Եթե ինվոյսը կեղծված չէ, ՊԵԿ-ը մեքենան կմաքսազերծի ինվոյսով

Եթե ինվոյսը կեղծված չէ, ՊԵԿ-ը մեքենան կմաքսազերծի ինվոյսով

Հունվարից մեկից Պետեկամուտների կոմիտեն բարձրացրել է երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծման գները՝ կիրառելով իրենց սահմանած հաշվարկային գները, որոնք, կարելի է ասել, նույն հսկիչ գներն են։ Արդյունքում քաղաքացիները ստիպված են լինում իրենց ներկրած մեքենաները մաքսազերծել ոչ թե ինվոյսով, այլ ՊԵԿ-ի սահմանած գնային սանդղակով, ինչի արդյունքում հիմնականում բավականին բարձր գին են վճարում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցւոմ այս կապակցությամբ ասաց․ «Ինվոյսային նախորդ գործող մեխանիզմը չի հանվել, պահպանվել է գործող մեխանիզմը, ուղղակի որոշակի փոփոխությունների է ենթարկվել մեր մոտեցումը»։


Այնուհետև բացատրեց՝ որն է այդ մոտեցումը։ «Մենք մեր կայքում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ, որով որ ցանկացած անձ կարող է իր կողմից ներմուծվող կամ արդեն մերմուծված մեքենայի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն մուտքագրելով՝ ստանալ կողմնորոշիչ գին։ Ո՞րն է դրա իմաստը։ Մենք՝ որպես Պետական եկամուտների կոմիտե, ակնկալում ենք, որ այն ինվոյսները, որոնցով որ ներկրվելու են մեքենաները, իրենք առնվազն պետք է կողմնորոշիչ գնին համահունչ լինեն և դրան հավասար»,֊ասաց Անանյանը՝ հորդորելով քաղաքացիներին կեղծ ինվոյսներով մաքսազերծման չգնալ։

Նա նշեց, որ իրենք ներկայացված ինվոյսներն ուսումնասիրում են, և եթե ակնհայտ անարժանահավատության որևէ կասկած չկա, իրենք մաքսային ձևակերպումն իրականացնում են ըստ ներկայացրած ինվոյսի։ Բայց դրանից հետո, հետբացթողումային հսկողության ժամանակ, շատ ավելի խորը և մանրամասն ուսումնասիրում ենք՝ արդյոք այդ ինվոյսը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։


Hraparak.am-ը նկատեց, որ ճապոնական և ամերիկյան ավտոաճուրդներում ավտոմեքենաները ձեռք են բերվում շուկայականից մի քանի անգամ ցածր գնով, օրինակ՝ Nissan Tiida կարելի է ձեռք բերել շուրջ 250-300 դոլարով, որի մաքսազերծման արժեքը ինվոյոսով մոտ 100-150 դոլար է կազմում, մինչդեռ ՊԵԿ-ի ներմուծած հաշվիչը 2-3 անգամ բարձր գին է սահմանում։  Անանյանը չբացառեց, որ կարող է նման բան լինել․ «Հնարավոր է, որ բայց էդ մեքենան նշանակում է, որ հաշվիչում մուտքագրելու ժամանակ երևի հաշվի չի առնվել կոնկրետ էդ մեքենայի վթարված լինելը կամ չլինելը»։


-Ոչ, խոսքը չվթարված, լիարժեք մեքենայի մասին է։


-Ես մի բան էլ ասեմ՝ մենք ինչի՞ ենք դա արել, դա արել ենք, որպեսզի զերծ մնան մարդիկ ինվոյսներ կեղծելուց։ Այսօր մենք ունենք կազմակերպություններ, ցավոք սրտի, որոնք քաղաքացիներին օգնում են, որ այդ ինվոյսները կեղծվեն։ Նույնիսկ ունեն կապեր արտասահմանում, որ նույն մեքենայի՝ նախորդ օրը ցուցադրված արժեքը հաջորդ օրը փոփոխված արժեքով է ներկայացվել։


-Շատ լավ, հիմա եթե քաղաքացին մեքենա է ներմուծում չկեղծված ինվոյսով, համաձայն որի՝ մեքենան գնվել է 300 դոլարով, դուք այդ գնով էլ կմաքսազերծե՞ք։


-Եթե կեղծված չի, մենք 300 դոլարով մաքսային ձևակերպում ենք կատարելու, հետո՝ հետբացթողումային հսկողոթյան ժամանակ, արդեն պարզելու ենք դրա իսկությունը։