Իրավապահների թիրախում երկաթգիծն է

Իրավապահների թիրախում երկաթգիծն է
Մեր տեղեկություններով՝ իշխանությունների ձեռքերը հասել են Հարավկովկասյան երկաթուղուն: Հավանաբար, ականջալուր լինելով մամուլի հրապարակումներին, երկաթգծի աշխատակիցների բաց նամակներին՝ իրավապահները սկսել են լրջորեն զբաղվել ՀԿԵ-ով: Մեր աղբյուրները հայտնում են, որ մի քանի օր առաջ ՊԵԿ քննչական վարչությունը մտել է երկաթգիծ, հաշվապահությունից թղթեր պահանջել, անգամ՝ քրեական գործ հարուցել: Սա, իհարկե, առաջին դեպքը չէ երկաթուղու հետ կապված, սակայն տարիներ ի վեր պատկան մարմինների նման գործողություններն անարդյունավետ են եղել, որեւէ մեկը չի պատժվել, ոչինչ էլ չեն բացահայտել: ՊԵԿ-ից մեզ փոխանցեցին, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել՝ հավանաբար, չցանկանալով ընթացքին միջամտել: Բայց սա միակ գործը չէ՝ կապված երկաթգծի հետ: Մեր տեղեկություններով՝ զինվորական քննչական վարչությունում եւս քրեական գործ է հարուցվել շպալների առքուվաճառքի հետ կապված, առայժմ մեղադրյալ չկա:



ՔԿ-ից մեր հարցին ի պատասխան պարզաբանեցին հետեւյալը. «2017թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ստացվել է Երեւան-Բաքու երկաթգծի շուրջ 40 կմ երկարությամբ հատվածն ապամոնտաժելու եւ յուրացնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը։ Քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչի կողմից։ Դատախազության կողմից քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել civilnet.am տեղեկատվական հարթակում հրապարակված հոդվածն առ այն, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջեւ կնքված կոմերցիոն պայմանագրի հիման վրա 01.06.2008թ. հանձնման-ընդունման ակտերի համաձայն` Երեւան-Բաքու երկաթգծի Մեղրի-Կապան հատվածը` շուրջ 40 կմ երկարությամբ, հանձնվել է ընկերությանը 126.590.817 դրամ մնացորդային արժեքով, սակայն 2003-2010թթ. ընթացքում երկաթգծի նշված հատվածն ամբողջությամբ ապամոնտաժվել եւ հափշտակվել է:



Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց թվում հարցումներ են ուղարկվել տարբեր գերատեսչական մարմիններ (ՀՀ ՊԵԿ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերություն, ՀՀ պաշտպանության նախարարություն), հարցաքննվել են մի շարք անձինք՝ դեպքի բոլոր հանգամանքները, ապամոնտաժմանն առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՔԿ ԶՔԳՎ վարույթում: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կկայացվի համապատասխան դատավարական որոշում, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:



**Ինգա ՄԱՐՏԻՆՅԱՆ**