Չուզողության շքահանդես

Չուզողության շքահանդես

Լրատվամիջոցներից մեկը հրապարակում է արել, որտեղ անդրադառնում է Արցախի ներքին իրավիճակին եւ արձանագրում, որ մարդիկ սկսել են հարցեր հնչեցնել: Օրինակ է բերվում ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: Վերջինս աչքի ընկավ Մաղավուզի քարածուխի հանքի հարցով «բացահայտումներով»: Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հանգամանալի մեկնաբանությամբ, ինչից հետո, թվում էր, Խանումյանի «սենսացիոն տեղեկությունների» նկատմամբ ոչ միայն հանրային, այլեւ լրագրողական հետաքրքրությունը պետք է մարեր:

Պարզվում է` ոչ: Եւ վերոհիշյալ հրապարակման հեղինակը վերստին նույն հարցադրումներն է անում:

Հրապարակման միտումնավորությունն այնքան ակնհայտ է, որ հեղինակը, խոսելով Արցախում հիմնադրված բուսական յուղի արտադրության մասին, ասում է, թե այն «ոչնչացրել է Մարտունու շրջանի ամբողջ մեղրը»: Դժվար է պատկերացնել, որ կտավատի, հլածուկի մշակությունը խթանող այդ արտադրությունն անդառնալի վնաս հասցրած լինի Մարտունու շրջանի մեղվաբուծությանը: Բայց կա որոշակի պատվեր` սեւ գույներով ներկայացնել Արայիկ Հարությունյանի վարչապետության շրջանը, եւ լրատվամիջոցը կամավոր կամ միջնորդավորված դարձել է  հակաքարոզչության խոսափող: Այնքան, որ հարցում է անում, թե ու”ր մնաց Արայիկ Հարությունյանի խոստացած խավիարը, որ պետք է արտադրվեր Սարսանգի ջրամբարում:

Ահա եւ` անիրազեկության բացառիկ նմուշ, որովհետեւ խավիարի արտադրություն կազմակերպվում է Մատաղիսում: Հրապարակման հեղինակին հարկ է լուսավորել` խավիար արտադրվում է ձկնկիթից, իսկ դրա համար ձուկը պետք է կենսաբանական հասունության շրջանի անցնի, որը տարիներ է տեւում: Կգա ժամանակը, ձկնաբուծարանը կգործի նախատեսված հզորությամբ, ձուկը ձկնկիթ կտա, կարտադրվի խավիար: Հարցեր, իհարկե, կարելի է բարձրացնել: Բայց ոչ բացահայտ չուզողականությամբ: Եւ քաղաքական խնդիրներին էլ կարելի է ավելի նրբանկատությամբ մոտենալ, ոչ թե` կացնային ոճով: Դա ակամայից մղում է համարժեք անդրադարձի, որից, կարելի է չկասկածել, հիշյալ լրատվամիջոցն ու նրա նախընտրած քաղաքական գործիչը հաստատ չեն շահի: