Ադրբեջանը բարոյական եւ ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային

Ադրբեջանը բարոյական եւ ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային

Թեեւ պաշտոնական Բաքուն իրեն ներկայացնում է որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, եւ Ռուսաստանն էլ, ըստ էության, նման ընկալում ունի Բաքվի հանդեպ, սակայն կարելի է բազմաթիվ դրվագներ ներկայացնել, որոնք այնքան էլ չեն համապատասխանում ռազմավարական դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ ձեւավորված ընդունված պատկերացումներին։ Այստեղ չենք խոսի այն մասին, որ ադրբեջանական հասարակությունն ունի բավականին ընդգծված հակառուսական կեցվածք, որը տարբեր ձեւերով սնուցվում է ադրբեջանական իշխանական էլիտաների կողմից, ինչպես, ասենք, Ադրբեջանի խորհրդայնացման մասին իրենց մամուլում արված հրապարակումներում ներկայացնում են, որ Ադրբեջանը զավթվել է բոլշեւիկների կողմից։
Կխոսենք ավելի գլոբալ մի դրվագի մասին, որը հատկապես ուշագրավ է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։ Եվ այսպես․ ապրիլի 17-ին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների պատվիրակություն է այցելել Ուկրաինա՝ Կիեւ։ Պատվիրակության կազմում են եղել Ռուֆաթ Գուլիեւը, Քյամրան Բայրամովը, Սաբիր Հաջիեւը եւ Ռազի Նուրուլաեւը։ Այցը տեղի է ունեցել այն շրջանում, երբ Կիեւն ակտիվորեն պատրաստվում է «մեծ հակագրոհին»։

Գեոպոլիտիկ գործընթացների տեսակետից, այս այցը կարելի է դիտարկել որպես կարեւոր եւ մեծ բարոյական աջակցություն, որը Բաքուն ցուցաբերում է Կիեւին։ Ապրիլի 18-ին ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Բուչա եւ Իրպեն ու ծանոթացել այն ավերածություններին, որոնք ռուսական զորքերն իրականացրել են Կիեւի մարզի վրա հարձակում իրականացնելու ժամանակ՝ անցյալ տարվա մարտին։ Ադրբեջանցի պատգամավորները նաեւ դիտել են իրականացվող վերականգնողական աշխատանքները։ Դա՝ ըստ ադրբեջանական մեդիայի հրապարակումների։

Ադրբեջանցի պատգամավորները հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահ Ալեքսանդր Կորնիենկոյի հետ, ով հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն իսկ մասնակցում է Ուկրաինայի վերականգնմանը եւ վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանն ու ինքնիշխանությանը։ Կորնիենկոյի խոսքերը եթե վերծանենք, ապա կստացվի, որ Ադրբեջանի օգնության շնորհիվ Կիեւը վերականգնում է ներառյալ նաեւ իր ռազմական նշանակության ենթակառուցվածքները, որոնք շարքից դուրս էին բերվել ռուսական զինուժի կողմից։ Կորնիենկոն հայտարարել է նաեւ, որ հույս ունի՝ Ադրբեջանի աջակցությունը Կիեւին կշարունակվի։
Ադրբեջանը քողարկված ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային։ Այսպես, 2022 թվականին Ադրբեջանն Ուկրաինայի զինուժին տրամադրել է QFAB-250 LG լազերաթիրախավորման համակարգ ունեցող բեկորաֆուգասային ավիառումբեր։ Բացի այդ, մարդասիրական օգնության անվան ներքո Ադրբեջանն Ուկրաինային է տրամադրել էլեկտրասարքավորումներ։ 45 ուժային տրանսֆորմատորներ եւ 50 գեներատորներ, որոնք տրամադրվել են Ադրբեջանի կողմից, օգտագործվելու են ռազմական նպատակներով։ Բացի այդ, Բաքուն անցյալ տարի Կիեւին փոխանցել է МиГ-29 կործանիչներ։

Այս ամենը, իհարկե, հայտնի է նաեւ Մոսկվայում, սակայն զարմանալիորեն որեւէ արձագանք չկա, գոնե հանրային տեսանելի մակարդակում։ Ստացվում է՝ Ադրբեջանին ամեն ինչ ներելի է, նա անփոխարինելի ռազմավարական գործընկեր է, որի դավաճանության վրա կարելի է նաեւ աչք փակել։