Սիրիայից օդանավ պետք է գա․ Ջեմբերջին գումար է փոխանցել Արցախի համար

Սիրիայից օդանավ պետք է գա․ Ջեմբերջին գումար է փոխանցել Արցախի համար

Սիրիահայ մեծահարուստ Գաբրիել Ջեմբերջին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Արցախին։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նա ասաց, որ ինչ-որ անհրաժեշտ է, անում են․ «Անշուշտ, աջակցություն ցուցաբերել ենք։ Գումարային ձեւով էլ, ամեն տեսակով էլ կօգնենք»։

«Մինչեւ վերջ դիմագրավելու ենք, հաղթելուց բացի ուրիշ ելք չունենք։ Ապրելու համար պետք է հաղթանակ ունենաք միշտ»,-ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է հրադադարի գնալուն, ռուս խաղաղապահների տեղակայման խոսակցություններին, ասաց․ «Դա մեր  կառավարության որոշելիքն է, դա մեր որոշելիքը չէ։ Քաղաքական բան է, եւ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Մեզ երբ առիթ է լինում օգնելու, մեր պարտականությունն է, կօգնենք։ Քաղաքականությունը իշխանությունները թող որոշեն։ Միասնականություն է պետք, որ պատերազմը հաղթենք»։

-Դուք սիրիացի եք, դրսի հետ կապերն օգտագործո՞ւմ եք ի նպաստ ՀՀ-ի։

-Այո, Սիրիայից օդանավ պետք է գա՝ շտապօգնության առաջին անհրաժեշտության պարագաներ ենք ուզել։ Անպայման գալու է, մեր միջոցով կլինի։

-Դուք ինչքա՞ն գումար եք փոխանցել։

-Թվով ասելն ամոթ բան է, մեր հայրենիքի մեջ ինչ դրել ենք, չենք ասել։ 

-Արցախից եկած հայությանն օգնե՞լ եք։

-Այո, տեղ ենք տվել, ազատ տեղեր էլ ունենք։