Պատժվելու եք

Պատժվելու եք

Ոչ մի ՔՊ-ական` սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած Մեղրիում ապրող շարքային կուսակցականով, թող չուրախանա այն փաստից, որ այսօր փողոցները դատարկ են, եւ մարդիկ չեն կոտրում իրենց գլուխները` Արցախը հանձնելու եւ մեզ այսքան ցավ ու տառապանք պատճառելու համար: Իհարկե, այս անհայրենիքների թայֆային հաջողվեց կոտրել հայի ոգին, պայքարի կամքը, հուսահատություն, անզորություն, անտարբերություն սերմանել: Բայց դա չի նշանակում, թե մարդիկ իրենց կողքին են, իրենց հետ համամիտ են կամ իրենց հանդեպ համակրանք ունեն: Ճիշտ հակառակը` հայ մարդը, որքան էլ նրան ներշնչեն, թե մեղավորները նախկին նախագահներն են, Ռուսաստանն ու Սորոսը, թուրքն ու չինացին, շատ լավ հասկանում է, որ գլխավոր պատասխանատվությունը եւ այս ամենի մեղքը գործող իշխանությունների վրա է:

Մնացածը հեքիաթներ են հիմարների եւ սրիկաների համար, որոնց համար կա՛մ միեւնույն է, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, կա՛մ` փողի ու շահի մոլուցքը կուրացրել է մինչեւ վերջ: Այս իշխանության ունեցած ռեսուրսն այն 9,5 տոկոս ձայնն է, որ նրանք ստացան սեպտեմբերի 17-ին` Երեւանի ընտրություններում: Մի քանի տոկոս էլ կարող եք հավելել` մարզերի միամիտ ժողովրդի հաշվին: Իսկ հասարակության 80 եւ ավելի տոկոսը մերժում է, ատում է, երազում է սրանց հեռանալը, պարզապես այդ հեռացնելու ձեւը չգիտի կամ դեռ չի գտել: Հայրենիք հանձնելն ու հայրենիք վտանգելն անմեղ բաներ չեն եւ անգամ համեմատության եզր չունեն այն բոլոր մեղադրանքների հետ, որ ժամանակին մենք հնչեցնում էինք նախկին իշխանությունների հասցեին: Մանավանդ այդ նախկին մեղադրանքներն էլ են այսօր արդիական, նաեւ բնորոշ բոլոր իշխանություններին` անխտիր: Ուղղակի երբ երկիր ենք կորցնում, սրա-նրա թալանի ու գողության ետեւից ընկնելու ժամանակը չէ: