեւում է դատարանների անկախացման պրոցեսը, փաստաբանը պատասխանեց․ «Մենք տեսել ենք նաեւ, որ այս ողջ շրջանում եղել են դատավորներ, որոնք միշտ եղել են իրենց բարձունքի վրա, օրինակ՝ պարոն  Ազարյանը, պարոն Հովհաննիսյանը, Նիկողոսյանը եւ այլն, ունեցել ենք իսկապես իրենց դիրքը պահող դատավորներ, նույնօրինակ՝ Դավիթ Գրիգորյանի դեպքը, ինչ է թե դատախազության եւ իշխանության համար ոչ ցանկալի ակտ էր կայացրել, նրա նկատմամբ նույնիսկ քրեական հետապնդում սկսվեց, եւ լիազորությունները դադարեցվեցին։ Մենք այդ ամեն ինչը շատ լավ պետք է հիշենք, բայց, իհարկե, այս վերջին շրջանում ակնհայտ է, որ ոչ մի կերպ չեն հաջողում ճնշել դատարաններին»։

Այս ամենին ի պատասխան, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասում է՝ դատախազության կողմից դատարաններին հրահանգներ չեն եղել եւ չեն էլ կարող լինել․ «Դատախազները երբեւէ դատավորների առջեւ պահանջներ չեն էլ դրել։ Նկատի ունենանք, որ նման դեպքերը քրեորեն պատժելի են, չկա նման բան։ Կարող եմ ասել, որ դատախազությունը պատշաճ ձեւով իր գործառույթն իրականացնում է՝ օրենքով սահմանված կարգով, եւ նույն ձեւով հարաբերություններն իր կարգավորում է կամ ձեւավորում է դատաիրավական համակարգի մնացած սուբյեկտների կամ մարմինների հետ»։