Սեւ ամպեր՝ Սպիտակ տան գլխին․ ո՞վ կառաջնորդի Ամերիկան

Սեւ ամպեր՝ Սպիտակ տան գլխին․ ո՞վ կառաջնորդի Ամերիկան

Այս տարվա նոյեմբերին Միացյալ Նահանգներում նախանշված ընտրություններին ընդառաջ՝ բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում համաշխարհային այդ գերտերության ներքաղաքական կյանքում։ 
Բայդեն-Թրամփ երկարամյա դիմակայության ֆոնին՝ հավերժական մրցակիցների նախընտրական գործերն ընթանում են տրամագծորեն հակադիր բեւեռներում։ Եթե ամիսներ առաջ մեղադրանքների տարափ էր տեղում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին՝ դատական հայտնի գործընթացների ուղեկցությամբ, ապա իրավիճակն էականորեն փոխվել է, եւ հիմա Բայդենն է հայտնվել համընդհանուր քննադատության թիրախում, ընդ որում՝ ոչ թե Թրամփի, այլ քաղաքական գլխավոր դերակատարների եւ նույնիսկ իր կուսակիցների շրջանում։ Հայտնի է, որ Կոնգրեսում նախաձեռնել են նրա իմպիչմենտի գործընթաց, որի շրջանակում ցուցմունքներ պիտի տա նաեւ Բայդենի որդին՝ Հանթերը։ Ամերիկայի պատմության ամենատարեց նախագահի հասցեին այժմ արդեն ավելի լուրջ մեղադրանքներ են հնչում, քան մինչ այս տարածվածները՝ առաջացած տարիքի, դրանով պայմանավորված ֆիզիկական, առողջական, վարքագծային անպատշաճության եւ այլնի հետ կապված։ 

Հանրապետականները կասկածներ ունեն, որ նախագահ Բայդենն ապօրինաբար հարստություն է ձեռք բերել իր որդու՝ Հանթեր Բայդենի արտասահմանյան բիզնես գործարքների միջոցով: Նախագահի որդին էլ մի լավ վիճակում չէ․ նրա անունը մշտապես հոլովվում է դատական պրոցեսների մեջ (թմրանյութերի օգտագործում եւ այլն)։  Ընտանիքի ու երկրի պատիվը փրկելու համար օրերս Սպիտակ տան ղեկավարը ստորագրեց կառավարության ֆինանսավորումը երկու ամսով երկարաձգելու մասին որոշում։ Կարճ ասած՝ ո՛չ երկիրն է մի օրի, ո՛չ ինքն ու իր ընտանիքը։ Գործարար եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, օրինակ, հայտարարել է, որ չի պատրաստվում առաջիկա նախագահական ընտրություններում քվեարկել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի օգտին։ Խոստովանելով հանդերձ, որ 2020 թվականի ընտրություններում քվեարկել է Բայդենի օգտին, միլիարդատերն ընդգծել է․ «Ես չեմ կարող պատկերացնել, որ այս անգամ քվեարկելու եմ Բայդենի օգտին»։

Սրան զուգահեռ, ձնագնդի հարաճուն պրոգրեսիայով Թրամփն ամրապնդում է դիրքերն ու բարձրացնում հեղինակությունը ոչ միայն ներքին լսարանի, այլեւ արտաքին աշխարհի շրջանում։ Հունվարի 15-ին Այովա նահանգում տեղի ունեցան հանրապետական ընտրողների հանդիպումներ, որտեղ ԱՄՆ 45-րդ նախագահը գերազանցեց կուսակցական գործընկերոջը՝ ստանալով 56,260 ձայն (51%)։ Երկրորդը Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսն էր (23,420 ձայն, 21%), երրորդը՝ Նիկի Հեյլին (21,085, 19%), իսկ չորրորդը՝ Վիվեկ Ռամասվամին (8,449, 8 %)։ Նրանցից երկուսը՝ Դեսանիտսն ու Ռամասվամին, արդեն ինքնաբացարկ են հայտարարել, դուրս եկել նախագահական մրցապայքարից եւ հայտարարել Թրամփին սատարելու մտադրության մասին։ Առաջատար քառյակից միայն Նիկի Հեյլին է մերժել նախկին նախագահի առաջարկը․ Թրամփը, իր հաղթանակի դեպքում, նրան խոստացել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։

«Եթե մի բան կարող էի անել՝ հասնելու իմ ուզած արդյունքին, քարոզարշավի շրջանակում ավելի շատ միջոցառումներ եւ հարցազրույցներ կանեի։ Ես չեմ կարող խնդրել այն մարդկանց, ովքեր մեզ աջակցում են, մեզ նվիրել իրենց ժամանակը եւ իրենց ռեսուրսները, եթե մենք չունենք հստակ ճանապարհ դեպի հաղթանակ: Այսօր ես հայտարարում եմ իմ նախընտրական քարոզարշավի դադարեցման մասին»,- քարոզարշավն ընդհատելու մասին իր որոշումը մեկնաբանելիս ասել է Դեսանտիսը՝ նշելով, որ Թրամփը կստանա իր աջակցությունը։ Նախագահական մրցավազքից դուրս եկած մյուս գործիչը՝ ազգությամբ հնդիկ Վիվեկ Ռամասվամին նույնպես հավաստիացրել է, որ երկրի ղեկավարի ընտրություններում կաջակցի Թրամփին։ 

Իրենց թեկնածությունը հանելու մասին հայտարարել են նաեւ Թիմ Սքոթն ու Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը։ Վերջինս իր որոշումը բացատրել է հետեւյալ կերպ․ «Իմ՝ որպես սկզբունքային եւ փորձառու հանրապետականի, ճշմարտությունն ասելու դիրքորոշումն Այովայում չաշխատեց»։ ԱՄՆ նախկին նախագահին սատարել-չսատարելու մասին, սակայն, քաղաքական գործիչը բացահայտ ակնարկ չի արել։

ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ իր տեսակետն է հայտնել նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով այժմ սյունակագիր է։ Նրա կարծիքով, Դոնալդ Թրամփի նախագահությունը «կարող է լինել հենց այն, ինչ պետք է աշխարհին»: «Նախ, ինքներդ ձեզ հարց տվեք. Ամերիկայի ո՞ր նախագահն է առաջինը պաշտպանել Ուկրաինան 2014-ին Պուտինի ներխուժումից հետո: Արդյո՞ք դա մեծ լիբերալ ինտերնացիոնալիստ Բարաք Օբաման էր: Ո՛չ, պարոնայք, նա ոչինչ չարեց Պուտինին Ուկրաինայից հեռացնելու համար՝ ո՛չ Ղրիմից, ո՛չ Դոնբասից։ Ո՛չ ֆրանսիացիները, ո՛չ գերմանացիները դա արեցին, ոչ էլ, անկեղծ ասած, այն ժամանակվա բրիտանական կառավարությունը, որը որոշեց առեղծվածային կերպով լվանալ ձեռքերը եւ ուկրաինացիների ճակատագիրը վստահել բարոյապես սնանկացած Նորմանդական ձեւաչափին»,- Daily Mail-ի իր սյունակում գրել է Ջոնսոնը։ 
Թրամփը կհասկանա, որ չի կարողանա համաձայնության գալ ՌԴ նախագահի հետ, եւ կկրկնապատկի իր ջանքերը՝

Ուկրաինային տալով այն ամենը, ինչն անհրաժեշտ է հաղթելու համար՝ նկատել է նախկին վարչապետն ու հավելել․ «Թրամփի հաղթանակը կշարունակի աճել հավանականությունից դեպի որոշակիություն: Մենք՝ բոլորս, պետք է մեծանանք եւ հաշտվենք այս հեռանկարի հետ: Եթե նա ճիշտ վարվի եւ աջակցի ուկրաինացիներին, եւ ես հավատում եմ, որ նա կանի, ապա Թրամփի նախագահությունը կարող է մեծ հաղթանակ լինել աշխարհի համար»։
Նրա խոսքով՝ եթե Թրամփը նախագահ լիներ վերջին 4 տարիներին, Պուտինը չէր համարձակվի հարձակվել։ Ի դեպ, Թրամփը բազմիցս խոստովանել է, որ նախագահ լինելու դեպքում ինքը 24 ժամում կկանգնեցներ պատերազմն Ուկրաինայում, սակայն, ի տարբերություն Ջոնսոնի ակնկալության, նա մշտապես բարեկամաբար ու դրական է արտահայտվում է Պուտինի մասին։

Թրամփի՝ Սպիտակ տուն հնարավոր վերադարձի մասին խոսելիս կրկին հրապարակ են նետվում նրա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ հարաբերությունների մասին խոսակցությունները։ Վերջին շրջանում ԱՄՆ նախկին նախագահը հաճախ է հիշում ու դրվատանքի խոսքեր հնչեցնում Կրեմլի ղեկավարի հասցեին, ինչն ամերիկյան եւ արեւմտյան շրջանակներում կրկին դարձել է Թրամփ-Պուտին նոր գործարքի մասին ասեկոսեների պատճառ։ Չմոռանանք, որ Ռուսաստանում այս տարի նույնպես նախագահական ընտրություններ են․ դրանք նախանշված են մարտին։ Հետեւապես Պուտինը, ով նույնպես նախկին երիտասարդը չէ, խնդիր ունի վերընտրության, իսկ Ամերիկան ու Թրամփը կարող են սպասել ․․․