Ամոթ, աբուռ՝ վերացել են

Ամոթ, աբուռ՝ վերացել են

Այսքան խեղճ ու խոնարհ՝ դրսում եւ այսքան չար ու ագրեսիվ՝ ներսում։ Երեկ հերթական լուրերը տարածվեցին ռեպրեսիաների, ապօրինությունների, ժողովրդավարությունից խայտառակ նահանջի մասին։ Երկու ՀՀԿ-ական երիտասարդ հայտնվել են Մարիամ Փաշինյանի տեսադաշտում, հավատացնում են, որ ոչ մի անթույլատրելի արարք չեն կատարել, սակայն նրանց նկատմամբ հետապնդումներ են սկսվել։

Այսինքն, իշխանական ընտանիքն ու վերնախավն արդեն նախահարձակ են լինում։ Սրանք չկարողացան գիտակցել, որ իշխանություն ունենալը ցանկացած երկրում ինքնին քննադատության եւ անգամ հայհոյանքի ինչ-որ չափաբաժին է ենթադրում, առավել եւս՝ երկիրն այս վիճակին հասցնողների նկատմամբ, բայց սրանք անմնացորդ սեր, հարգանք, հնազանդություն են պահանջում հասարակությունից՝ դրանից պակասի հետ համաձայն չեն։

Երկրորդ դեպքն առավել վրդովվեցուցիչ է։ Իշխանությունը ոչ մի կերպ չի հաշտվում, որ որեւէ մակարդակում կարող է ընտրական իրավունքը գործել, եւ կարող է ընտրովի պաշտոնում հայտնվել իրենց համար անցանկալի անձ։ Ի՞նչ է իրենից ներկայացնում Բրյուսովի համալսարանը՝ ընդամենը մի կրթօջախ, որտեղ կարող է նաեւ ընդդիմության ներկայացուցիչը ռեկտոր աշխատել։ Այս պարագայում Կարինե Հարությունյանն ընդդիմադիր էլ չէ եւ հնազանդորեն կաշխատեր այս իշխանության ներքո, բայց իշխանական վերին կաբինետներում, վստահ եմ՝ հենց վարչապետի մակարդակով, որոշում է կայացվել, որ նա չպետք է ռեկտոր լինի։ Եվ ամենանենգ ու ապօրինի մեթոդներով փորձում են հասնել իրենց ուզածին։ Աշխատանքից ազատված փոխվարչապետին արգելել են ստորագրել ընտրությունների արձանագրությունը, քրեական գործ են հարուցել ընտրությունների օրը կատարված իբրեւ թե խուլիգանության հիմքով։ Ամոթ, աբուռ, օրենքի տարրական գիտակցում գոյություն չունեն։