Ի՞նչ է պատմում Բրյուսովի պրոռեկտորը իր ձերբակալության մասին

Ի՞նչ է պատմում Բրյուսովի պրոռեկտորը իր ձերբակալության մասին

Քիչ առաջ մենք գրել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները ծառայության ընթացքում հայտնաբերել են կասկածելի 2 քաղաքացու, որոնք Մինսկի փողոցում տարօրինակ վարքագիծ են դրսևորել։ Պարեկները մոտեցել են այդ քաղաքացիներին և նկատել են, որ նրանցից մեկը գրպանից իրեր է դուրս հանել ու նետել: Տեղում պարեկները վնասազերծել են նրանց և պարզվել է, որ նետել է 3 փաթեթ և 2 գլանակ: Նշված անձինք թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Նոր-Նորքի բաժին: Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որը պարզել է, որ դեն նետված գլանակներում և փաթեթներում եղել են թմրանյութի նմանվող զանգվածներ, գլանակներից մեկում էլ եղել են կիսամոխրացած հետքեր: Դեպքի փաստով Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշված անձինք ոստիկանության Նոր-Նորքի բաժնից ներկայացվել են Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Բերման ենթարկվածները Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորն է, մյուսը՝ համալսարանի փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատարը։ 

Մենք պարզեցինք, որ խոսքը գնում է ԲՊՀ-ի Աշխատակազմի կառավարման և տնտ. հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանի մասին, ով մեզ հետ զրույցում պարզաբանեց կատարվածը․ 

-Պարոն Մանուկյան, կպատմե՞ք՝ ինչ է տեղի ունեցել։ 

-Սա հերթական էժանագին քայլն էր, որով փորձում են մեր այս պայքարը, որ տարվում է նսեմացնել, դիմազրկել, իսկ մենք պայքարում էինք, որ բուհը չմիավորվեր, այդ պայքարի ջատագովներից մեկն էլ եղել եմ ես, ինչպես նաեւ պարոն Ց․ Ակոպյանը։

-Դեպքը ե՞րբ ու ինչպե՞ս է տեղի ունեցել, կմանրամասնե՞ք։

-Դեպքը հետեւյալն է․ ես իմ ընկերոջ հետ գտնվել եմ Մասիվում, իմ զգացողությունը վատ էր, մեքենայից իջել եմ, պարեկները մոտեցել են ընկերոջս հետ խոսել են, հետո հանկարծ նկատել եմ, որ ընկերոջս ձերբակալեցին, իբրեւ թե նրա մոտ եղել է թմրամիջոց, նա նետել է այն գետնին։ Հետո ես եկա, ասեցի՝ ինչո՞ւ եք նրան ձերբակալում, այդ ժամանակ ինձ էլ ձերբակալեցին։ Ամբողջ ճանապարհին ասում էի՝ բացատրեք, ինչո՞ւ եք ինձ բերման ենթարկում, տանում բաժին․․․

-Հիմա Դուք որտե՞ղ եք գտնվում։

-Աշխատավայրում, դեպքը երեկ գիշեր է տեղի ունեցել․․․երբ հասկացան, որ ես այսպես կոչված որեւէ մեղավորություն չունեմ՝ բաց թողեցին, բայց ինձ ենթարկեցին անձնական խուզարկության, ինձ մոտ չհայտնաբերեցին որեւէ արգելված միջոց ու հասկացան, որ ես չեմ կարող այդ երեւույթի հետ որեւէ կապ ունենալ։  Մոտավորապես 6 ժամ պահեցին ու դրանից հետո թե ինձ, թե ընկերոջս բաց են թողել։     

-Ձեր կարծիքով, այս ձերբակալությունը միայն ձեր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշմա՞մբ էր պայմանավորված։

-Ես ուրիշ բան չեմ տեսնում, որովհետեւ եթե ես լինեի այսպես կոչված՝ թմրամիջոց օգտագործող անձ, նրանք ինձ բաց չէին թողնի, բայց հասկացան, որ չեն կարող այդ առումով հիմնավորել, որոշեցին բարի համբավս արատավորել։

-Իսկ ինչո՞ւ հիմա գնացին այդ քայլին, վերջին շրջանում համալսարանի ներսում նոր խմորումներ, պրոցեսնե՞ր են ընթանում։

-Որովհետեւ այս վերջին շրջանում ես անընդհատ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ էի գրում, ինչպես նաեւ այլ մարմիններին եւս, որտեղ մեկնաբանում էի բուհում առկա իրավիճակը, կոպտագույն խախտումները, որ թույլ է տալիս մեր ժամանակավոր պաշտոնակատարը։

- Իսկ պաշտոնապես ձեր նամակներին պատասխան եղե՞լ է։

-Պատասխանել են, բայց ցրողական, անհետեւողական, ոչինչ չասող պատասխաններ։

-Մյուս անձը, ով ձեզ հետ էր՝ ո՞վ էր։

-Բուհի դասախոս է՝ Հակոբ Մադոյանը, ով նույնպես մեզ հետ միասին պայքարել է այս անարդարությունների դեմ եւ ոնց տարան մեզ, այդպես էլ բաց թողեցին․․․։