«Հրապարակ». Պետությունը դիտորդի կարգավիճակով հետեւում է շուկայում գների սպեկուլյատիվ աճին

«Հրապարակ». Պետությունը դիտորդի կարգավիճակով հետեւում է շուկայում գների սպեկուլյատիվ աճին

ՀՀ վիճակագրական կոմիտեն ամսեամիս գների աճ է ազդարարում։ Ցանկացած քաղաքացի, որն առօրյա գնումներ է կատարում, նկատել է, որ դեռ մեկ տարի առաջ 5 հազար դրամը բավարար էր, որպեսզի 1 անձը 4-5 օր սնվեր, բայց երեւանյան միջին սուպերմարկետում այսօր դա 1 օրվա սննդի ծախս է։ 

Թանկացել են պանիրը, կաթը, կարագը, ձավարեղենը, հացը։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ սեպտեմբերին ալյուրի գինը 0,6 տոկոսով աճել է՝ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ, հացը՝ 20, մակարոնեղենը՝ մոտ 30-31, կարագը՝ մոտ 3, բրինձը՝ 11 տոկոսով։ Միրգ-բանջարեղենը հոկտեմբերին երբեք այսքան թանկ չի եղել։ Մեկ տարվա ընթացքում գրեթե 50 տոկոսով աճել են բանջարեղենի գները, միրգը թանկացել է ավելի քան 15 տոկոսով։ Խաղողը, որն այս սեզոնին ջրի գին ուներ, այս տարի 450-500 դրամից չի իջնում։ Նույն  խանութում առավոտյան մի գին է, երեկոյան՝ այլ։ Տպավորություն է, որ ոչ ոք չի վերահսկում գների անզուսպ աճը։ 

Քաղաքացու գրպանի վրա հարձակում է կատարվում բոլոր կողմերից։ Թանկացումներն էական են ծառայությունների շուկայում։ Առաջին հերթին խոսքը բնակարանային ծառայությունների մասին է՝ տան վարձերի, որոնք մարտ ամսից, երբ սկսվեց ուկրաինական պատերազմը, թանկացան մի քանի անգամ։ Եթե շուկայի այս սեգմենտում գնաճը ներգաղթի  հետեւանք է, ապա այլ ծառայությունների գների աճը հասկանալի չէ։ Օրինակ, անցյալ տարվա համեմատ կապի ծառայություններն են թանկացել (6.0%-ով), տրանսպորտի (7.6%-ով), առողջապահության (2,5%-ով), հյուրանոցների ու ռեստորանների (6.7%-ով), հանգստի (8.5%-ով)։ Նույնիսկ կրթության ոլորտի ծառայություններն են աճել՝ 1,5 տոկոսով։ 

Ինչպե՞ս կարող են դոլարի ցածր փոխարժեքի պայմաններում՝ 400-410 դրամ, գները դրամով այդքան բարձր լինել, եթե դրամը արժեւորվում է, ինչո՞ւ են ապրանքները դրամով թանկանում։ 
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ դրամի արժեւորումը ներմուծվող հումքի ու ապրանքների վրա դրական է անդրադառնում, եւ ապրանքների գինը պետք է որ նվազեր, բայց կան այլ «էֆեկտներ», որոնք չեզոքացնում են դրամի կուրսի գործոնը։ «Ապրանքների եւ ծառայությունների գների վրա անդրադառնում են բարձր պահանջարկը եւ այն սպեկուլյացիոն քաղաքականությունը, որը տնտեսվարողները կարող են վարել բարձր պահանջարկի պայմաններում։ Արդյունքում ստացվում է, որ թեեւ դոլարն էժանացել է, բայց մյուս էֆեկտներն ավելի ուժեղ են, ու գները ոչ միայն չեն նվազում, այլեւ բարձրանում են, ու տնտեսվարողները հավելյալ շահույթներ են ստանում»։ Մյուս գործոններն են՝ մեծ ներհոսքը եւ սպեկուլյատիվ երեւույթները, որոնք այսօր անհամեմատ ավելի ակնհայտ են ու շատ, քան երբեւէ։

«Այսօր Հայաստանում ձեւավորված բարձր գների վրա մեծ ազդեցություն ունի օտարերկրացիների ներգաղթը Հայաստան։ Այդ մարդիկ գնողունակ են, իրենց հետ կապիտալ են բերել, հետեւաբար, թե՛ առեւտրի ոլորտում, թե՛ սպասարկման ու ծառայությունների, պահանջարկի մեծացում է նկատվում, ինչը չի կարող չանդրադառնալ գների վրա։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ թողնել շուկայի ինքնակարգավորվող մեխանիզմի վրա։ Դա անթույլատրելի է։ Չի կարելի ասել՝ բազմաթիվ փոքր խանութներ կան, ո՞ր մեկին հետեւենք։ Սա կնշանակի բառացիորեն ասել՝ հարգելի առեւտրով զբաղվող կազմակերպություններ, ինչ ուզում եք, ոնց ուզում եք, արեք։ Իսկ դա այսօրվա իրավիճակում, երբ տնտեսությունը բավարար չի զարգանում, երբ բազմաթիվ մարտահրավերներ կան տնտեսությունում, ավելի է խորացնում սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որն ունենք»։ 
Ըստ Կառլեն Խաչատրյանի, գների վերահսկողության հարցում մեծ անելիք ունի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, որը մեր երկրում, կարելի է ասել, չի աշխատում։ «Ըստ էության, մենք ունենք մի իրավիճակ, երբ տնտեսվարող սուբյեկտն իր հայեցողությամբ ցանկացած պահի ցանկացած գին է սահմանում, ցանկացած գնային քաղաքականություն է իրականացնում՝ որեւէ կերպ դա չհիմնավորելով։ Եթե, օրինակ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող է ասել, որ այսինչ ոլորտում համակենտրոնացում չկա, եւ այն իր դաշտից դուրս է, ապա շուկայի վերահսկողություն իրականացնող այլ մարմինները գոնե պետք է փորձեն այստեղ ինչ-որ միջամտություն  ցուցաբերել։ Եթե պետությունը լուռ դիտորդի կարգավիճակով հետեւի, թե տնտեսվարողներն ինչպես են առիթից օգտվում ու առանց այն էլ բարձր գնաճի ֆոնին փորձում հավելյալ շահույթներ ստանալ սոցիալապես խոցելի խավին հարստահարելով, դա ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել»,- ասում է Կառլեն Խաչատրյանը։ 

Մենք փորձեցինք կապվել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ, հարցնել, թե արդյոք վերջին շրջանում ուսումնասիրե՞լ են տարբեր տնտեսվարողների գնային քաղաքականությունը, եղե՞լ են դեպքեր, երբ տնտեսվարողը տուգանվել է չպատճառաբանված գնի համար։ Բայց այս հաստատությունը, ըստ ամենայնի, մեռյալ մարմին է։ Ո՛չ տեսչականի պետ Արմեն Կոտոլյանը, ո՛չ նրա տեղակալ Արթուր Մկրտչյանը, ո՛չ մամուլի քարտուղար Տաթեւ Զորոյանը մեր զանգերին չպատասխանեցին, իսկ օգնական Նարինե Հակոբյանը մեզ տրամադրեց իրազեկման բաժնի մի չաշխատող հեռախոսահամար։