«Հրապարակ». Ապուշ շան որդի է` թիթիզ ու զզվելի

«Հրապարակ». Ապուշ շան որդի է` թիթիզ ու զզվելի

«Հրապարակի» զրուցակիցը Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն է:

- Որտե՞ղ եք տեղավորվել:

- Արտաշատի Մրգավան գյուղում ենք: Տուն ենք վարձել, էդպես ժամանակավորապես ապրում ենք, տեսնենք, էլի:

- Դո՞ւք եք վարձել, թե՞ պետությունն է կացարան տրամադրել:

- Ոչ, մենք ենք վարձել, 350 հազար դրամ վարձ եմ տալիս: Ի՞նչ արած, ճարահատյալ, դրսում չմնալու համար տվել ենք էդքան գումար:

- Պետությունը ոչինչ չի՞ առաջարկել Ձեզ:

- Ոչ: Ես ոչ մի օգնությունից տեղյակ չեմ, ինձ ոչ մի տուն չեն առաջարկել, ոչ մի նման բան անգամ չեմ էլ լսել:

- Պետությունն անվճար կացարաններ է տրամադրում արցախցիներին, գոնե այդպես հայտարարել են:

- Մենք տեղյակ չենք: Եկել ենք Գորիս, այնտեղից էլ` Արտաշատ, մեզ չեն առաջարկել ոչինչ: Հոկտեմբերի 1-ից ասացին, որ լուծարում են Շուշիի քաղաքապետարանը, վարչական մասերը, այն ամենը, ինչ կար: Այսօր էլ կանչեցին եւ ասացին, որ վերջնահաշվարկ են անում, ու վերջ…. աշխատանք եմ փնտրում, տեսնենք, թե ինչ կլինի:

- Եթե Արցախը, որպես պետություն, լուծարվում է 2024 թվականի հունվարի 1-ից, ինչո՞ւ են հիմա լուծարում պետական կառույցները` Շուշիի քաղաքապետարանը:

- Չգիտեմ, ասում են` փող չկա: Ես ընդհանրապես հինգ տարի շարունակ նույնիսկ արձակուրդ չեմ գնացել: Այսօր ասացին, որ վերջին մեկ տարվա գումարն են միայն հաշվելու:

- Ո՞վ է ասում:

- Ֆինանսների նախարարությունից են ասել, ինչ ասում են` ճարահատյալ համաձայնում ենք, ի՞նչ արած:

- Այս ամենի մասին ի՞նչ կարծիք ունեք: Օրինակ` Հայաստանի իշխանությունները մեղադրում են Սամվել Շահրամանյանին, որ նման հրամանագիր է ստորագրել:

- Ի՞նչ աներ Սամվել Շահրամանյանը մի շաբաթում: Ի՞նչ կարող էր անել: Նախագահ դարձավ, մի քանի օր հետո կռիվը սկսվեց: Արդեն ամեն ինչ որոշված էր….

- Եթե հնարավորություն ստեղծվի, միջազգային խաղաղապահներ տեղակայվեն Արցախում, կվերադառնա՞ք:

- Անհնար է` ոչ մի դեպքում: Ադրբեջանցիների հետ անհնար է ապրել: Սովետի ժամանակ ամեն ինչ ուրիշ է եղել, հիմա ուրիշ է: Սովետը կարողացել է խաղաղ պահել, բայց էսքան կորուստներից հետո` ոչ մի դեպքում: Պարտությունից հետո ադրբեջանցին ավելի է լկտիացել: Արցախում ամեն ձեւով ճնշած կպահի, ո՞ւմ է պետք նման ապրելը: Դրանց հետ ապրելն անհնար է: Տեսնում եք, չէ՞, թե Ալիեւը հայկական դրոշի հետ ոնց է վարվում: Դե, էդքանից հետո ո՞վ կարող է նման տականքի հետ ապրել: Ապուշ շան որդի է, թիթիզ ու զզվելի, բա եթե Ղարաբաղը չի ճանաչում, ինչո՞ւ է Ղարաբաղի դրոշը գցած՝ վրան ման գալիս…. Լակոտություն է իսկական:

- Իսկ ի՞նչ կարծիքի եք ռուսների մասին:

- Ռուսներն էլ այդ ամեն ինչը թույլ տվեցին: Պուտինն արդարանում է, ասում է` ամեն ինչ Հայաստանն է արել: Չգիտեմ ինչ ասեմ: Եթե դեռ նախորդ տարի ռուսը զսպեր ադրբեջանցուն, գուցե այլ լիներ: Խաղեր են, որոնք մեզ համար անհասկանալի են: