Ես ոչ թե «Իմ քայլն» եմ, այլ «Իմ քայլի» պատգամավոր

Ես ոչ թե «Իմ քայլն» եմ, այլ «Իմ քայլի» պատգամավոր

Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Արթուր Դավթյանի հետ

- Պարոն Դավթյան, Դուք է՞լ եք համաձայն, որ պետք չէ արտահերթ ընտրություններ անցկացնել։

- Ես իմ մասին չեմ ուզում ինֆորմացիա տալ։

- Ես «Իմ քայլի» հայտարարության մասին եմ հարցնում՝ կո՞ղմ եք, թե՞ դեմ։

- Ես անձամբ իմ քվեարկության մասին չեմ ուզում ասել։

- Ձեր կարծիքը հիմնավորեք՝ ինչո՞ւ եք նման հայտարարություն տարածել։

- Կարծիքը հայտնել է խմբակցությունը։

- Համաձա՞յն եք, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։

- Դա արդեն իմ կարծիքն եք հարցնում, ես էլ չեմ ուզում կարծիք հայտնել։

- Ինչո՞ւ, բա էդ հայտարարությունն ո՞վ է տարածել։

- Ես արդեն պատասխանեցի։

- Ինչո՞ւ եք խուսափում կարծիք հայտնել, կարո՞ղ ենք ասել, որ համաձայն չեք այն մտքերի հետ, ինչի մասին հայտարարվել է։

- Ոչ, ես նման բան չասացի։ Խմբակցությունը կարծիք է հայտնել, դա մեր ամբողջական կարծիքն է։

- Շատ լավ, ամբողջական կարծիքն է, որ հանրային պահանջ չկա, հիմա խնդրեմ հիմնավորեք․ ո՞նց եք չափել՝ այդ պահանջը կա՞, թե՞ չկա։

- Ես չեմ ստուգել ոչ մի բան։

- Իսկ ո՞վ է ստուգել։

- Հարցրեք խմբակցությանը՝ Ձեզ կասեն։

- Բա ո՞նց եք հայտարարություն տարածել, նաեւ Ձեր անունից է այդ հայտարարությունը տարածվել։

- Ես հայտարարություն տարածե՞լ եմ։ «Իմ քայլը» տարածել է հայտարարություն։

- Դուք «Իմ քայլից» չե՞ք։

- Դուք չգիտե՞ք ես որտեղից եմ։

- Գիտեմ, բայց արդեն սկսեցի կասկածել։

- Դուք ի՞նչ խնդիր ունեք այդ հայտարարության հետ։

- Ասեմ․ ասում եք՝ հանրային պահանջ չկա, ես ուզում եմ իմանալ՝ ո՞նց պարզեցիք, որ նման պահանջ չկա։

- Ես էլ ասեցի, Դուք լսեցիք, չէ՞, ինչ ասացի։

- Հա, ասացիք, որ Դուք չեք ստուգել, հիմա ասեք՝ ո՞վ է ստուգել, ու ինչպե՞ս են պարզել․․․

- Ես նման բա՞ն եմ Ձեզ ասել։

- Այո, հարցրել եմ՝ ինչպե՞ս եք ստուգել հանրային պահանջը․․․

- Ո՞վ է ասում, որ կոնկրետ Դավթյան Արթուրը ստուգել է այդ պահանջը։

- Բա Դավթյան Արթուրն ինչո՞ւ է առանց ստուգելու նման հայտարարության միացել։

- Դուք սուտ եք խոսում։

- Այսինքն՝ Դուք «Իմ քայլի՞ց» չեք։

- Ապրես, «Իմ քայլն» է ստուգել, ոչ թե Դավթյան Արթուրը։

- Պարզ է, Դուք էլ վստահում եք իրենց, չեք կասկածում։

- Չէ, չեմ կասկածում։ Ինչ որ ստուգել եւ հայտարարում են, ես հիմքեր չունեմ կասկածելու։

- Իսկ չե՞ք հարցրել՝ ո՞նց ստուգեցին։

- Դա արդեն խմբակցությունից պարզեք։

- Դուք չե՞ք պարզել, որ ստորագրել եք դրա տակ։

- Դուք ստորագրությո՞ւն եք տեսել։

- Դե լավ, բառերի ետեւից մի ընկեք, հայտարարությունն արվել է «Իմ քայլի» անունից, Դուք էլ այդ խմբակցության պատգամավոր եք, հիմա, առանց պարզելու, Դուք թույլ եք տալիս, որ նաեւ Ձեր անունի՞ց հայտարարեն։

- Դուք գիտե՞ք ես ով եմ, ես ոչ թե «Իմ քայլն» եմ, այլ «Իմ քայլի» պատգամավոր, եթե չգիտեք, իմացեք։ Եվ, այո, խմբակցությունը ճիշտ է արել, որ տարածել է հայտարարություն, ունեցել է ամբողջական կարծիք եւ տարածել է։