Ո՞վ է հաջորդ տնօրենը

Ո՞վ է հաջորդ տնօրենը
Ուսումնական տարվա սկիզբը Կոտայքի մարզի որոշ դպրոցների տնօրենների համար սկսվեց տհաճ անակնկալներով: Դեռ ուսումնական տարին չսկսած` Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը ազատվեց աշխատանքից: Սեպտեմբերի 3-ին Կոտայքի մարզպետի կողմից գրություն է ուղարկվել Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանին: Ըստ ներկայացված բացատրության՝ դպրոցի աշակերտները պարտադրաբար կրում են միանման համազգեստ, ինչն անթույլատրելի է՝ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի 22.06.2018 թվականի N03/07.2/7671-18 շրջաբերականի, որի համար Նաիրա Բաբայանի նկատմամբ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ է կիրառվում:



Հաջորդ օրը դպրոցում աշակերտները բողոքի ակցիա են իրականացնում, եւ մեզ հասած լուրերի՝ պատրաստվում էին անգամ մարզպետարան հասնել եւ մարզպետարանի դիմաց մեծ բողոքի ակցիա իրականացնել: Բացի այդ ծնողները եւ ուսուցիչները բաց նամակով դիմել են մարզպետին, որպեսզի չեղարկի կիրառած կարգապահական տույժը: Համազգե՞ստն է եղել կարգապահական տույժի պատճառը, թե՞ այլ պատճառներ կային․ հարց ուղղեցինք դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանին. «Համազգեստն է եղել պատճառը, ինձ էդպես ասացին, որ կան բողոքներ, թե պարտադրում ենք համազգեստը կրել: 15 տարի ես այս դպրոցի տնօրեն եմ, 15 տարի շարունակ մենք համազգեստ ենք կրում: Շրջաբերականի պահանջը չկարատելն էր, բայց մենք դեռ մայիս ամսին ենք ծնողական ժողով արել, եւ ծնողները իրենք են որոշել համազգեստ գնեն: Չկար դպրոցական համազգեստին դեմ գոնե մեկ ծնող: Համազգեստ արժե 25 հազար դրամ՝ 4 կտոր է, որը ամբողջ տարին կրում է աշակերտը: Ծնողի համար ամենաշահավետ տարբերակն է, բացի այդ, որ ասում են սոցիալական անհավասարություն, մեր դպրոցում երեխաները իրենց ճնշված չեն զգում, բոլորը նույն համազգեստն են հագնում: Այսօր էլ չկա մի երեխա, որ առանց համազգեստի դպրոց գա, բոլոր մեկ մարդու նման համազգեստով են դպրոց գալիս»:



**-Տիկի´ն Բաբայան, աշակերտները բողոքի ակցիա են արել, անգամ փորձել են մարզպետարան գալ, ինչպե՞ս եք կանխել դա, համաձայնությա՞ն եք եկել:**



-Ես աշխատում էի, ինձ ասացին, որ երեխաները չեն մտնում դպրոց, ասում եմ՝ մենք մեր ձայն ենք բարձրացում, մենք ուզում ենք համազգեստ հագնել, միայն մեր ծնողները չեն, որ կարող որոշել, թե ինչ հագնենք: Ուզեցել եմ մարզպետարան գնալ, բայց ես խնդրել եմ, որ նման քայլի չդիմեն՝ մարզպետին նամակով կոլեկտիվը եւ ծնողներն են դիմել:



**-Սովարաբար երբ նոր մարզպետ է նշանակվում, սկսում է ծանոթ-բարեկամ աշխատանքի տեղավորել, հնարավո՞ր է, որ այս աշխատելաոճով է աշխատում մարզպետը:**



-Ես ոչինչ ասել չեմ կարող, ես չեմ կարող ասել՝ ինչ է մտածում պարոն մարզպետը, կամ կա նման վերաբերմունք դպրոցի նկատմամբ: Ես հիմա աշխատում եմ ավելի մեծ նվիրումով: Ես նոր իշխանությունների գործելաոճի սկզբունքների մեջ ամենաշատը կարեւորում եմ այն, որ դպրոցների քաղաքականությունից հեռու լինեն:



**-Կարծում եք մարզպետը խոստումը կպահի՞:**



-Դա իրենց հարցրեք, այդ մոտեցումը ես ողջունում եմ, իրեն որոշումը եւ հույսով եմ, որ կպահվի՝ դա մեր կանոնադրության պահանջն է:



Հաջորդ տնօրենը, ով մարզպետի կողմից ստանում է խիստ նկատողություն, Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյան է: Տնօրենը մեր հեռախոսզանգերին չի պատասխանում: Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապշած է, որ նման տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել:



**Նելլի Կարապետյան**