Հազվագյուտ հիվանդությամբ տառապող Սելին Դիոնին դեղերը չեն օգնում

Հազվագյուտ հիվանդությամբ տառապող Սելին Դիոնին դեղերը չեն օգնում

Կանադացի երգչուհի Սելին Դիոնի քույրը՝ Կլոդետը, պատմել է, թե ինչպես է արտիստը ապրում ծանր հիվանդությամբ՝ «մկանային ձգվածության համախտանիշով»։ Le Journal de Montreal-ին տված նրա հարցազրույցը մեջբերում է Shemazing-ը։

Կլոդետի խոսքով՝ իրենց մյուս քույրը՝ Լինդան, այժմ տեղափոխվել է Սելինի մոտ։ Սելին Դիոնի երեք որդիներն ապրում են նույն տանը։

«Նա հետևում է այս հազվագյուտ հիվանդության բարձրակարգ մասնագետների խորհուրդներին, որքան կարող է: Անկեղծ ասած, նա ամենից շատ հանգստի կարիք ունի։ Նա միշտ գերազանցում է ինքն իրեն, փորձում է լինել լավագույնը։ Բայց մի օր ձեր սիրտն ու մարմինը կփորձեն ձեզ ինչ-որ բան ասել, և կարևոր է լսել նրանց», - ասել է Կլոդետը:

Սելինի քույրը խոստովանել է, որ հիվանդ երգչուհուն դեղերը չեն օգնում, և նրանք փորձում են նրա համար վերականգնողական ծրագիր գտնել։

«Մկանային ձգվածության համախտանիշը» հազվագյուտ նյարդաբանական համախտանիշ է, որի պատճառները պարզ չեն: Հիվանդի մոտ առաջանում է մկանային կոշտություն և ցավոտ սպազմ, որը սահմանափակում է հիվանդի շարժունակությունը:

2023 թվականի մայիսին Դիոնը չեղարկել է «մոտ 40 շոու»՝ բուժօգնություն անցնելու նպատակով։ Նրա հաջորդ եվրոպական համերգը նախատեսվում էր սեպտեմբերի 1-ին՝ Փարիզում։