Համազգային երթով գնալ ոչ թե Եռաբլուր, այլ՝ Կապան

Համազգային երթով գնալ ոչ թե Եռաբլուր, այլ՝ Կապան

Հարցազրույց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի հետ

- Հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարված, այսօր համազգային երթ են անում դեպի Եռաբլուր։ Դուք մասնակցելո՞ւ եք այդ երթին։

- Իհարկե՝ ոչ։ Ինձ համար սուգը սկսվել է շատ ավելի վաղ, երբ հոկտեմբերի կեսին հասկացա, որ այս պատերազմը պարտադրված էր մեզ պարտվելու։ Երբ տեսնում ես, որ չի կատարվում զորակոչ, երբ Շուշիի եկեղեցու մոտ ԱՀ նախագահն ասում է՝ եկեք, թշնամին 5 կմ հեռու է, բայց «եկեք»-ով չէ, եթե կա պետություն, պետք է կազմակերպվեր զորահավաք։ Երբ դիրքերից զանգահարում էին ու ասում, որ առանց որեւէ լուրջ պատճառի նահանջի հրաման է տրվում, ես հասկացա, որ վիճակն առողջ չէ։ Հիմա մեզ մեղադրում ենք, թե ինչու էինք հավատում, որովհետեւ ուզում էինք հավատալ եւ գիտեինք հայ զինվորի կռվելու հնարավորությունները։ Բայց երբ սկսեցին կադրեր տարածել, թե ինչպես են ԱԹՍ-ները մի վայրկյանում հարյուրավոր հայորդիների ոչնչացնում, սուգը սկսվեց հենց այդ ժամանակ։ Ինչքա՞ն կարելի է բթամիտ լինել ու չհասկանալ, որ սուգ պետք է հայտարարվեր ոչ թե հիմա, այլ՝ հոկտեմբեր ամսին։ Երեւանցիները չհասկացան, որ պատերազմ է, նրանց ապատեղեկացրին, ուղեղները լվացին, տեսնում էինք ռեստորաններում հնչող երաժշտություն, մի՞թե դժվար էր, որ մշակույթի նախարարության կողմից հրահանգվեր, որ ռեստորանները, սրճարանները կարող են բաց լինել, բայց երաժշտություն չի կարող հնչել, որովհետեւ արդեն բավականաչափ զոհեր ունեինք։ Հիմա այդ սուգը դեռ երկար կշարունակվի մեր հոգում, դա սուգ էլ չէ, այլ՝ պարտված, խաբված ժողովրդի նսեմ վիճակ։ Ի՞նչ երթի մասին է խոսքը, եւ ինչո՞ւ հենց այսօր։ Ի՞նչ է նշանակում՝ հենց 40-րդ օրը, այսինքն՝ կապիտուլյացիայի 40-րդ օրը նշում եք ջահերո՞վ, Ադրբեջանի հերթական պատվե՞րն եք կատարում։ Ո՞ւր եք գնում՝ Եռաբլո՞ւր, այսինքն՝ անարգո՞ւմ եք այդ զինվորներին։ Այդտեղ կարող են գնալ միայն այն ծնողները, որոնք 40 օր առաջ հողին հանձնեցին իրենց զավակներին։ Սա հերթական չմտածված կամ մտածված ստոր քայլն է։   

- Կարծիք կա, որ պետք չէ երթը քաղաքականացնել, պետք է միասնականություն դրսեւորել։

- Այո, պետք է միասնական չգնալ, այս օրը մեր խայտառակության օրն է։ Ամեն ինչ արեցին երկրի կործանման համար եւ շարունակում են անել՝ պառակտելով։ Ժողովուրդը պետք է մոռանա հին ու նոր, այստեղ իշխանության մասին չէ խոսքը, կան սկզբունքային մարդիկ, որոնք իրենց խղճով են առաջ շարժվում։ Միասնաբար այս երկիրը պետք է բերենք համերաշխության, եւ այդ երթին պետք է չգնալ։ Կարծում եմ, հիմա ժամանակն է՝ ազգովի վեր կենալ եւ գնալ Կապան։ Երկրում անիշխանություն է։ Ո՞վ է տեսել գյուղապետը կանգնի սահմանին ու բանակցի ադրբեջանցու հետ, ինձ որ պատմեին սրա մասին մի քանի տարի առաջ, կասեի՝ ծաղրո՞ւմ եք։ Ո՛չ սահմանների հարցն եք կարողանում լուծել, ո՛չ դիերի։ Մարդիկ չեն հասկանում, որ մի օր թուրքական ոչ թե զորքերը, այլ կառույցները կարող են Երեւանում հայտնվել։ Մեր հույսն ինչի՞ վրա ենք դրել՝ ռուս զինվորի՞, ռուս զինվորն իր շահը կպահի, իսկ վաղը, եթե պետք չլինի, կթողնի-կգնա։  

- Ճգնաժամը հաղթահարելու ի՞նչ ճանապարհներ կան, իշխանափոխությունը հարց կլուծի՞։

- Այս իշխանության ժամ առաջ հեռանալն ուղղակի գոյության խնդիր է, սա բարոյալքված իշխանություն է․․․ Ասեց՝ խելոք նստեք տեղներդ, հիմա էլ երեւի իրեն են ասել՝ խելոք նստի տեղդ, բայց մի՞թե չես զգում՝ ժողովրդի քո քվեից բան չի մնացել։