Մի գրառման առթիվ

Մի գրառման առթիվ
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարը Ֆեյսբուքում գրառում է կատարել «Հրապարակ» օրաթերթում իմ կողմից արված պարզաբանման վերաբերյալ եւ ասել, որ «ցուցաբերելով մեծահոգություն, ԱԺ նախագահը փակում է թեման՝ ինչպես որ տարիներ շարունակ նույն կերպ է վարվել իմ արկածախնդրությունների դեպքում»: Զարմանալի է, որ «արկածախնդիր» մարդը տասնհինգ տարի գլխավորել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ զուգահեռաբար օժանդակել ԱԺ նախաագահին՝ կազմակերպել նրա հարցազրույցները, խմբագրել եւ տեսքի բերել նրա անխտիր բոլոր պաշտոնական ելույթները:



Ինչ վերաբերում է խնդրո առարկային, ապա մեկ անգամ եւս հայտարարում եմ. կա հեռախոսազրույցի ձայնագրություն, որտեղ քաղաքացին պատմում է, որ ԱԺ նախագահն իրեն խոստացել է օգնել՝ ավարտին հասցնելու տան շինարարությունը, եթե քվեարկի ԱԺԿ թեկնածուի օգտին: Այդ քաղաքացին հաջորդ օրը եղել է ԱԺ նստավայրում եւ հանդիպել ԱԺ նախագահին: Այս անառարկելի իրողության նկատառմամբ է, որ ԱԺ նախագահը «մեծահոգություն է ցուցաբերում», որովհետեւ համոզված է, որ ձայնագրությունը կա, կհրապարակվի դատարանում, եւ բոլորը կհամոզվեն, որ ինքը ընտրակեղծարար է եւ այլեւս բարոյական իրավունք չունի զբաղեցնելու ԱԺ նախագահի բարձր պաշտոնը:



**Հ. Գ1**. Առայժմ ձեռնպահ եմ մնում ԱԺ նախագահի անունից տարիներ շարունակ մամուլում տպագրված հարցազրույցների աշխատանքային բնօրինակները հրապարակելուց, բայց ի գիտություն հայտնում եմ, որ դրանք պահպանվում են իմ համակարգչի մեջ եւ ցանկացած պահի կարող են ապացուցել, թե իրականում ով է արկածախնդիր, ավելի ճիշտ՝ բախտախնդիր:



**Հ.Գ2**. Մի շարք լրատվամիջոցներից մերժում ստանալով իրենց ,,հերքումը,, տպագրելու հարցում, ԱԺ նախագահն ու իր մամուլի քարտուղարը ստիպված են սահմանափակվել ֆեյսբուքայն իրենց տարածքներում եւ փաստացի առաջարկում են միջադեպը համարել հարթված: Դա խոսում է նրանց «քաջության» եւ սեփական «արժանապատվությունը պաշտպանելու կարողության» մասին: